Sunday, May 20, 2012

Արարչագործություն "ոչնչից" (ex nihilo)


     Մարդկության գոյության ողջ ընթացքում արարչագործության թեման միշտ արդիական է եղել եւ հուզել է յուրաքանչյուրի միտքը: Արդյունքում առաջ են քաշվել տիեզերքի ստեղծման բազմաթիվ ուսմունքային եւ առասպելաբանական վարկածներ: Ուսմունքային դասակարգմամբ այս խնդրի շուրջ երեք հիմնարար տեսակետեր գոյություն ունեն. Թեիստական, որը պնդում է արարչության ex nihilo (ոչնչից) առաջացումը, Պանթեիստական, որի համաձայն` նյութական աշխարհն առաջացել է ex Deo (Աստծուց), անանձնավոր աստծուց, ով արտաքնապես արարում է իր էությունից, Մատերիալիստական` արարչագործությունը կարծվում է ex materia (նյութից), այսինքն` նախագո նյութից:
     Մասնավորապես մատերիալիստական տեսությունը, իր մեջ ներառելով դուալիզմն, ագնոստիցիզմն ու աթեիզմը, բնորոշում է արարչագործությունը որպես օբյեկտիվորեն իրական գոյության ավարտուն աշխատանք, ըստ որում` սա ենթադրում է արարչագործություն նախագո նյութին աստվածային ձեւակազմական միջամտությամբ եւ կամ սոսկ իբրեւ հավիտենական մատերիայի ինքնակարգավորում: Պանթեիստական տեսությունը, իր հերթին, ճյուղավորվում է մոնիստական եւ հինդուիստական ուղղությունների: Մոնիստական ուղղության ներկայացուցիչ Պարմենիդեսը անհեթեթ էր համարում հոգնակի գոյությունների գաղափարը, իրականում ամեն բան մեկ է եւ մեկն ամեն ինչ է: Այլ կերպ ասած սա նշանակում է, որ կա Արարիչ, բայց արարչությունն առկա չէ եւ աշխարհն անիրական է: Անտիկ հինդուիստական մտածողությունն առաջնորդվում էր իրականության պատրանքայնությամբ. հատկանշական է օձի թվացյալ պատկերը, որը սերտ քննության արդյունքում պարան է պարզվում (Շանկարա): Արդի շրջանում հասունացավ նաեւ ոչ բացարձակ պանթեիզմը. Սպինոզան զարգացնելով Պլոտինոսի գաղափարները` նույնացրեց աշխարհը աստվածային էության հետ:

     Ինչ վերաբերում է թեիստական մտածողությանը` այն ենթադրում է Աստծուն անհրաժեշտաբար իբրեւ Արարիչ ex nihilo: Նա չի կարող արարել ex Deo, քանզի սա հակասում է Աստվածային էության անտրոհելիությանը եւ չի կարող արարել ex materia, քանի որ ընդունել Աստծուց զատ մեկ այլ բանի հավիտենական գոյությունը կնշանակեր ընկնել դուալիզմի մեջ: Սրա հետեւողությամբ` արարչությունը, հակառակ աստվածային ատրիբուտների` վերջավոր է, անցողիկ, պատճառական, փոփոխական, սկզբնավոր եւ այլն: Արարչության հենց այս պատկերն է ներկայանում մեզ Աստվածաշնչում (Ծննդ., Բ Օր., Սղմ., Առակ., Ժող., Սիր., Հոբ, Երեմ., Հռ.), ինչպես նաեւ բազմաթիվ արտասուրբգրային աղբյուրներում, օրինակ` Էբլայի պեղումավայրերում հայտնաբերված մի պնակիտ ասում է. "Տե'ր, երկիրն ու ցերեկվա լույսը չկային, Դո'ւ ստեղծեցիր դրանք": Արարչության այս տեսության հասցեին որոշակի չհիմնավորված քննադատություն կա, հետեւյալ կետերում` իբրեւ թե այն ենթադրում է ժամանակի բացակայություն ժամանակների սկզբից առաջ, ոչինչը բերում է իբրեւ գոյության պատճառ եւ ոչինչը աննյութական նախասկիզբ է համարում:
       Գոյություն ունեն նաեւ աշխարհաստեղծման բազմաթիվ առասպելներ, որոնք իրենց խորհրդաբանական կառուցվածքով դասակարգվում են հետեւյալ տիպերի` ա) արարչություն ոչնչից, բ) քաոսից, գ) տիեզերական "ձվից", դ) աշխարհի նախածնողներից, ե) հանկարծակի ծնունդի արդյունքում, զ) ծնունդ ջրերից: Առաջինիս արտահայտությունները գտնվում են հիմնական միաստվածյան կրոններում` հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի մեջ, նաեւ այլ ժողովուրդների հավատալիքային պատկերացումներում, ինչպես օրինակ` պարսկական Բունդահիշնի, եգիպտական Քեփրի եւ պոլինեզյան Տուոմոտուանի առասպելները կամ էտրուսկյան աշխարհաստեղծման պատումը:
   Հունական դիցաբանական պատկերացմամբ աշխարհաստեղծումն իրականացվել է քաոսից, որի մասին առաջին հիշատակումը գտնվում է Հեսիոդոսի "Աստվածների ծննդաբանության" մեջ (Ք.ա. VIII դար): Հակառակ այս պատկերացմանը, հրեական աշխարհում Աստված համարվում էր նաեւ այդ անկազմ տիեզերքի արարիչը: Հետաքրքական է մեջբերել IV դարի ռաբբի Ամբակում Կեսարացու խոսքը. "Աստված ստեղծում էր աշխարհ աշխարհի ետեւից, քանի դեռ չէր ստեղծել այն, որի համար ասաց. Բարի է": Այս տրամաբանությամբ բացահայտվում է Աստծո կարեւորագույն ատրիբուտներից մեկը` ինքնագո սուբստանց լինելը (ipsum esse subsistens): Մյուս կողմից միայն Աստծո խոսքով աշխարհի արարումը իր մեջ սուրբգրային շատ կարեւոր պատկերավորում է պարունակում, այն օգնում է հասկանալ եւ հավատալ Աստծուն, սա մի յուրօրինակ հայտնութենական տվյալ է:


     Այժմ հարցը դիտարկենք Արարչության մասին քրիստոնեական ուսմունքի պատմական զարգացման համատեքստում: Առաքելական շրջանում Եկեղեցին դեռեւս անհրաժեշտություն չէր գտնում սահմանելու արարչագործության դոգման, գերիշխում էր պատկերացումը "Ամենակարող Աստծու" մասին, ինչպես երեւում է Պողիկարպոս Զմյուռնացու վկայաբանության մեջ. "Ամենակարող Փրկիչ ..., Աստված հրեշտակների, զորությունների եւ համայն արարչության", այսինքն արարչագործությունը դիտվում էր աստվածային փրկագործության լույսի ներքո: Դոգմայի հստակեցման հրատապ կարիք առաջացավ ի դեմս պլատոնյան եւ գնոստիկյան դեմիուրգերի պատկերացման: Առաջին քայլը կատարեց Իրինեոսը. "Ամենակարող Արարիչն, ով ստեղծեց երկինքն ու երկիրը եւ նրանց մեջ պարունակվող ամեն ինչ... Նրա հրամանով առաջացան բոլոր գոյերը": Չնայած այն հանգամանքին, որ նորպլատոնականության ազդեցությամբ Ալեքսանդրյան դպրոցի որոշ ներկայացուցիչներ, օրինակ` Կղեմես Ալեքսանդրացին, ակնարկում են նախագո նյութի առկայությանը, այնուամենայնիվ "յոչնչէ" արարչության գաղափարը ներկա է Եկեղեցու վաղ շրջանի հայրերի` Իրինեոսի ("Ընդդեմ հերձվածողաց"), Թեոփիլոս Անտիոքացու գրվածքներում ("Առ Ավտոլիկոս"), ինչպես նաեւ "Առաքելական հրահանգներում", ուր ասվում է. "Դու բերեցիր բոլոր արարածներին ոչնչությունից գոյության": Այն իր արտահայտությունը գտավ նաեւ Նիկիայի I տիեզերաժողովի (325թ.) հավատամքում: Գաղափարի զարգացումը VI դարում տեսնում ենք կեղծ-Դիոնիսիոսի մոտ. "Քանի որ բոլոր գոյերն առաջացել են Բարուց, ապա մատերիան նույնպես Նրանից է սկիզբ առել" ("Divine Names" IV,28):
  Մինչեւ XII դարը Եկեղեցում տիրապետող էր օգոստինոսյան պլատոնականության մոտեցումը, որն ապացուցում էր Աստծո անհրաժեշտաբար ոչնչից արարելու եւ ժամանակային չափումից դուրս գտնվելու գաղափարները: Առաջին անգամ հարցին դոգմատիկ սահմանում տրվեց Լաթերանի IV ժողովում (1215թ.), ուր ընդունվեց "ab initio temporis utramque de nihilo" - "ոչնչից ստեղծեց ժամանակների սկզբին" բանաձեւը: Այս միտքը երկրորդեցին ու զարգացրին Բոնավենտուրան եւ Թովմա Աքվինացին` տալով "ex tempore et de nihilo" - "ժամանակի մեջ եւ ոչնչից" սահմանումը: Ռեֆորմացիայի շրջանում նույնպես Կալվինի եւ Լյութերի կողմից ոտնձգություններ չարվեցին Եկեղեցու տեսության հանդեպ եւ այն ընդունվեց իբրեւ անուրանալի ճշմարտություն: Լուսավորության շրջանի ավարտին Հայդեգերականների կողմից պահանջ ներկայացվեց Կաթոլիկ եկեղեցուն ռացիոնալիզացնել արարչության տեսությունը: Կաթոլիկ եկեղեցին ստիպված եղավ պայքարել աշխարհիկ գիտության զարթոնքի շրջանում ծագած տեսությունների հետ` սկսած Կոպեռնիկոսի արեգակնակենտրոնությունից մինչեւ դարվինիզմ: Այս շրջանում փիլիսոփաներից յուրաքանչյուրն իր սեփական տեսությունն ուներ խնդրի վերաբերյալ, մասնավորապես, Կանտը համարում էր Աստծուն ոչ թե աշխարհի Արարիչ, այլ ճարտարապետ: XIX դարում Շելինգի եւ Հեգելի իդեալիստական տեսություններն առհասարակ դժվար է զանազանել պանթեիզմից, սրանց ի պատասխան Վատիկանի I ժողովում (1869-1870թթ.) կրկնվեց Լաթերանի ժողովի բանաձեւը` աշխարհի եւ Աստծո զանազանության վերաբերյալ հավելմամբ: XX դարում Կարլ Բարթի կողմից փորձ կատարվեց հակառակ Էմիլ Բրուների բնական աստվածաբանության մոդելի արարչության դոգմային վերադարձնել իր նախնական իմաստը` տալով նրան Աստծո ինքնիշխանության եւ անսահման սիրո արտահայտություն:

     XX դարավերջի քննարկումներում ճգնաժամ նկատվեց, որն արտահայտվեց արարչագործության դոգման ժամանակավրեպ եւ անկարեւոր որակելու միտմամբ: Այսուհետ մոտեցումն առավելապես մարդակենտրոն էր: Կարեւորվում էր մարդու դերն իբրեւ "հայելի արարչագործության" (Ratzinger), Moltmann-ը փորձեց հարցը մեկնաբանել էկոլոգիական ճգնաժամի ֆոնի վրա` բարձրացնելով մարդու դերը որպես արարչագործության տնտես: Վերջիվերջո կաթոլիկ աշխարհը նրբանկատ զիջման գնաց Վատիկանի II ժողովում (1962-1965թթ.), մտքի ազատություն շնորհելով այս կոմպլեքս-ֆենոմենն ուսումնասիրողներին, արդարացուցիչ անդրադարձ կատարելով նաեւ Գալիլեյի նկատմամբ:
        Հայ Առաքելական Եկեղեցու աստվածաբանական մտքում միշտ տիրապետել է "յոչնչէ" արարչության սկզբունքը, որն առավելաբար կրում է պլատոնականության "գաղափարների աշխարհի" տեսության դրոշմը: Աստված իր կանխիմացությամբ մտքում ունենալով բոլոր էությունների ու սեռերի գաղափարները ստեղծեց ժամանակն ու տիեզերքը. "Չգոյր ինչ ժամանակակից Աստուծոյ..., այլ ինքն է գոյանալոյ գոյացելոցն գոյարար" (Եզնիկ Կողբացի), եւ "Աշխարհ յառաջ քան զլինելն իւր գոյր ի նախագաղափար տեսութիւնն Աստուծոյ" (Եղիշե): Ըստ որում` նախ ստեղծվում է անկազմ նյութը, ապա կարգավորություն է մտցվում տիեզերք: Հայ եկեղեցու դիրքորոշումը լիովին արտահայտում է Աստծո ամենակարողության եւ սիրո հայտնութենական տվյալները, արարչության կենտրոն, պսակ եւ տնտես դիտելով մարդուն:
     Ex nihilo nihil fit - "Ոչնչից ոչինչ չի առաջանում", պնդում է Լուկրեցիոսը... սա գալիս է ապացուցելու այն միտքը, որ ի սկզբանէ կար այդ  հավիտենական "Ինչ"-ը, որից եւ պետք է ծագում ստանային բոլոր գոյերը եւ համայն տիեզերքը...:

Երկինք պատմեն զփառս Աստուծոյ...
Սղմ 18:2

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.