Tuesday, June 12, 2012

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ "ԺՈՂՈՎՈՂ" ԳՐՔՈՒՄ


Vanitas vanitatum, omnia vanitas.
Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է... (Ժողովող 1:2)

  Աստվածաշնչի ՙԺողովող՚ գիրքը դարերի ընթացքում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Սակայն բոլոր ուսումնասիրողները նկատել են գրքի խորին փիլիսոփայական հենքը: Ժողովողին հաճախ անվանել են պարզապես հոռետես եւ ՙկրոնական հակումներով ագնոստիկ՚: Բայց ականջ դրեք Northrop Frye-ի կես-կատակ խորհրդին. ՙԵրբ մեկնություններում ընթերցեք, թե Ժողովողն իրականում ծեր եւ հոռետես մարդ էր, ով անդադար բողոքում էր կյանքից, ապա գիրքն աղբարկղ նետեք եւ վերընթերցեք ՙԺողովողի՚ գիրքը, քանզի դուք սխալ եք ընկալել խորաթափանց ու ճկուն մտքի տեր հեղինակի զգացմունքային դիրքորոշումը՚:
   Աստվածաշնչի այս գիրքն ընթերցելիս, երբ հանդիպում ենք հեղինակի հետեւյալ խոսքերին. ՙ...Ես սիրտս տվեցի ճանաչելու իմաստությունը, ... քանզի մարդ կա, որի աչքին գիշեր թե ցերեկ քուն չի գալիս՚ (8:16), անմիջապես մեր մտքում զուգորդում է առաջանում Դավիթ Անհաղթի ՙՓիլիսոփայության սահմանման՚ առաջին տողերի հետ. ՙՈվքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում եւ պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին ՙմնաք բարյավ՚ ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան՚:
   Փիլիսոփայության սահմանումն, իր դասական ընկալմամբ, իրականացվել է հաջորդաբար` մարդկության տարբեր դարաշրջաններում: Այն իր ոդիսականն սկսել է անտիկ շրջանում` սկիզբ առնելով Պյութագորասից, Արիստոտելից, Պլատոնից եւ ձգվել մինչեւ ուշ բյուզանդական շրջան` Նիկիֆոր Վլեմիդաս (XIII դար): Դարերի ընթացքում, հենվելով նախորդների փորձերի վրա` փիլիսոփայությունը ջանացել են սահմանել գրեթե բոլոր հասարակություններում. հայ իրականության մեջ ռահվիրա դարձավ Դավիթ Անհաղթը (VI դար), այնուհետեւ այս շարժումը ներառեց բյուզանդական (Հովհան Դամասկացի - VIII դար) եւ արաբա-պարսկական (ալ-Քինդի, Ֆարաբի, Ավիցեննա - IX-XI դդ.) աստվածաբանական-իմաստասիրական մտքի խոշորագույն ներկայացուցիչների: Ճիշտ է, ուշ միջնադարում եւ արդի շրջանում այս նպատակը հետապնդվել է արդեն այլ մեթոդներով եւ հաճախ ծպտված կերպով, բայց բոլոր փիլիսոփաներն ու աստվածաբաններն անխտիր այս կամ այն կերպ տվել են փիլիսոփայության սահմանումներ:
   Այսպիսով, Ժողովողը եղավ այս հիմնահարցը հրեական մտածողության դաշտ տեղափոխողը: Առաջին հերթին պետք է փնտրենք այս իրադարձության տեղի ունենալու օբյեկտիվ պատճառները: Ժամանակային եւ քաղաքական պարագաները, անտարակույս, փութացրին սեմական իրականության մեջ անդրադարձը այս հարցերին եւ դրանց պատասխանների որոշակիացումը: Ահագնացող հելլենիստական աշխարհը լուսավորության հետ մեկտեղ բերում էր նվիրական արժեքների ժխտումը եւ խորին ճգնաժամի մեջ էր նետում հրեական աշխարհընկալումը: Միօրինակության սովոր Մերձավոր արեւելքը հայտնվեց բազմազան գաղափարախոսությունների խաչմերուկում, որոնք ստիպում էին պատասխանել մինչ այդ չտրված հարցերի եւ ստեղծել բարեփոխված արժեհամակարգ: Այս մարտն էր, որ իր վրա ընդունեց Ժողովողը, ով որոշեց սեմական աշխարհընկալումն ու աստվածճանաչողությունը միավորելով իր կողմից կշռադատված եւ զտված անտիկ իմաստասիրությանը, արտածել փիլիսոփայությունն իբրեւ կեցություն սահմանող մի կուռ համակարգ:
  Աստվածաշնչի այս գրքում Արիստոտելի, Պլատոնի, Պյութագորասի հայացքները իդեալիստական սկզբունքով սերտորեն միահյուսված են ստոյիկյան բարոյախոսության հետ, սակայն, ամբողջությամբ վերցված, ներհակ փիլիսոփայական հայացքները հանճարեղ կերպով հաշտեցված են եւ որեւէ ցցուն հակասություն շարադրանքի մեջ չի նկատվում, ավելին` վերոհիշյալ մտածողների ուսմունքները չափազանց կարեւորվել են Ժողովողի կողմից եւ կիրառվել իբրեւ մեթոդաբանական հիմք գոյաբանական եւ իմացաբանական խնդիրների առաջադրման եւ լուծման ժամանակ: Հեղինակի համար բնութագրական է անտիկ հունական մտածողությունը եւ ձգտումը հաղորդ մնալու հին հունական փիլիսոփայությանն ու մշակութային արժեքներին: Լայնորեն կիրառված են անտիկ մտածողների եւ դասական գրողների գաղափարները: Ընդսմին, հիմքում որոշակիորեն ենթադրելով հուդայականության հոգեւոր կոնտեքստ, հեղինակը ուղղակիորեն չի վկայակոչում ո'չ Թորան, եւ ո'չ էլ որեւէ անտիկ սկզբնաղբյուր: Նաեւ սրանում է ՙԺողովողի՚ գրքի բացառիկությունը` որպես փիլիսոփայական երկասիրություն. բոլոր թեր եւ դեմ (pro et contra) փաստարկները ներկայացվում են հեղինակի մենախոսության պահին` ասես նրա ներհայեցողության հայելու մեջ, եւ այս մոտեցումը պաշտպանում է նաեւ Արիստոտելը` ասելով. ՙՑանկացած թեզիս կամ ձեւակերպում պաշտպանելու համար նախ ինքդ պետք է գրոհես այն՚: Այս հնարքը, ըստ Ստրագիրացու, կոչվում է` ՙխոսել երկու կողմերի փոխարեն՚ ("speaking on both sides"): Ինչպես նկատել է S. Cahen-ը, ՙԺողովողի գիրքը մի մեծ մենախոսություն է, որը մտածված է կյանքը իր ողջ էներգետիկ բնորոշիչներով ցուցադրելու համար, ինչը խոսում է հեղինակի խորքային մտածողության մասին: Ողջ երկը մաքսիմներով մեղմացված սկեպտիցիզմ է՚: Հրեական մտածողությանը առհասարակ բնորոշ է թեր եւ դեմ փաստարկների եւ բազմազան տեղեկությունների համադրմամբ ճշմարտության բացահայտումը: Նման սկզբունք է որդեգրվել նաեւ հրեական Թալմուդի գրության ժամանակ: 



   ՙԺողովողի՚ գիրքն ընդգրկում է անտիկ փիլիսոփայության գրեթե բոլոր բնագավառները` գոյաբանությունը, իմացաբանությունը, բարոյագիտությունը, գեղագիտությունը եւ տրամաբանությունը, ինչպես նաեւ հոգեբանությունը, որոնք, ինչ խոսք, ավելի վաղ մասնակիորեն արծարծված էին նաեւ Աստվածաշնչի նախորդ գրքերում: Ժողովողը հրեական իրականության մեջ եղավ առաջին փիլիսոփան եւ աստվածաբանը, ով, եզրափակելով այս երկարատեւ գործընթացը` ա) հստակ սահմանեց եւ զատորոշեց փիլիսոփայության հետապնդած խնդիրների շրջանակը, բ) ուղենշեց հեռավոր եւ մերձավոր նպատակները, գ) տվեց այս գիտության ենթակայական, ստուգաբանական, նպատակային ու բաղդատական սահմանումներ եւ սահմանակարգումներ:
   Հեղինակի մտապատկերում անտարակույս եղել են փիլիսոփայության սահմանման անհրաժեշտությունը եւ աշխարհի ճանաչելիության հաստատումը` ելնելով դրանց անհրաժեշտությունից հոգեկան եւ բարոյական կատարելության հասնելու ճանապարհին: Այսպիսով, մեզ մնում է վերջնականապես պարզել միայն ՙԺողովողի՚ գրքի ստեղծման մոտիվը, որը, բացի հելլենիստական եւ սեմական մշակույթների եւ արժեհամակարգերի դիմակայությունից, ավելի ծանրակշիռ դրդապատճառ պետք է ունենար: Փիլիսոփայության սահմանման փորձերի պատմությունը դիտարկելով իր ամբողջության մեջ, դժվար չէ նկատել հակառակության աղբյուրը, որը բացահայտ կամ անուղղակի կերպով օրինաչափորեն արտացոլված է բոլոր իմաստասերների աշխատություններում: Փիլիսոփայության գոյությունն ու անհրաժեշտությունը, աշխարհի ճանաչելիությունը ապացուցման կարիք զգացին հատկապես էֆեկտիկոսների (սկեպտիկների եւ ագնոստիկների) ուղղության հիմնադիր Պիհռոն Էլիդացու (Ք.ա. մոտ 365-275թթ.) հերքողական տեսության հետեւանքով: Ժողովողը առաջնահերթ պետք է հերքեր նրա գաղափարները եւ ցույց տար դրանց կատարյալ անհեթեթությունը:
   Եթե փորձենք հիմնական գծերով ներկայացնել Ժողովողի բերած փիլիսոփայության սահմանումը, ապա պետք է նշենք, որ օգտվելով հանդերձ անտիկ փիլիսոփայության դասականներ Պյութագորասի, Պլատոնի եւ Արիստոտելի փիլիսոփայության սահմանումներից, Ժողովողը չի կառչում դրանց եւ նույնաբար չի կրկնօրինակում, այլ, նոր ընթացք տալով հիմնարար դատողություններին` կերտում է սեփական փիլիսոփայական սիստեմը եւ ձեւակերպում սեմական մենթալիտետին համահունչ իմաստասիրության ըմբռնումը: Այդ իսկ պատճառով ժանրային ուղղվածությամբ Ժողովողը չի հեռացել հրեական իմաստասիրական գրականության (wisdom) մոդելից եւ պահպանել է դրան բնորոշ ուսուցողա-խրատական շեշտը, որի հեռավոր նպատակը ամենքին ճշմարիտ կեցության բանալին պարգեւելն է, §գիտություն սովորեցնելը ժողովրդին¦ (12:9), §ճշմարիտ խոսքերի ուսանելի մի գիրք¦ գրելը (12:10), գտնելը §բարին մարդու որդիների համար, որպեսզի նրանք այն անեն արեգակի ներքո` իրենց պարգեւված կյանքի օրերին¦ (2:3):  Ուղենշելով փիլիսոփայության հիմնական նպատակները` հեղինակը տալիս է դրանց առավելաբար բարոյական ուղղվածություն: Գիտելիքին, չնայած դրա անհրաժեշտությանն ու կարեւորությանը, սոսկ օժանդակ դերակատարություն է վերապահված: Առաջնահերթությունը տրված է նախեւառաջ փիլիսոփայության գործնական, կենսական կիրառությանը, այսինքն` անարատ ու անբիծ կենցաղին, բանականության միջոցով կրքերի եւ զգացմունքների հնազանդեցմանը, որը եւ հանդիսանում է մայր գիտության վերջնական եւ գերագույն նպատակը:
  Ժողովողի կազմած փիլիսոփայական տեսության մեջ Աստված չի շահարկվում իբրեւ փաստարկման միջոց, այլ պատկերանում է մեզ իբրեւ բացարձակ Գոյ, ինչպես եւ է այլ փիլիսոփայական համակարգերի գերակշիռ մասում: Կուռ մտածողության եւ շարադրանքի փաստարկվածության հետ մեկտեղ, սակայն, Ժողովողը` որպես փիլիսոփա, զերծ չէ որոշակի կողմնապահությունից: Հեղինակի մեջ դեռ կենդանի եւ զորեղ է հրեան` իր կրոնական հայացքներով եւ ենթադրաբար սադուկեցիական պատկանելիությամբ, ինչն, այնուամենայնիվ, չի ստվերում գրքի մեծությունը եւ չի նսեմացնում նրա արժեքը:
Փորձե՛ք կարդալ ՙԺողովող՚-ի գիրքը փիլիսոփայի աչքով եւ այս սահմանումները կհառնեն ձեր աչքի առջեւ.

  • փիլիսոփայությունը գիտություն է գոյերի մասին` որպես այդպիսին,
  • փիլիսոփայությունը գիտություն է աստվածային եւ մարդկային իրողությունների վերաբերյալ,
  • փիլիսոփայությունը խոկում է մահվան մասին,
  • փիլիսոփայությունը մարդկային կարողության չափով Աստծուն նմանվելն է, փիլիսոփայությունը սեր է իմաստության նկատմամբ...


Բերված հատվածն իմ "Ժողովողի" գրքի առնչությունը անտիկ հունական փիլիսոփայության եւ մշակույթի հետ" մագիստրոսական թեզի գլուխներից մեկի ներածական մասն է...
Վ.Ա.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.