Thursday, May 3, 2012

Լայբնից. Երկխոսություն մարդու ազատության եւ չարի բնության մասին



   Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը (1646-1716թթ.) գերմանացի նշանավոր փիլիսոփա եւ մաթեմատիկոս է: Լայբնիցը ակտիվ գրագրության եւ գաղափարական փոխանակման մեջ է եղել ժամանակի նշանավոր փիլիսոփաների եւ մաթեմատիկոսների` Բոյլի, Նյուտոնի, Բարրոուի, Սպինոզայի, Մալբրանշի եւ Առնոյի հետ:
   Լայբնիցի պահպանված փիլիսոփայական երկերից այս երկխոսությունը տեղի է ունեցել 1695թ.-ի հունվարի 25-ին` Լայբնիցի եւ Բրանդենբուրգի վարչական եւ պատերազմական հարցերով խորհրդական բարոն Դոբրզենսկու միջեւ: Հաջորդ օրվա թվակիր նամակում Լայբնիցի խոսքերից վստահանում ենք, որ արձանագրվածը բառացիորեն իրականում տեղի ունեցած երկխոսությունն է:
   Եվ այսպես, երկխոսությունը ծագում է մի մտքից, որը մշտապես անհանգստացնում էր բարոն Դոբրզենսկուն, այն է` արդյո՞ք մարդկանց մեղանչումը տեղի է ունենում անհրաժեշտաբար եւ անխուսափելի կերպով:
   Լայբնիցի զրուցակիցը պատմում է, որ մի օր իր տարակույսները այս հարցի առնչությամբ հայտնել է Մյունխենի վանականներից հայր Սպերանդիոյին, ով սպառիչ եւ սիրալիր պատասխանել է նրա հարցերին` խորհուրդ տալով մտքի խաղաղության համար այլեւս չհուզել դրանք: Սակայն փաստորեն բարոնին չի հաջողվել հետեւել այս խորհրդին:
   Լայբնիցին առաջադրված հարցը հետեւյալն է` եթե Տերը գիտե ամեն բան եւ ապագան ու անցյալը հավասարապես ներկա են Նրա համար, հետեւաբար մեր ամեն հանցանքը կանխապես հայտնի է Նրան, ուստի կարելի՞ է կարծել, որ մեր մեղանչումը անհրաժեշտաբար պետք է տեղի ունենար եւ մենք չէինք կարող խուսափել այն գործելուց` արդյունքում կարելի է եզրակացնել, որ մենք ազատ չենք:
   Առաջին հերթին, Լայբնիցը ցանկանում է շեշտել, որ միայն Աստված է կատարելապես ազատ, քանի որ Նա է միայն անկախ: Իսկ մեր ազատությունը սահմանափակված է բազում պարագաներում, օրինակ մեզ տրված մարմինը թույլ չի տալիս մեզ ճախրել արծվի պես կամ լողալ դելֆինի նմանողությամբ: Նույնպիսի կարծիք կարելի է հայտնել մեր մտքի առնչությամբ: Թեեւ մենք զուրկ ենք մտքի կատարյալ ազատությունից, սակայն Աստծո կողմից տրված դատողության եւ տրամաբանության որակները որոշակի սահմաններում ազատություն են պարգեւում մեր մտածողությանը: Սակայն, այնուամենայնիվ մենք գուշակելով հանդերձ իրողությունները չենք կարողանում պատասխանել այն հարցերին, թե որտեղից են առաջացել դրանք եւ ինչու: Ինչ վերաբերում է Աստվածային կանխատեսմանը, ապա մեր մեղքերը կանխատեսելի են Նրա համար, բայց անհրաժեշտաբար ենթակա չեն իրականացման: Երեք անգամ երեքը անխուսափելիորեն հավասար է իննի եւ սա հավասարապես ճշմարիտ է Աստծո եւ մարդկանց համար, բայց մարդու կողմից մեղքը կարող է կանխվել, անգամ եթե Աստված կանխատեսում է այդ մեղանչումը: Սրա պարզ ապացույցն է Հովնանի մարգարեությունը, որտեղ Աստված հստակ կանխատեսում է Նինվեի կործանումը մեղքերի պատճառով, բայց միաժամանակ ուղարկում է Հովնանին քարոզչության, ով կարողանում է քաղաքի բնակիչներին ապաշխարություն ներշնչել եւ փրկել քաղաքն անխուսափելի կործանումից: Այսինքն չի կարելի ասել, որ եթե մի բան պետք է կատարվի, ապա անհրաժեշտաբար պետք է կատարվի այդ կերպ: Նման մտածողությունը կհանգեցնի անտիկ փիլիսոփայության մեջ հանդիպող "անգործության սիլոգիզմին", այսինքն` եթե ամեն բան կանխորոշված է` անիմաստ է որեւէ բան ձեռնարկելը: Եթե ողջ մարդկությունը հետեւեր այս խորհրդին, ապա աշխարհը կմատնվեր անգործության, ուրեմն ինչ` մեր ծուլությունը կանխատեսելի՞ էր:


  Հաջորդ խնդիրը չարի բնությունն է, թե որտեղի՞ց է այն ծագել, եթե կատարյալ եւ ամենաբարի Աստված չի ստեղծել այն: Մեր առջեւ հայտնվում է երկու սկզբնապատճառներ ընդունելու մանիքեականության վտանգը: Եվ իսկապես, Լայբնիցը երկրորդ պատճառ է նշում, որ է ԱՆԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ: Բայց որտեղի՞ց է առնված այս գաղափարը եւ արդյոք հերձված չէ քրիստոնեական վարդապետությունից: Նորպլատոնականների եւ Օգոստինոս Երանելու երկերում հստակ ցուցադրվում է, որ չարը անգո է եւ իրականում բարու բացակայությունն է կամ հերքումը, հետեւաբար այն առաջացել է անգոյությունից: Ուրեմն ինչպե՞ս սկզբնապես գոյություն չունեցող չարիքը տեղ գտավ բարի ստեղծված արարածների մեջ: Լայբնիցը պատասխանում է, որ բոլոր արարածների` մարդկանց եւ հրեշտակների մոտ անկատարություն էր նկատվում, որը պայմանավորված էր նրանց սահմանափակությամբ (ի տարբերություն անսահման եւ կատարյալ Աստծո): Այդ սահմանափակությունը ինքնին ենթադրում էր սահմանափակում, որ էր կենաց ծառը, սակայն մարդը խախտելով իր բնության համար անհրաժեշտ այս սահմանափակումը` սկզբնապես անգո չարիքը վերածեց իրական չարիքի: Աստված ստեղծեց այնպիսի արարածներ, որոնք չէին կարող Իր պես կատարյալ լինել, բայց, մաթեմատիկական լեզվով ասած, անսահմանորեն ձգտում էին կատարելության, ինչպես որ հանճարեղ երաժիշտը հիասքանչ երաժշտություն է արարում, որը իր բազմաթիվ թերություններով հանդերձ, իր մեջ պարունակում է կատարելության դրոշմն ու ձգտումը:
  Վերջապես Լայբնիցը բերում է Աստծո` չարի առաջացման պատճառ չլինելու մաթեմատիկական ապացույցը: Ողջ աստվածային արարչությունը տեղի է ունեցել հստակ եւ կատարյալ օրենքներով: Բոլոր արարածների բնությունը ընկալվում է այնպիսին, ինչպիսին նախապես եղել է Աստծո մտապատկերում, երբ մենք ասում ենք, որ երեք անգամ երեքը հավասար է իննի, հենց դրա ետեւում նշմարվում է աստվածային օրենքների կարգավորությունը, խնդրի հակառակ լուծումը մեզ համար նույնպես իռացիոնալ է, որովհետեւ մեր մտքում առկա է աստվածային այս սկզբունքը: Գոյություն չի կարող ունենալ ABCD մի քառանկյուն, որը չունենար անկյունագիծ կամ էլ երեք մետաղադրամները չէինք կարողանա կիսել երկու հավասար մասերի առանց խախտելու դրամներից մեկի ամբողջականությունը: Եվ քանի որ աշխարհաստեղծման ողջ համակարգը խարսխված է այս անբեկանելի սկզբունքների վրա, ապա Աստված իր կատարյալ բնության թելադրանքով չէր կարող արարել աբսուրդային կամ հակասական մի բան, որ չկար Իր մտապատկերում, հետեւաբար` Աստված չարի ստեղծման պատճառը չէ: Չարը մեր կամքի ոչ ճիշտ կիրառությամբ պայմանավորված անոմալիա է, սակայն Աստված իր անսահման իմաստությամբ գիտե նաեւ այս իռացիոնալ շեղումը շտկելու կերպը եւ տալիս է մեղքից խուսափելու բոլոր գործիքները:
   Լայբնիցի դատողությունները պարզ են եւ ընկալելի: Կարող ենք եզրակացնել, որ մենք` մարդիկս բավական մտքի եւ գործելու ազատություն ունենք դեմ կանգնելու չարիքին եւ մեղքին, որը բնավ պարտադիր եւ անխուսափելի չէ մեզ համար, մեր անկումը շտկելը Աստծո օգնությամբ միանշանակ հնարավոր է:

Ուրեմն, մարդի'կ արմատախիլ արեք չարիքը ձեր միջից...

Auferte malum ex vobis.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.