Հանդիպեք աղջկա հետ, որը կարդում է... Ժամադրվեք այնպիսի աղջկա
հետ, որը հագուստի փոխարեն իր գումարը ծախսում է գրքերի վրա, որը պահարանում ազատ տարածության
խնդիր ունի շատ գրքեր ունենալու պատճառով: Հանդիպեք աղջկա հետ, որը տակավին ընթերցելիք
գրքերի ցանկ ունի և ընթերցողական տոմս է ձեռք բերել տասներկու տարեկանից...
Գտե՛ք այնպիսի մի աղջկա, որը կարդում է: Դուք կհասկանաք դա, որովհետև
նա իր պայուսակում դեռևս չավարտած գիրք ունի: Նա մեկն է, ով սիրով նայում է գրախանութի
դարակներին դարսված գրքերին, ով զսպված ճիչ է արձակում, երբ գտնում է իր փնտրած գիրքը:
Տեսնո՞ւմ եք այն խորհրդավոր թռչնակին, որը շնչում է հին գրքերի բույրը օգտագործված
գրքերի խանութում. նա՛ է ընթերցողը: Նրանք չեն կարողանում ընդդիմանալ էջերի բույրին,
հատկապես երբ դրանք մաշված ու դեղին են:
Ահա՛, այն աղջիկն է, որը կարդում է սպասման պահերին մայթեզրին
գտնվող սրճարանում: Եթե հայացք նետեք նրա բաժակին, կտեսնեք, որ սերուցքն այդպես էլ
մնացել է պռունկին, որովհետև նա ամբողջովին կլանված ընթերցանությամբ թևածում է հեղինակի
ստեղծած աշխարհում: Նստե՛ք նրա կողքին: Գուցե նա ձեզ շանթի հայացքով, ինչպես այն աղջիկների
մեծամասնությունը, որոնք չեն սիրում, երբ ընդհատում են իրենց ընթերցանությունը: Հարցրեք
նրան՝ հավանո՞ւմ է արդյոք գիրքը:
Եվս մեկ բաժակ սուրճ հյուրասիրեք նրան:
Պատմեք նրան, թե իրականում ի՞նչ եք մտածում Հարուկի Մուրակամիի
երկերի մասին: Հասկացեք, արդյոք ավարտե՞լ է նա առաջին գլխի ընթերցանությունը, կամ ասում
է թե հասկացել է Ջեյմս Ջոյսի "Ուլիսը" պարզապես կիրթ երևալո՞ւ համար:
Հարցրե՛ք, նրան դուր գալի՞ս է Ալիսայի կերպարը, թե կցանկանար հայտնվել նրա տեղում:
Հեշտ է հանդիպելը կարդացող աղջկա հետ: Գրքեր նվիրեք նրան ծննդյան
օրը, Սուրբ Ծննդին և ծանոթության տարեդարձներին: Պարգևեք նրան բառեր պոեզիայի և երգերի
տեսքով: Նվիրեք նրան Պաբլո Ներուդայի, Էզրա Փաունդի, Էննի Սեքստոնի, Էդվարդ Կամինգսի
երկերը: Ցույց տվեք նրան, որ հասկանում եք, որ սերը բովանդակված է բառերի մեջ: Պարզե՛ք,
զանազանո՞ւմ է նա արդյոք գրքերն ու իրականությունը, և ձգտո՞ւմ է ողջ ուժով իր կյանքը
գոնե չնչին չափով նմանեցնել իր սիրած գրքին: Եթե այո, ապա դուք չեք սխալվի ձեր ընտրության
մեջ:
Նա ձեզ անկասկած մտերմանալու հնարավորություն կտա:
Կարող եք անգամ ստել նրան: Եթե նա կարողանում է վերլուծել ձեր խոսքերը,
ապա կհասկանա, թե ինչն է ստիպում ձեզ ստել, որովհետև բառերի ետևում թաքնված բաներ ևս
կան. շարժառիթ, արժեքներ, տարբեր նրբություններ, երկխոսություն: Այնպես որ աշխարհը
չի կործանվի:
Սխալվեք նրա մոտ, որովհետև ընթերցող աղջիկը գիտե, որ սխալը հարաբերությունների
ավարտ է նշանակում, բայց գիտենալով հանդերձ, որ ամեն բան ունենում է իր վախճանը, թող
վստահ լինի, որ դուք կարող եք պատմության համար նոր շարունակություն գրել, որ կարող
եք սկսել նորից ու նորից և շարունակել մնալ գրքի հերոսը, նույնիսկ եթե կյանքում մեկ-երկու
բացասական կերպար հանդիպեն:
Ինչո՞ւ երկյուղել այն ամենից, ինչ իրականում չեք: Ընթերցող աղջիկը
հասկանում է, որ մարդիկ, ինչպես և բնավորությունները, կարող են փոխվել: Իհարկե ոչ
"Մթնշաղ" ("Twilight") գրքերի շարքում:
Երբ դուք գտնեք ընթերցող աղջկա, բաց մի՛ թողեք նրան: Երբ գտնեք
նրան գիշերվա ժամը երկուսին գիրքը կրծքին սեղմած արտասվելիս՝ մեկ բաժակ թեյ պատրաստեք
նրա համար և գրկեք նրան: Դուք կարող եք կորցնել նրան մի քանի ժամով, բայց նա միշտ կվերադառնա
ձեզ մոտ: Նա կարող է խոսել գրքի հերոսների մասին, ասես նրանք իրական լինեն, որովհետև
ինչ-որ մի պահի նրանք այդպիսին էլ կան:
Դուք այնքան ուժգին կծիծաղեք նրա հետ, որ կզարմանաք, թե ինչպես
ձեր կրծքում սիրտը դեռ չի պայթել: Դուք դեռ կգրեք ձեր կյանքի պատմությունը, կունենաք տարօրինակ
անուններով և նախասիրություններով զավակներ: Նա կծանոթացնի ձեր զավակներին Կոշկավոր
կատվի և Ասլանի հետ, գուցե հենց նույն օրվա ընթացքում: Դուք տարեց հասակում կքայլեք
միասին ձմռանը և երբ դուք ձյունը թափ տաք ձեր կոշիկներից՝ նա քթի տակ Կիտսի բանաստեղծությունը
կարտասանի:
Հանդիպե՛ք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է, որովհետև դուք արժանի եք դրան:
Դուք արժանի եք աղջկա, ով կարող է ձեզ գունագեղ մի կյանք պարգևել, որը չեք կարող անգամ
երևակայել: Բայց եթե նրան առաջարկելու եք միապաղաղություն, ձանձրույթ ու խակ մտքեր,
ավելի լավ է միայնակ մնաք: Եթե ցանկանում եք աշխարհը ձեռք բերել և դրանից անդին գտնվող
մյուս աշխարհները՝ հանդիպեք աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է...
Կամ ավելի լավ է՝ հանդիպեք աղջկա հետ, որը նաև գրում է...
Թարգմանությունը՝ Վարդան Ասլանյանի
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.