Friday, May 11, 2012

Սիմեոն Երեւանցի. Արիստոտելի ստորոգությունների մեկնություն


   Սիմեոն Ա Երեւանցի ամենայն հայոց Կաթողիկոսը (1763-1780թթ.) անցել է պատմության մեջ ոչ միայն որպես շնորհալի հովվապետ, այլեւ որպես ժամանակի ականավոր գիտնական եւ հասարակական գործիչ: Մատենադարանում այժմ պահվում են Սիմեոն Երեւանցու փիլիսոփայական, պատմական եւ տոմարագիտական երկերը պարունակող մոտ երկու տասնյակ ձեռագրեր: Սիմեոն Երեւանցին հեղինակել է "Ջամբռ" պատմական կոթողային աշխատությունը, բարեկարգել եւ վերջնական տեսքի է բերել Հայ Եկեղեցու Տոնացույցը, գրելով նաեւ "Մեկնություն Տոմարի" երկը: Փիլիսոփայական երկերի շարքում են "Պորփյուրի մեկնությունը", "Արիստոտելի ստորոգությունների մեկնությունը", "Արիստոտելի Պերիարմենիաս երկերի մեկնությունը", այլեւ Դավիթ Անհաղթի, Հովհան Որոտնեցու եւ Գրիգոր Տաթեւացու փիլիսոփայական ժառանգության բազում վերլուծություններ: Ստորեւ ներկայացվող "Արիստոտելի ստորոգությունների մեկնության" առաջաբանը մեր կողմից վերծանվել եւ աշխարհաբարի է փոխադրվել Մատենադարանի թիվ 1818 ձեռագրից, որը համարվում է Սիմեոն Երեւանցու ինքնագիրը:


Սբ. Հոգի Աստուած հա'ս ի թիկունս
Համառոտ լուծմունք գրոցն Արիստոտէլի տասանց ստորոգութեանց ծաղկաքաղ արարեալ ի բանից գերիմաստիցն սրբոյ Դաւթի Անյաղթ փիլիսոփայի եւ երիցս երանեալ սրբոյ հորն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն...
Ի Սիմեոն գերիմաստ հայրապետէ ամենայն հայոց. 
ի յօգուտ ուսումնասիրողաց եւ ի փառս Աստուծոյ...

Արիստոտէլ միտն անզբաղ,
Բանասիրաց համեմիչ աղ:
Զընթրիս շնորհալիս կազմէ,
Եվ զմիտս պարզս հրավիրէ:
Ի յայս թեպետ յոլովք բազմին,
Բայց սակաւ են որք զմայլին:
Զի որոց ոչ գոյ միտ պարզեալ,
Արտաքս հանցին մերկ եւ քաղցեալ:
Զի սա մտաց է զմայլելի,
Ոչ թե մարմնոյ գիշակերի:
Ուրեմն որ յայս ընթրիս բազմի,
Յարմար կոչնատեառն պարտի:


   Արիստոտելն այս ստագիրացի էր եւ աշակերտը Պլատոն Աթենացու եւ ոչ Լիկոպոլսեցու, ում աշակերտն էր Պորփյուրը, ինչպես եւ ասացինք Պորփյուրի մեկնության մեջ: Արիստոտելն այնքան գերազանց նկատվեց իմաստասերների շարքում եւ Պլատոնի համալսարանում, որ իր սուր մտքի եւ գիտության հանդեպ ընկալունակության համար նույնիսկ Պլատոնի կողմից խրախույսի արժանացավ: Անգամ իր ուսուցիչ Պլատոնի կենդանության օրոք Արիստոտելը բազում աշակերտներ ունեցավ եւ իր անվամբ առանձին համալսարանի հիմնադիր եղավ: Կարելի է ասել, որ իր կենդանության օրոք ժամ իսկ դատարկ չանցկացրեց, այլ միշտ իր ժամանակը տրամադրում էր գիտությունների ուսումնասիրությանը, երկնքի եւ երկրի, ծովի եւ ցամաքի, երեւելի եւ աներեւույթ էակների մասին իմաստասիրելով: Այս ամենի մասին բազում հոգեշահ եւ ճոխ գիտությամբ լեցուն իմաստասիրական երկեր հեղինակեց, որոնք հայտնի են ուսումնասիրողներին: Այս երկերի մի մասը թարգմանված են մեզանում, բայց շատերը` դեռեւս ոչ:
   Արիստոտելը ոչ միայն իր ստեղծագործությունները թողեց հիշատակ իր հարուստ գիտության, այլեւ անթիվ աշակերտներ, քանզի միշտ այս ու այն կողմ էր ճեմում եւ անդադար խոկում, որպեսզի իմաստասիրական մի նոր նյութ գտներ եւ հատկապես որպեսզի իմաստությունը հասանելի դարձներ ամենքին: Այս իսկ պատճառով ճեմական (պերիպատետիկ - ծան.հեղ.) կոչվեց, քանզի միշտ ճեմելով եւ շրջելով էր ուսուցանում իրեն աշակերտողներին: Այսպես էր վարվում մանավանդ ի պատիվ իր ուսուցչի, քանի որ տակավին կենդանի էր Պլատոնը, ասելով, թե "ես անարժան եմ բազմած ուսուցանել": Սակայն ոմանք այս խոսքերը նենգափոխելով զրպարտեցին Արիստոտելին, թե իր մտքում ասում է, որ այն` ինչ Պլատոնը բազմած խորհելով է ուսուցանում, ես այն ուսուցանում են ճեմելով, բայց սա սին մեղադրանք է: Քանզի այնքան էր Արիստոտելը պատվում իր ուսուցչին, որ անգամ նրա գերեզմանին արձան կանգնեցրեց, որի վրա գրեց հետեւյալ խոսքերը. "Սա արձանն է Պլատոն իմաստասերի, որին չարերն ու հիմարները գովելու իսկ արժանի չեն" (այստեղից երեւում է իր ուսուցչի հանդեպ ունեցած Արիստոտելի ուղղամտությունն ու խոնարհ երախտագիտությունը, որը կարող է օրինակ ծառայել ընթերցասերների համար): Սրանով Արիստոտելը բոլոր իմաստասերների մեջ ընտիր գտնվեց իր խոսքերով, որոնք ընդունելի եղան աշխարհի գիտունների եւ մեր սուրբ վարդապետների համար:




   Արդ, թեպետեւ այս գովելի իմաստասերը բազում էակների մասին աշխատություններ գրեց, սակայն կամեցավ իմաստասիրական եւս մեկ գիրք հեղինակել, որը նվիրված կլիներ առհասարակ բոլոր արարածներին, որպես լրումը նախկինում իր կողմից գրված մասնավոր ուսումնասիրությունների: Այս վերջին երկը համահավաք կերպով իր մեջ պարունակում է առանձին ստեղծագործությունները եւ միանգամայն կարող է գիտելիքների շտեմարան համարվել: Նախկինում Արիստոտելի կողմից գրված երկերը մասնակիորեն են անդրադառնում էակներին` խոսելով կամ նրանց հոգու կամ կազմության եւ կամ այլ հարցերի շուրջ, ոչ ինչպես այս վերջինը, որում ուսուցում է պարունակվում բոլոր գոյերի մասին: Քանզի այս աշխատության մեջ բոլոր էակների մասին գիտությունը ուսուցանվում է տասը խմբերում ստորակարգված կերպով եւ ոչինչ չի կարող դուրս մնալ այս տասը [ստորոգություններից]:
   Բոլոր իրողություններն ու գործերը, խոսքերը, հարցերն ու գաղտնիքները ստորադասված են վերոհիշյալ տաս խմբերի մեջ, ինչպես եւ կտեսնենք առաջիկայում: Այստեղից առաջացավ եւ գրքի անվանումը` "Ստորոգություններ", քանզի, ինչպես ասացինք,  բոլոր գոյերը ստորոգվում են այս տասը կետերից որեւէ մեկով եւ սրանց միջոցով կազմվում է արարածների հստակ դասակարգումը, ոչ թե դրանք են ենթակայանում գոյերին, այլ իրենք իսկ ստորոգում են ամեն բան: Ահա թե ինչու գիրքն այս կոչվեց "Արիստոտելի ստորոգություններ", որովհետեւ Արիստոտելը գտավ այն տասը գերագույն սեռերը, որոնցով սահմանվում է ամեն բան եւ գրեց այս գիրքը:
   Մասնավորապես Արիստոտելը լուծում տվեց իմաստասերներին այդքան մոլորության մեջ գցող հոմանունների խնդրին: Այժմ հերթականությամբ կճառենք Արիստոտելի կողմից մեզ ավանդված հոմանունների զատորոշման երեք կանոնների մասին...


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.