Sunday, March 3, 2013

Քրիստոնեությունն իբրև փոքրամասնության կրոն


   Քրիստոնեությունը լինելով համաշխարհային կրոն, վիճակագրական տվյալներով իրականում գտնվում է փոքրամասնության մեջ և՛ գլոբալ ներկայացման մեջ, և՛ առանձին երկրների կտրվածքով: Սա թուլություն չէ, այլ բխում է հենց քրիստոնեության բնույթից: Ճշմարիտ քրիստոնեությունը կամ Եկեղեցին միշտ էլ փոքրամասնության մեջ են եղել և՛ առաքելական շրջանում, և՛ միջնադարում քրիստոնեության հաղթարշավի ժամանակ, և՛ մեր օրերում: Ավետարանում տեսնում ենք, որ քրիստոնեական Եկեղեցին ներկայացված է իբրև մարդկային հասարակության մեջ գտնվող մի փոքրիկ կղզյակ: Անգամ Իսրայելում Հիսուս Քրիստոսի քարոզչության շրջանում չնչին մասը ընդունեց նոր խոսքը: Առաքյալները և հետագա հարյուրամյակների քարոզիչները ջանք չխնայեցին աշխարհի ամենահեռավոր անկյուններում քրիստոնեությունը տարածելու համար, սակայն ինչպես Ավետարանում է ասված. "Սակավ են ընտրյալները" (Մատթ. 22:14): Ես մեջբերում եմ այս խոսքերը ոչ թե այն գոռոզամտությամբ, թե քրիստոնյաներն ընտրյալ վերնախավ են կազմում և բնավ չեմ արհամարհում մյուս կրոնների և հավատալիքների հետևորդներին, պարզապես ցանկացա ցույց տալ, որ քրիստոնեության հիմնման օրից ի վեր ավետարանիչների կողմից հստակ գիտակցված էր այն իրողությունը, որ այդ հավատի կրողը լինելու է մարդկության փոքրամասնությունը:
   Եթե մի հասարակություն հայտարարում է, թե ինքն ամբողջովին կամ մեծամասնաբար քրիստոնեացված է, ապա ես լուրջ հիմքեր եմ տեսնում կասկածելու այդ քրիստոնեությանը բովանադակային առումով: Բերեմ մի շարք վիճակագրական տվյալներ, կարող եք ստուգել ինձ, եթե ցանկանաք:
   Նախ, աշխարհում քրիստոնեության բաժնեմասը, եթե ներառենք մեր հաշվումներում բոլոր ավանդական Եկեղեցիները և այլ քրիստոնեական հարանվանությունները՝ կազմում է 30 տոկոս: Կաթոլիկության օրրան հանդիսացող Իտալիայում կատարված հարցումների համաձայն իրեն քրիստոնյա է համարում բնակչության 87 տոկոսը, բայց ակտիվ և գիտակցված հավատ ունեցող անդամներ են համարվում ընդամենը 37 տոկոսը: Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքում հետևորդների թվով ամենամեծ և զորեղ քրիստոնեական արմատներ ունեցող Ռուս Եկեղեցին նույնպես փոքրամասնության մեջ է գտնվում. Ռուսաստանի բնակչության 75 տոկոսն իրեն քրիստոնյա է համարում, մկրտված է 35 տոկոսը, իսկ ուղղափառ աղբյուրները լիարժեք հետևորդ են համարում պետության բնակչության ընդամենը 18 տոկոսին:


   Այս ֆոնի վրա ծիծաղելի են հնչում Հայաստանի վիճակագրական տվյալները. 98 տոկոս: Դիտելով մեր իրականությունը անկարելի է հավատալ այս ցուցանիշին, մանավանդ, որ հեղինակավոր Gallup հարցման համաշխարհային կենտրոնի տվյալներով Հայաստանի բնակչության 29 տոկոսը կրոնի գոյության անհրաժեշտություն առհասարակ չի տեսնում:
   Ես ցավով եմ ընդունում այն իրողությունը, որ Հայաստանի կրոնական քարտեզում փոքր տեղ է զբաղեցնում Հայ Առաքելական Եկեղեցին: Հավանաբար բնակչության զգալի մասը մկրտված է մեր Եկեղեցում (թող չնեղանան նրանք, ովքեր Հայ Եկեղեցին իրենցը չեն համարում) և չնայած եկեղեցական տոների օրերին եկեղեցիներ բնակչության մեծ ներհոսքին, ես հակված եմ կարծելու, որ Հայ Առաքելական Եկեղեցու քիչ թե շատ համոզված հետևորդ կարելի է համարել Հայաստանի բնակչության լավագույն դեպքում 10 տոկոսին (կրկին վիճելի թիվ է): Ճշգրիտ թիվ նշելու համար պետք է հստակեցնել անձին քրիստոնյա համարելու չափանիշերը: Եվ ո՞վքեր են վերջիվերջո քրիստոնյաները: Ներեցեք, բայց նրանք, ովքեր իրենց պարզապես համարում են այդպիսին, նույնիսկ եթե մկրտված են Եկեղեցում, բայց գաղափար չունեն հավատի այբուբենից, չեն ընթերցել Աստվածաշունչը և Եկեղեցի հաճախելու մեջ միայն մոմ վառելու կամ ծեսեր կատարելու իմաստ են գտնում՝ չեն կարող համարվել քրիստոնյա (որքան էլ որ խիստ են հնչում այս խոսքերը, բայց սա է ճշմարտությունը):
   Բերեմ Սյունիքի մարզի օրինակը, որի բնակչության հետ տեղում շփում ունեցել եմ: Համաձայն Հայ Եկեղեցու ավանդության առաջինը քրիստոնեություն ընդունած Հայաստանի նահանգի բնակչությունը հիմա գաղափար չունի քրիստոնեությունից, թերևս լուսավոր կետը մնացել է Տաթևի վանքը իր շրջակա բնակավայրերով, մասամբ մարդկանց Եկեղեցու հետ կապվածության իներցիայի, մասամբ էլ վանահոր ակտիվ գործունեության շնորհիվ:
   Հավանաբար կասեք, որ մեր ազգը 70-ամյա աթեիզմից դեռ ուշքի չի եկել կամ Եկեղեցին թերի է կատարում իր քարոզչական գործառույթները, և իրավացի կլինեք: Ես մի լուծում եմ տեսնում՝ և՛ Եկեղեցին, և՛ հասարակությունը պետք է խիզախություն ունենան ընդունելու ներկա իրական պատկերը և քայլեր ձեռնարկեն շտկելու իրավիճակը: Ես կասեի, որ "քրիստոնյա" կոչվող Հայաստանում նորից կարիք կա տարածելու քրիստոնեությունը, որովհետև ներկա վիճակը շատ հեռու չէ հեթանոսությունից: Եվ եթե անգամ համառ ջանքերի արդյունքում կրկին Եկեղեցին հայտնվի փոքրամասնության մեջ (և հավատացեք՝ այդպես էլ կլինի), մենք կկարողանանք մաքուր խղճով ասել, որ արեցինք մեր ուժերի սահմաններում եղածը (ինչը հիմա չենք կարող ասել):
   Ուրեմն եկե՛ք նորից շինենք իմ և ձեր Եկեղեցին...

P.S. Եվ այս շիտակ խոսքերից թող չուրախանան նրանք, ում շահեկան է Եկեղեցու տկար վիճակը: Տիրոջ Եկեղեցին ամուր վեմի է հաստատված և վերստին ուժ կգտնի նորոգվելու...

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.