Thursday, May 31, 2012

Համաճարակային ախտեր. ՄԻԱՎ/ՁԻԱՀ


  Համաճարակային ախտերի հետևանքները միշտ անկանխատեսելի են: Պատմականորեն համաճարակներն ավելի մեծ չափով հիվանդացություն եւ մահացություն են առաջ բերել, քան մնացյալ բոլոր աշխարհիկ գործոնները, այդ թվում` պատերազմները: Բերենք օրինակներ. XIV դարի կեսերին ժանտախտը մի քանի տարվա ընթացքում սպանեց Եվրոպայի բնակչության մեկ երրորդին, 1918թ.-ի գրիպի համաճարակը խլեց մինչեւ 100 մլն մարդու կյանք, միայն XX դարում ծաղկից աշխարհում մահացել է 300-ից 500 մլն մարդ` երեք անգամ գերազանցելով վերջին հարյուրամյակում տեղի ունեցած բոլոր պատերազմների մարդկային կորուստները:
 Համաճարակային իրադրություններում հանրային բարիքի եւ անվտանգության նկատառումներից ելնելով սահմանափակվում են մարդկային ազատությունները` վարակակիր անձանց կարանտինային մեկուսացում է հայտարարվում, ճանապարհորդությունները վերահսկվում են, մարդիկ հաճախ զրկվում են ազատ տեղաշարժվելու իրավունքից, պարտադիր կերպով անցկացվող բուժումներն ու պատվաստումները հակասում են ազատ ընտրության եւ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքներին: Համաճարակների առաջացման հանգամանքների վերլուծությունը ուղղակիորեն հանգեցնում է բնակչության աղքատի խավի էթիկական խնդիրների բարձրացմանը` մաքուր ջրի հիմնախնդիր, թերսնուցում, բնակության անտանելի պայմաններ, գործազրկություն, սանիտարա-հիգիենիկ պայմանների եւ առաջին անհրաժեշտության դեղորայքի բացակայություն:

  Համաճարակային ախտերը վերաճել են գլոբալ էթիկական հիմնախնդրի, քանի որ դրանք ազգային կամ տարածաշրջանային սահմաններ չեն ճանաչում: Վարակը կարող է հեշտությամբ անցնել մի երկրից մյուսը, հատկապես մեր դարում, երբ անհամեմատ ակտիվացել են միջազգային առեւտուրը եւ ուղեւորափոխադրումները: Սա են ապացուցում վերջին տասնամյակների իրադարձությունները` Աֆրիկայում ծագած ՄԻԱՎ-ի տարածումը ողջ աշխարհով 1980-ականների ընթացքում կամ 2003 թ.-ին Ասիայում տարածված ատիպիկ պնեւմանիայի (SARS) վարակի հայտնվելը Կանադայում: Մինչ օրս թռչնագրիպը (H5N1) կամ խոզի գրիպը (H1N1) 1918թ.-ի գրիպի համաճարակի պանդեմիկ բնույթը կրկնելու վտանգ են պարունակում:
  Համաճարակները աշխարհում տարեկան 15 մլն կյանք են խլում: Մահացության մեջ խոշոր բաժնեմաս են կազմում ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը եւ մալարիան: Հատկապես ՁԻԱՀ-ի պարագային, համաճարակի տարածումը պրոգրեսիվ է. մոտ 40 մլն մարդ այժմ վարակված է ՄԻԱՎ-ով, վերջին մի քանի տարիներին ՄԻԱՎ-ով ամենամյա վարակումը 5 մլն է կազմում, իսկ տարեկան 3 մլն մարդ մահանում է ՁԻԱՀ-ից: Մահերի երկու երրորդը բաժին է ընկնում Անդրսահարյան Աֆրիկային, տեղ-տեղ չափահասների վարակվածությունը հասնում է 30 տոկոսի: Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի (WHO/UNAIDS) նախաձեռնած ՄԻԱՎ-ի զարգացումն արգելակող բուժամիջոցների մատչելի հատկացման լայնամասշտաբ ծրագրերին` համախտանիշի բացահայտման տարուց ի վեր (1981թ.) աշխարհում 30 մլն մարդ է մահացել ՁԻԱՀ-ից:
  Վերլուծաբանների կարծիքով` տուբերկուլյոզն աշխարհում ակտիվ է քան երբեւէ: Տարեկան մահացությունն այս հիվանդությունից կազմում է 2 մլն մարդ: Աշխարհի բնակչության մեկ երրորդն իր օրգանիզմում ներթաքույց կերպով կրում է հարուցիչը եւ ինչպես վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումները` 2002-2020թթ.-ի միջոցին եւս մոտ մեկ միլիարդ մարդ կարող է վարակվել տուբերկուլյոզով եւ եթե անհրաժեշտ միջոցներ ձեռք չառնվեն` 150 միլիոն մարդ կհիվանդանա, որոնցից 36 միլիոնը կարող են մահանալ: Չափազանց խոսուն է այն փաստը, որ տուբերկուլյոզից համաշխարհային մահացության 98 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին: Գուցե տուբերկուլյոզի բուժման մատչելի լինելն է, որ պատճառ է դառնում ՁԻԱՀ-ին ավելի մեծ ուշադրություն հատկացնելուն. համացանցում հոդվածների որոնման ժամանակ "AIDS"-ի արդյունքները մի քանի տասնյակ անգամ գերազանցում են "TB"-ն: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները` ՀՀ-ում տուբերկուլյոզն աստիճանաբար նահանջում է, սակայն մարդկային կորուստները դեռեւս մեծաթիվ են. 2009թ.-ին 100 հազար մարդու հաշվով հիվանդացությունը կազմել է 46, իսկ մահացությունը` 4 մարդ:
  Ինչ վերաբերում է մալարիային, ապա Հայաստանում այն գործնականում վերացել է. 2006թ.-ից ի վեր մեր հանրապետությունում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Ներկա փուլում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վկայագրումը որպես մալարիայից ազատ գոտի:


  ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուս) բացահայտվել է 1981թ.-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնում: Վարակված մարդկանց մոտ թուլանում է իմունային համակարգի գործունեությունը, ինչի արդյունքում օրգանիզմում գլուխ են բարձրացնում նախկինում իրական վտանգ չներկայացնող հարուցիչները: ՄԻԱՎ-ի զարգացումն արգելակող բուժամիջոցներ չընդունելու դեպքում ախտանիշերը վերաճում են հիվանդության (ՁԻԱՀ), օրգանիզմն իսպառ կորցնում է դիմադրողականությունը, ինչը հանգեցնում է մահվան: Աշխարհում օրեցօր աշխուժացող մարդկային հոսքերը արագորեն տարածեցին հիմնականում սեռական ճանապարհով փոխանցվող այս հիվանդությունը:
 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը արտակարգ ուշադրության է արժանացվել զանգվածային լրատվամիջոցների, գիտնականների, բժիշկների եւ բիոէթիկայի ոլորտի մասնագետների կողմից: Պատճառները բազմազան են, նախ` հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով եւ կարող է նկատելի դառնալ վարակումից տարիներ անց: Բացի այդ, ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ զարգացած երկրներում վարակվում են հիմնականում արվամոլները եւ ներերակային թմրադեղեր օգտագործող անձինք:
  Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ վերջին հաշվետվության մեջ ներկայացված տվյալները խոսում են հանրության տեղեկացվածության անբավարար մակարդակի մասին: 15-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման եղանակներին տեղյակ է ընդամենը 7-8 տոկոսը: Ռիսկային խմբի պատկանող անձանցից (15-49 տարիքային խումբ) քչերն են այժմ կամավոր դիմում ՄԻԱՎ-հակամարմինների փորձաքննության եւ վարակվածների մի փոքր մասն է կանոնավոր կերպով հակառետրովիրալ դեղամիջոցներ ընդունում: Հաշվի առնելով նաեւ չբացահայտված հիվանդացության հավանական բաժինը` ԱՀԿ-ն ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը Հայաստանում հասցնում է 4300-ի: Համաճարակի սկզբից մահացության դեպքերն արդեն 100-ից անց են հաշվվում (կան նաեւ մանկամահացության դեպքեր): Գիտակցելով իրավիճակի լրջությունը, հասկանում ենք, որ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացման եւ գերատեսչական վերահսկողության պահանջը հրամայական է:



Բիոէթիկական ոլորտում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պարագային հատկապես կարեւորվում են հետեւյալ խնդիրները.
1. ՄԻԱՎ-թեստավորում
2. պատահական սեռական կապեր ունենալիս սեփական անձին եւ ուրիշներին վնաս չպատճառելու սկզբունքի պաշտպանում
3. ՁԻԱՀ-ի հիվանդանոցային հետազոտում եւ դեռեւս փորձարկման փուլում գտնվող դեղամիջոցների տրամադրում
4. կենսականորեն անհրաժեշտ բուժամիջոցների հասանելիություն
      5.ՄԻԱՎ-ով վարակվածների խնամքով զբաղվող մասնագետներին հանդիպող խնդիրներ
6.հարգալից վերաբերմունք ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդների նկատմամբ:

  Հատկապես վերջին կետը լայնորեն քննարկվում է բժշկական էթիկայում: Առողջապահական ոլորտի աշխատակիցներից (հասարակությունից նույնպես) հատուկ նրբանկատություն է պահանջվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող հիվանդների հետ աշխատելիս: Բժշկությունը եղել եւ մնում է ռիսկային մասնագիտություն, ուստի բժիշկը հանձնառությամբ եւ անտրտունջ պետք է մոտենա ՄԻԱՎ-վարակակիրների խնամքին: Այս աշխատանքում մեծ դերակատարություն ունեն նաեւ հոգեբաններն ու հոգեւորականները, ովքեր պետք է կանխեն վարակված անհատի մեկուսացումը հասարակությունից եւ լիարժեք կյանքի վերադարձնեն նրան:
 Վերը ներկայացված վիճակագրական տվյալները մտահոգիչ են եւ ստիպում են համաշխարհային հանրությանը փոխել դիրքորոշումները մարդկությանը սպառնացող առողջապահական մարտահրավերների նկատմամբ, ավելի նպատակաուղղված եւ արդյունավետ դարձնել վերահսկողությունն ու կատարվող ծախսերը:


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.