Saturday, May 26, 2012

Աշխարհի գերբնակեցման գլոբալ հիմնախնդիր



   Աշխարհի բնակչության աճի գլոբալ հիմնախնդիրը ժամանակակից քննարկման առանցքային ուղղություններից մեկն է: Աշխարհի բնակեցման խնդիրներն ուսումնասիրող տեսաբանների մի խումբ կարծում է, որ եթե խափանվի բնակչության աճի արհեստական սահմանափակման գլոբալ ծրագիրը, ապա մարդկությունը կկանգնի շրջակա միջավայրի հետ կապված մի շարք խնդիրների ծագման վտանգի առջեւ, ինչը կարող է աղետալի հետեւանքներով հղի լինել: Քննադատների մեկ այլ խումբ հերքում է երկրագնդի գերբնակեցմանն առնչվող այս տարակույսները եւ չի պահանջում բնակչության վերահսկման կտրուկ միջոցներ: Մինչ բնակչության թվաքանակի տատանումները իրենց ազդեցությունն են թողնում առողջապահության գրեթե բոլոր ոլորտների վրա, բիոէթիկայի ոլորտի ուսումնասիրողները առայժմ սեւեռուն ուշադրության չեն արժանացրել այս հիմնախնդիրները:
   Երկրագնդի գերբնակեցման հիմնախնդրին առնչված քննարկման նախակարապետ կարելի է համարել Թոմաս Մալթուսին: 1798թ.-ին Մալթուսը հայտնեց իր վարանումը այն խնդրի շուրջ, որ եթե մարդ արարածը կենդանական այլ տեսակների պես բազմանալով հագեցնի իր բնակեցրած աշխարհի մակերեսը, ապա կարող է կործանման առջեւ կանգնել: Տեսությունը պարզ է. երբ մարդիկ ունենան ավելի շատ երեխաներ, ովքեր իրենց մահվանից հետո պետք է լրացնեին մարդկության շարքերը, ապա մի քանի սերունդ անց աճի ցուցիչը թվաբանականից կդառնա երկրաչափական: Մինչ այդ, մարդկությանը երկրագնդի պարգեւած սննդային, էներգետիկ եւ հանքային ռեսուրսները սահմանափակ են եւ իրենց հերթին մշակման եւ արդյունահանման ծավալների պարբերական ավելացման կարիք են զգում: Մալթուսյան տեսության համաձայն` նման գերհագեցումը կարող է մարդկությանն ամբողջական վերացման կամ ետընթացի տանել: Այժմ մեր շրջակա աշխարհում տարածված սովի եւ համաճարակների խթանիչ կարեւոր գործոններից են բնակչության ցածր կենսամակարդակը, գաղթային տեղաշարժերը, որոնք անուղղակիորեն եւ չափազանց դրամատիկ կերպով հանգեցնում են բնակչության մեծածավալ կորուստների:


      Ք.ա. X հազարամյակում երկրագնդի բնակչության թվաքանակը գտնվում էր 2-ից 20 միլիոնի միջակայքում, Փրկչական 1 թվականին այն կազմում էր քառորդ միլիարդ, 1600թ.-ին աշխարհի բնակչությունն արդեն կես միլիարդ էր, այս թիվը կրկնապատկվում էր ավելի ու ավելի արագ` նախ 1800, ապա 1930թ.-ին: Եվ զուր էր 1968թ.-ին Պոլ Էհրլիխի հրապարակած ՙԲնակչության պայթյուն՚ գրքի հնչեցրած համաշխարհային ահազանգը, քանի որ 1959թ.-ից 1999թ.-ն ընկած միջոցում երկրագնդի բնակչությունը 3 միլիարդից հասել էր 6-ի: Այդ տարիներին կատարված գիտական հաշվումները մարդկության 7-րդ միլիարդի նշաձողի հաղթահարումը զետեղում էին 2010-2015թթ.-ի միջակայքում, ինչը արդեն տեղի ունեցավ մերձավոր անցյալում:


     Ընտանիքի պլանավորման ծրագրերի եւ կանխարգելիչ միջոցների տարածման շնորհիվ` բնակչության աճի տեմպերը նկատելիորեն զսպվել են աշխարհի շատ տարածաշրջաններում, հատկապես` զարգացած երկրներում եւ հասարակության ընկալումն այժմ այնպիսին է կարծես ՙբնակչության պայթյունն՚ արդեն հաղթահարված է: Սակայն մեր պայմաններում փոքր աճը նույնպես նշանակալի թիվ է իրենից ներկայացնում եւ ներկայիս մանուկների սեռական հասունացման հասնելուն պես պայթյունը կարող է կրկնվել: Բնակչության թվաքանակի կանխատեսումը 2050թ.-ի համար 7,78 միլիարդի կարգի մեծություն է, թեեւ աճի նախկին տեմպերի պահպանման դեպքում այն կարող էր հասնել 9-ից 11 միլիարդի:
  Դառնալով Մալթուսին, պետք է փաստենք, որ ինքն անձամբ բնակչության աճի սահմանափակման ծրագրերի կողմնակից չէր, այլ կարծում էր, որ բարոյական զսպվածությունն ու ողջախոհությունը կնպաստեն վիճակի շտկմանը, թեեւ հոռետես լինելով պնդում էր, որ մարդկային ցեղը, ինչպես եւ ցանկացած այլ արագ բազմացող կենդանական տեսակ` գտնվում է թվային-տարածքային ընդարձակմամբ եւ ետընթացով հերթափոխվող շրջապտույտի մեջ: Իսկ Պոլ Էհրլիխին հետեւող, այսպես կոչված, նորմալթուսյանները` ետընթաց ասելով նկատի ունեն մարդկային բազմամիլիոնավոր կյանքերի տառապալից եւ ամայեցուցիչ կորուստներ: Շատ գիտնականներ զգուշանում են, գուցե այս կտրուկ միջոցներ ձեռք առնելուն միտված ուղղությունը տիրապետող դառնա եւ վերածվի բնակչությունը սահմանափակելու անզուսպ մոլուցքի:
    Բնակչության աճի տեմպերի զսպման եւ ընտանիքի պլանավորման ծրագրերը մեկնարկեցին 1960-ականների կեսերին, մոտ 200 երկրներում` առավել կամ նվազ արդյունավետությամբ: Որոշ տարածաշրջաններում դրանք չափազանց ագրեսիվ կերպարանք էին ստանում, ինչպես օրինակ` Հնդկաստանում վասեկտոմիայի (ամլեցման տեսակ է, որի ժամանակ վիրահատական եղանակով խցանվում կամ հատվում են սեռական ուղիները) խրախուսման ծրագիրը կամ Չինաստանում միակ զավակ ունենալու սահմանափակումը: Վաղ շրջանում առաջ քաշված ծրագրերում նախընտրությունը տրվում էր երկարաժամկետ կամ իսպառ երկսեռ ամլեցմանը, իսկ նորագույն փուլում մոտեցումները վերանայվել են եւ խրախուսվում է դարձելի ամլեցման միջոցների (պահպանակներ, դեղահաբեր) օգտագործումը, վերմաշկային փակցման համար նախատեսված սպեղանիների, ներարգանդային պաշտպանական մեխանիզմների, ներմաշկային իմպլանտների, հեշտոցային մոմիկների եւ կարգավորիչ այլ միջոցների կիրառումը` նպատակ ունենալով կասեցնել անընդհատ որդեծնությունը, երկարաձգել հղիությունների միջեւ ընկած տեւողությունը եւ նվազեցնել ընտանիքի կազմը: Նման ծրագրերը հանդիպում են ընդդիմադիր երեք հիմնական խմբերի քննադատությանը:
   Կրոնական քննադատության մեջ առավել բարձր հնչում է Կաթոլիկ Եկեղեցու եւ Իսլամի հետեւորդների ձայնը: Երկու կրոնական ուղղություններ, որոնք սկզբունքորեն դեմ են բնական աճի սահմանափակումներին, սակայն տարբեր հիմնավորմամբ. Կաթոլիկ Եկեղեցին հիմնում է իր տեսությունը Ծննդոց 38-րդ գլխի վրա եւ հատկապես դեմ է կանխարգելիչ միջոցների օգտագործմանը, իսկ Իսլամի հետեւորդները որդեգրել են ծնելիության խթանման քաղաքականություն եւ ուզում են ընտանիքները բազմանդամ տեսնել: Կաթոլիկ ուսուցման համաձայն` սեռական հարաբերությունը թույլատրելի է միայն ամուսնական զույգի միջեւ, որը պետք է ՙմիասնական եւ արարիչ լինի` այսինքն սեռական յուրաքանչյուր հարաբերություն նոր կյանքի սկիզբ է դնում՚ (Պողոս VI, 1968թ.): Արհեստածին կանխարգելման բոլոր եղանակների կիրառումը արգելվում է եւ նույնացվում ամլեցման հետ: Կաթոլիկների համար թույլատրելի է միայն ՙընտանիքի բնական պլանավորումը՚, որի դեպքում օրգանիզմի ռիթմերի պարբերականության վրա հիմնված մեթոդ է կիրառվում (բեղմնավորման օրերի որոշում օրացուցային նշումների, ջերմաստիճանի չափման եւ արտաքին սեռական օրգանների զննման միջոցով): Իհարկե այս մեթոդը լիովին կիրառելի է ամուսնական զույգի երկկողմ համաձայնության եւ սեռական հարաբերությունների չափավորության պարագային:
  "Humanae Vitae" (ՙՄարդկային կյանքը՚) շրջաբերականում պարունակվող ուսուցումը (նկատեք` ուսուցման, որի անսխալականությունը չի հայտարարվել, եւ ոչ վարդապետության), որը ազդարարվեց 1968թ.-ին, եկեղեցական դիրքորոշմանն ընդդիմադիր հոգեւորականության շարքերում աստվածաբանական զայրույթի միամսյակ առաջացրեց: Ինչեւէ, Լատինական Ամերիկայում, Ֆիլիպիններում հանրությունը հեշտությամբ ընդունեց Եկեղեցու հրահանգները, ընտանիքի պլանավորման ծրագրերը, աբորտը, ամլեցումն ու հղիության կանխարգելիչ միջոցները արգելվեցին կամ դժվար հասանելի դարձվեցին իշխանությունների կողմից: Սակայն ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում այս ուսուցումն առավելաբար անտեսվեց: Վիճակագրորեն կաթոլիկ կանայք միեւնույն հաճախականությամբ են օգտագործում կանխարգելիչ միջոցներ, ինչ այլ դավանանքի հետեւորդները: Բայց Կաթոլիկ Եկեղեցու ընդդիմությունը դեռեւս կարեւոր դեր է կատարում հանրային կարծիքի ձեւավորման մեջ. այս կառույցը իշխանական լծակների միջոցով խափանում է ընտանիքի պլանավորման ծրագրերի ֆինանսավորումը եւ պարբերաբար ուշադրություն է հրավիրում միջոցների անհավասարաչափ բաշխման, պետությունների անհամեմատելի զարգացման մակարդակների հիմնախնդիրների վրա, տնտեսական ապօրինությունների մեջ տեսնելով հասարակության նեղ պայմանների պատճառը:
   Իսլամի հետեւորդները նույնպես կողմնակից են ՙբնական կանխարգելման միջոցների՚ կիրառմանը, ինչը հաստատվում է Մարգարեների պատվերով, որը տղամարդկանցից պահանջում է պարբերական հրաժարում սեռական ակտիվությունից: Որոշ կրոնական հեղինակություններ թույլատրում են ժամանակակից կանխարգելիչ միջոցների օգտագործումը, ոմանք` մերժում, երբեմն էլ որոշման կայացման իրավունքը թողնվում է ամուսնական զույգին: Սերմնասպանիչ միջոցները, դեղահաբերը եւ այլ հորմոնային միացություններ կարող են թույլատրելի համարվել, եթե հիմնովին ապացուցվի կանացի առողջության համար դրանց անվնաս լինելը: Որոշ իսլամական երկրներում  (Իրան, Թուրքիա, Թունիս, Բանգլադեշ, Ինդոնեզիա) ընտանիքի պլանավորման ծրագրերը բավական հաջող են գործում` սահմանափակելով ընտանիքի անդամների թիվը, իսկ Միջին Արեւելքի երկրներում հանրությանը կանխարգելիչ միջոցների ներկայացման ոչ կառավարական ծրագրերի մեկնարկը նոր է դրված: Ըստ որում` ընտանիքի պլանավորման եւ կանխարգելիչ միջոցների օգտագործման առաջարկը հիմնականում տղամարդկանց է ուղղվում, քանի որ նման հասարակության ներսում վերարտադրողական ընտրության իրավունքը վերապահված է տղամարդուն: Եվ Քրիստոնեության եւ Իսլամի հետեւորդների պարագային պարզ է միայն մեկ բան, որ կրոնը որոշիչ դերակատարություն ունի սեռական վարքագծի կերտման եւ ընտանիքի ձեւավորման հարցերում:
  Քննադատների մեկ այլ խումբ են կազմում ֆեմինիստ մտածողները, որոնց համար խնդրահարույց են հայրիշխանական հասարակություններում կանանց ենթակա եւ ընտրությունից զուրկ կարգավիճակը, սոցիալապես կախյալ դրությունը, հաճախ կրթությանն ու ժամանակակից բժշկությանը անհաղորդ լինելը: Մասնավորապես, ֆեմինիստ քննադատները շեշտում են բնակչության աճի վերահսկման ծրագրերում կանանց վերարտադրողական իրավունքների ոտնահարման փաստերը, երբ կանանց հղիությունից բռնի կանխարգելում կամ ամլեցում է պարտադրվում: Իգական սեռի հանդեպ աղաղակող ոտնձգություններ էին կատարվում, օրինակ` Չինաստանում, որտեղ որդեգրված է միակ երեխայի քաղաքականությունը (որը ուժի մեջ կլինի առնվազն մինչեւ 2015թ.). շատերը ցանկանալով միայն արու զավակ ունենալ` արհեստական վիժեցման էին դիմում: Եւս մեկ պահանջ, որ ներկայացնում են ֆեմինիստ քննադատները` դա կանխարգելիչ դեղորայքի պարտադիր բժշկական թեստավորման անցկացումն է` այն կանանց համար անվտանգ դարձնելու նպատակով:
     Ի տարբերություն նախորդ երկու խմբերի, որոնք զգում էին հղիության կանխարգելման եւ բնակչության սահմանափակման կարիքը, բայց խտրություն էին դնում եղանակների միջեւ, քննադատների վերջին խումբը մերժում է վերահսկողության այս ծրագրերը պարզապես դրանց մեջ անհրաժեշտություն չտեսնելով: Ջուլյան Սայմոնն, օրինակ, գտնում է, որ երկրագնդի բնակչության թվաքանակի մեծացման մեջ ոչ մի վտանգ չկա, մոլորակը կարող է բավարարել բոլորի պահանջմունքները, պետք է սոսկ  սննդարդյունաբերության նոր տեխնոլոգիաներ, բնական ռեսուրսների շահագործման եւ պահպանման կատարելագործված ստանդարտներ մշակել:
    Ինչ վերաբերում է ընտանիքում ծնված երեխաների թվի վերահսկման էթիկական կողմին, ապա որդեծնությանը նպաստելու կամ խոչընդոտելու համար պետական քաղաքականության դեպքում հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի: Որոշ երկրներում բազմազավակ մայրերը խրախուսվում են շքանշաններով, սոցիալական արտոնություններով եւ պարգեւավճարներով: Կան նաեւ պետություններ, որտեղ հակառակ արդյունքն է ստացվում քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին կենցաղային արտոնություններ պարգեւելու շնորհիվ: Օրինակ` Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքը ստանում է ավելի լավ աշխատանք, բնակմակերես, իսկ բազմազավակ ընտանիքները ֆինանսական եւ բարոյական տույժերի են արժանանում: Պետական մարմինների մոտեցումից է կախված նաեւ ընտանիքի պլանավորման ծրագրերի թիրախ հանդիսացող խավերի ընտրությունը (ամոթալի կլիներ, նման թիրախի դերում հայտնվեր աղքատ բնակչությունը կամ անցանկալի ազգային փոքրամասնություն տվյալ երկրում): Ամեն դեպքում արհեստածին միջոցներով խախտվում է սերնդաբերության բնական ընտրության իրավունքը:
   Որպես բնակչության թվաքանակի աճը կարգավորող միջոց ուսումնասիրողները տեսնում են XXI դարակեսին սպասվող ժողովրդագրական տեղաշարժերը, որոնք կհավասարակշռեն ծնելիության-մահացության, կյանքի միջին տեւողության եւ կենսամակարդակի ցուցանիշերը:


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.