Խաղամոլությունը կարող
է սահմանվել իբրեւ մեկ անձից մյուսին նյութական արժեքների փոխանցում, ինչը կատարվում
է առավելապես պատահականության սկզբունքով: Այն տարբերվում է պատահականության սկզբունքով
առաջնորդվող խաղերից, որոնցում իրական նյութական արժեքներ չեն անցնում մյուսներին:
Խաղամոլությունը տարբերվում է նաեւ այլ ռիսկային արարքներից (օրինակ` պետական պարտատոմսերի
շուկայում ներդրումներ կատարելուց), որոնց պարագային նյութական արժեքների փոխանցումը
չի կատարվում սոսկ պատահականության սկզբունքով: Ներդրում կատարելիս ռիսկ գոյություն
ունի (եւ բարձր ռիսկի գնալը կարող է իմաստուն քայլ չլինել), բայց սովորաբար պետական
պարտատոմսերի շուկայում ռիսկը հաշվարկված է, ինչը նշանակում է, որ ներդրումների կատարման
համար ռացիոնալ գործընթաց է ընտրվել: Բայց եթե որեւէ մեկը պարզապես մետաղադրամ նետելով
որոշի, թե պարտատոմսերի շուկայի որ հատվածում կատարի ներդրումը, ապա սա կնմանվի մեր
սահմանած խաղամոլությանը: Խաղամոլության լայն տարածում ստացած դրսեւորումներից է վիճակախաղը:
Աշխարհում օրեցօր ընդարձակվում է նաեւ խաղատների շուկան:
Խաղամոլության դեմ բերված
բարոյական փաստարկները կարելի է բաժանել երկու խմբի` առաջին` որոնք քաղված են հատուկ
հայտնությունից (Սբ. Գիրք), եւ երկրորդ` ընդհանուր հայտնությունից առնվածներ: Երկրորդ
խմբի փաստարկները ներառում են բանականությունը, ընդհանուր ընկալումները եւ բարոյական
բնատուր կողմնորոշման կարողությունը, որոնք հիմնված են համայն մարդկության սրտում գրված
օրենքի վրա (հմմտ. Հռ. 2:15): Առաջին հերթին եկեք ուսումնասիրենք այս հարցի վերաբերյալ
աստվածաշնչյան տեղեկությունները:
Բազում աստվածաշնչյան
սկզբունքներ հորդորում են մեզ չտարվել խաղամոլությամբ: Բայց քանի որ որոշ անձինք փորձում
են կիրառել Աստվածաշունչը խաղամոլությունն արդարացնելու նպատակով, ապա անհրաժեշտ է
պատասխանել նրանց փաստարկներին: Խաղամոլության կողմնակից հեղինակներից մեկը հայտարարել
է. "Հուդայա-քրիստոնեական բարոյագիտության հիմքը հանդիսացող Աստվածաշունչը, ո'չ
Հին եւ ո'չ էլ Նոր Կտակարաններում դեմ չի արտահայտվում խաղամոլությանը": Ամեն
դեպքում, ինչպես եւ կտեսնենք, այսպիսի պնդման համար որեւէ հիմնավորում գոյություն չունի:
Իսրայելի երկիրը բաժանելիս
Հեսուն վիճակ նետեց Աստծո կամքն իմանալու համար (Հեսու 14:2): Առաքյալները վիճակ նետեցին
նոր առաքյալ ընտրելու համար (Գործք 1:26): Բայց այս արարքները սխալ չէին, քանի որ Առակաց
գրքում ասված է. "Վիճակը նետված է, սակայն ամեն բան Տերն է որոշում"
(16:33, հայերենում իմաստն այլ է, թարգմանված է KJV-ից): Հարկ է ասել, որ այս եղանակը
վստահաբար աստվածային վավերացում ունի եւ խաղամոլություն չէ: Ինչո՞ւ, որովհետեւ այսպես
վարվելով արժեքավոր ոչինչ ռիսկի չի մատնվել: Մարդիկ այսպես վարվելով պարզապես կիրառել
են Աստծո համար ընդունելի միջոցը Տիրոջ կամքն իմանալու համար: Երբ Հիսուս խաչն էր բարձրացվում,
հռոմեացի զինվորները նրա պատմուճանի համար վիճակ էին գցում (Մատթ. 27:35): Սա ճշմարտություն
է, բայց այս արարքն ընդունելի չէր Աստծո համար: Աստվածաշունչը պարզապես նկարագրում
է նրանց գործողությունները, այլ ոչ թե արդարացնում խաղամոլությունը: Զինվորները նաեւ
խաչեցին Հիսուսին, բայց, ինչ խոսք, արարքը չի արդարացվում:
Երբեմն մատնանշվում է
այն հանգամանքը, որ ՙխաղամոլություն՚ եզրը անգամ չի հիշատակվում Աստվածաշնչում: Անկասկած,
եթե այն կարեւորություն ունենար, ապա այս հարցին առնվազն որոշ անդրադարձ պետք է կատարված
լիներ: Պատասխանելով, ասենք, որ սա շատ թույլ փաստարկ է, քանի որ կան շատ իրողություններ,
որոնք Աստվածաշնչում իրենց իրական անվամբ հանդես չեն գալիս, սակայն որոնց առնչությամբ
Սբ. Գիրքը հստակ ուսուցում ունի` արտահայտված թեր եւ դեմ դիրքորոշումներով: Օրինակ`
"Երրորդություն" եզրը չի հանդիպում Աստվածաշնչում, սակայն Սբ. Գիրքը ակնհայտ
կերպով վկայում է վարդապետության ճշմարտացիությունը (Մատթ. 3:16; 28:18-20; Հովհ.
1:1,14; Բ Կորնթ. 13:14; Կող. 2:9; Եբր. 1:8): "Բռնաբարում", "սեռական
բռնություն" կամ "ընտանեկան բռնություն" եզրերը նույնպես չեն հանդիպում
Սբ. Գրքում: Սակայն Աստվածաշնչում այս արարքների դեմ սկզբունքներ են պարունակվում:
Ուրեմն միայն այն պատճառով, որ "խաղամոլություն" եզրը չի հանդիպում Սբ. Գրքի
շատ թարգմանություններում, չի նշանակում, որ Սբ. Գիրքը դեմ չէ այս արարքին: Ավելին,
"խաղամոլություն" եզրը հանդիպում է Սբ. Գրքի որոշ թարգմանություններում:
Թարգմանություններից մեկում (Living Bible) ասված է. "Խաղամոլությամբ դիզված կարողությունը
արագ կկորչի" (հմմտ. Առակաց 13:11): Ինչպես կներկայացվի ստորեւ, Սբ. Գիրքը անվանապես
դեմ չէ խաղամոլությանը, սակայն դեմ է սկզբունքայնորեն:
Գոյություն ունեն բազում
աստվածաշնչյան սկզբունքներ, խրատներ եւ անգամ պատվիրաններ, որոնք դեմ են խաղամոլությանը:
Ավելին, Տասը պատվիրաններից առնվազն երեքը դեմ են խաղամոլությանը: Դիտարկենք այդ տեղիները:
Խաղամոլությունը
ագահության կամ ժլատության տարատեսակ է
Տասներորդ պատվիրանն
ասում է. "Ո'չ քո մերձավորի տան..., ո'չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է`
աչք մի' ունեցիր" (Ելք 20:17): Պողոս առաքյալը հավելում է. "Բոլոր չարիքների
արմատը փողասիրությունն է" (Ա Տիմ. 6:10): Խաղամոլությունը հաճախ ագահության դրսեւորում
է հանդիսանում եւ խաղամոլության շարժառիթը դասվում է այս կարգին:
Խաղամոլությունը
գողության տարատեսակ է
Ութերորդ պատվիրանը հրամայում
է. "Մի' գողացիր" (Ելք 20:15): Իսկ վիճակախաղում դրսեւորվող խաղամոլությունը
աղքատից անուղղակիորեն կատարվող գողություն է: Իշխանությունների կողմից հովանավորվող
վիճակախաղերում ավելի շատ մասնակցում են աղքատները, հետեւաբար նրանք են ավելի շատ վճարողները:
Ի տարբերություն հարուստների, աղքատները վիճակախաղի ընդհանուր դրամագլխին տրամադրում
են իրենց եկամտի ավելի մեծ մասը: Հետեւաբար, նրանք իրենց եկամտի համեմատ ավելի մեծ
ներդրում ունեն, քան հարուստները: Վիճակախաղերի հովանավորումը հանգեցնում է աղքատների
ֆինանսական բեռի ծանրացմանը:
Խաղամոլությունը
կռապաշտության դրսեւորում է
Խաղամոլությունը խախտում
է նաեւ առաջին պատվիրանը, քանի որ այն կարող է կուռքի վերածվել ոմանց համար: Տիրոջ
կողմից հաստատված վաստակելու (այսինքն` աշխատելու) ճանապարհին հետեւելու փոխարեն խաղամոլները
հույսը դնում են խաղամոլության վրա, ինչպես "աստծո", ով իրենց կապահովի անհրաժեշտ
ամեն ինչով: Սակայն առաջին պատվիրանն ասում է. "Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի
լինեն քեզ համար" (Ելք 20:3): Հիսուս ասաց. "Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը...,
եւ այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա" (Մատթ. 6:33): Խաղամոլությունը աստվածասիրությունից
առավել արծաթասիրություն է:
Խաղամոլությունը
աղքատների հարստահարման տարատեսակ է
Խաղամոլությանը դեմ լինելու
մեկ այլ պատճառ է նաեւ այն, որ վերջինս աղքատների հարստահարման միջոց է: Եսայի մարգարեն
գրում է. "Տերն ինքը դատելու է իր ժողովրդին...: Տնանկից հափշտակվածը ձեր տներում
է: Դուք ինչո՞ւ եք զրկում իմ ժողովրդին եւ ամոթահար անում տնանկներին" (Ես.
3:14,15): Ամոսի մարգարեությունում ասված է. "Լսեցե'ք Տիրոջ խոսքը Բասանի երինջներ,
որ Սամարիայի լեռներում եք, որ զրկում եք աղքատներին եւ ոտքի տակ եք գցում տնանկին"
(Ամոս 4:1): Ուրեմն խաղամոլությունը (հատկապես` վիճակախաղը) սխալ է, քանի որ այն աղքատների
հարստահարման տարատեսակ է:
Խաղամոլությունը
Տիրոջ հանդեպ թերահավատության նշան է
Շատերը տրվում են խաղամոլությանը
իրենց կենսամիջոցները բազմապատկելու համար: Ջանադիր աշխատելու եւ Աստծուն հուսալու
փոխարեն նման մարդիկ հույս ունեն, որ բախտի տիրուհին կբարվոքի իրենց կյանքի վիճակը:
Հիսուս ասաց. "Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել... չեք կարող ծառայել Աստծուն
եւ մամոնային" (Մատթ. 6:24): Մարդը պետք է հավատա Աստծուն, այլ ոչ թե խաղամոլությունը
վերածի վաստակելու միջոցի:
Խաղամոլությունը
աստվածատուր պարգեւների տնօրինման անհաջող միջոց է
Սաղմոսերգուն հաստատում
է, որ "Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով"
(Սղմ. 23:1): Պողոս առաքյալը նշում է. "Տնտեսների մեջ փնտրվում է նա, թե ով հավատարիմ
կգտնվի" (Ա Կորնթ. 4:2; հմմտ. Մատթ. 25:21): Խաղամոլությունը չի նկատում այն հանգամանքը,
որ ամենն, ինչ որ մենք ունենք` Տիրոջից է եւ պատկանում է Նրան: Դավիթն ասում է. "Քոնն
է ամեն ինչ եւ քեզնից ստացածն է, որ տալիս ենք քեզ" (Ա Մնաց. 29:14): Պողոս առաքյալը
հավելում է. "Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու..., որն ստացել
եք Աստծուց եւ դուք ձեր տերը չեք... փառավորեք Աստծուն ձեր մարմինների մեջ" (Ա
Կորնթ. 6:19,20): Ուստիեւ մենք մեր ունեցածից ոչինչ չպետք է վատնենք կամ մսխենք խաղամոլության
միջոցով:
Խաղամոլությունը
շրջանցում է Տիրոջ կողմից հաստատված կենսակերպը
Առաջին մարդուց` Ադամից,
մինչեւ մեր օրերը, Տիրոջ կողմից հաստատված կյանքի ուղին կայանում է "մեր երեսի
քրտինքով հացը վաստակելու" մեջ (Ծննդ. 3:19): Պողոս առաքյալն ասում է թեսաղոնիկեցիներին.
"Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի" (Բ Թես. 3:10): Ինչպես ճշմարտացիորեն
ասված է մի գովազդում. "Մենք գումար ենք ստեղծում հնաոճ եղանակով` մենք այն վաստակում
ենք": Վաստակել, ոչ թե` շահել, ահա սա է Աստծո կողմից հաստատված եկամուտ ստանալու
ուղին: Փաստացի, խաղամոլների ճնշող մեծամասնության պարագային խաղամոլությունը դրամ
կորցնելու, ոչ թե վաստակելու միջոց է:
Խաղամոլությունը
ոչնչացնում է մարդկային արժանապատվությունը
Հանուն շահույթի խաղամոլությունը
ապացուցում է իրեն անհրաժեշտը վաստակելու տվյալ մարդու անկարողությունը: Այն անձը,
ով չի կարողանում վաստակել իրեն անհրաժեշտը կորցնում է ինքնահարգանքը: Ուստի, խաղամոլությունը
կարող է ոչնչացնել մարդկային արժանապատվությունը: Մարդու ինքնահարգանքը վերականգնելու
լավագույն ուղին աշխատանքի նկատմամբ գեթ փոքր սեր արթնացնելն է: Խաղամոլությունը փոխարինելով
աշխատանքին` ինքնահարգանքի կորստի է տանում:
Խաղամոլությունը
բարոյալքող ազդեցություն է գործում հասարակության վրա
Խաղամոլությունը խմորիչի
պես է: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. "Մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածը խմորում
է" (Ա Կորնթ. 5:6): Խաղամոլությունը բարոյալքող ազդեցություն է գործում հասարակության
վրա: Պողոսը հավանություն տալով մեջբերում է Մենանդրոսի միտքը. "Վատ ընկերները
ապականում են լավ բարքերը" (Ա Կորնթ. 15:33): Խաղամոլությունը բարոյալքող ազդեցություն
է գործում` օրինական գործարարությունից միջոցներ խլելով, աղքատներից ու կարիքավորներից
դրամ շորթելով, նպաստելով քրեական հանցանքերի ու մարմնավաճառության տարածմանը:
Խաղամոլությամբ
չտարվելու այլ բարոյական եւ կենցաղային պատճառներ
Աստվածաշնչում ներկա
աստվածային հայտնության հանդեպ հավատից զատ գոյություն ունեն խաղամոլությամբ չտարվելու
բազում այլ պատճառներ: Դրանք հայտնի են դառնում փորձառության, կողմնորոշվելու կարողության,
ընդհանուր ընկալումների եւ առողջ բանականության շնորհիվ: Խաղամոլության դեմ բերվող
պատճառները հետեւյալն են` վիճակագրությունը ապացուցում է խաղամոլության վնասաբերությունը,
խաղամոլության ոլորտը կլանում է առողջ տնտեսության միջոցները, այն դրամական մեծ կորուստներ
է պատճառում աղքատ խավին, բարոյալքում հասարակությունը` խրախուսելով քրեական հանցագործությունները,
թմրանյութերի կիրառումը եւ մարմնավաճառությունը, հոգեբանական կործանարար ազդեցություն
է գործում մոլի խաղորդների վրա: Ջորջ Վաշինգտոնն ասել է. "Խաղամոլությունը ագահության
զավակն է, անօրինության եղբայրը եւ հայրը վնասարարության":
Իմաստուն մարդուն այս
մեկ միտքն էլ բավական է ճիշտ որոշում կայացնելու համար. նրանք ովքեր երբեք չեն տրվել
խաղամոլությանը` երբեւէ կորուստներ չկրելու կատարյալ հնարավորություն ունեն: Մարկ Տվենը
սրամտելով մի իմաստուն միտք է հայտնել.
"Զառի ամենահաջող նետումը` դեն նետելն է..."
Հատված Նորման Գայսլերի "Քրիստոնեական բարոյագիտություն" աշխատությունից: Գրքի ողջ թարգմանությունը պատրաստվում է տպագրության:
Վ.Ա.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.