Sunday, July 8, 2012

Domine, quo vadis? - Տե՛ր, ո՞ւր ես գնում


   Հոդվածի վերնագրում բերված խոսքերը վստահաբար ծանոթ են ձեզ: Ամենքիդ հայտնի պետք է լինի Հենրիկ Սենկեւիչի "Յո՞ երթաս" ստեղծագործությունը (իմիջիայլոց՝ կարդում ենք "հո", այլ ոչ թե՝ "յո"): Այս խոսքերը պահպանված են կեղծ-Մարցելլոսին վերագրվող "Գործք Պողոսի եւ Պետրոսի առաքելոց" II-IIIդդ.-ի լատիներեն պարականոն երկում ("Virtutes apostolorum Petri et Pauli"): Երկն ընդհանուր առմամբ համերաշխված է աստվածաշնչյան Գործք Առաքելոցի իրադարձությունների հետ եւ փորձում է լրացնել այն բացը, որը թողնված է Պողոս առաքյալի Հռոմում քարոզչության առնչությամբ: Այս գիրքն ուղղակիորեն վկայում է Պողոս եւ Պետրոս առաքյալների Հռոմում քարոզչության եւ սպանության, ինչպես նաեւ Վատիկանի հիմնադրման մասին:
   Ստորեւ թարգմանված երկի դրվագում ներկայացված է Պողոս եւ Պետրոս առաքյալների մահվան դատապարտությունը Ներոն կայսեր կողմից՝ Սիմեոն մոգին պատուհասելու համար: Հատկապես ցանկացել եմ ձեզ ներկայացնել հուզիչ այն դրվագը, որտեղ Պետրոսը հանդիմանվում է Տիրոջ կողմից Հռոմից փախչելու համար եւ արտասանում է հիշյալ խոսքերը: Թարգմանությունը կատարված է լատիներենին հարազատ անգլերեն բնագրից. Alexander Roberts & James Donaldson - The Ante-Nicene Fathers (down to 325 A.D.), Vol. 8, Edinburg, 1956:

 Հանիբալ Կարաչչի - "Domine, quo vadis?", 1601-1602թթ.

  Այնուհետեւ Պողոսն ու Պետրոսը հեռացվեցին կայսեր առջեւից եւ Պողոսը գլխատվեց* Օստեսյան ճանապարհին, իսկ Պետրոսը խաչի տարվելով ասաց.
- Քանի որ իմ Տեր Հիսուս Քրիստոսն, ով իջավ երկնքից երկիր, ճշմարտապես խաչը բարձրացվեց եւ շնորհ արեց ինձ՝ հողեղենիս, երկինք կանչվելու, ապա իմ խաչը պետք է գլխիվայր լինի**, որպեսզի իմ ոտքերը դեպի երկինք բարձրացված լինեն, քանզի արժանի չեմ իմ Տիրոջ պես խաչվելու:

Միքելանջելո - "Սբ. Պետրոսի խաչելությունը", 1600-1601թթ.

Եվ նրան կապելով խաչին, գամեցին գլխիվայր: Մեծ ամբոխ էր ժողովվել, ովքեր հայհոյում էին կայսերը եւ ցանկանում էին սպանել նրան, բայց Պետրոսը հանդարտեցրեց նրանց, ասելով.
- Մի քանի օր առաջ, կանչվելով եղբայրների կողմից, ես հեռանում էի [քաղաքից], երբ իմ Տեր Հիսուս Քրիստոսը ելավ իմ առջեւ: Նետվելով դեպի Նա, ես ասացի. "Տե՛ր, ո՞ւր ես գնում": Եվ Նա պատասխանեց. "Գնում եմ Հռոմ, որպեսզի խաչվեմ այնտեղ": Ես ասացի նրան. "Տե՛ր իմ, բայց չէ՞ որ դու մեկ անգամ արդեն իսկ խաչվեցիր ամենքիս համար": Տերը պատասխանեց ինձ ասելով. "Պետրո՛ս, տեսնում եմ քեզ մահվանից փախչելիս եւ ցանկանում եմ խաչվել քո փոխարեն": Եվ ես ասացի. "Տե՛ր, ես կդառնամ եւ կկատարեմ քո կամքը": Տերն ասաց ինձ. "Մի՛ երկնչիր, քանի որ ես քեզ հետ եմ": Ուրեմն, մարդի՛կ, մի խոչընդոտեք իմ ընթացքը, որովհետեւ իմ ոտքերն արդեն երկնքի ճանապարհին են: Մի՛ տրտմեք, այլ հակառակը՝ ցնծացեք ինձ հետ, որովհետեւ ես այսօր կստանամ իմ վաստակի պտուղը:
Եվ այս ասելով Պետրոսը դիմեց Տիրոջը.
- Գոհանում եմ քեզանից, Տե՛ր, հովիվ իմ, որովհետեւ այն ոչխարներին, որ հանձնեցիր ինձ, ոչ մեկին չկորցրի: Աղաչում եմ քեզ, Տե՛ր, որ ինձ հետ նրանք եւս մաս ունենան քո Արքայությունից:
  Արտաբերելով այս խոսքերը Պետրոսն ավանդեց հոգին: Եվ անմիջապես առաջ եկան շնորհալի եւ զորավոր այրեր, ովքեր ասացին. "Մենք հասել ենք այստեղ Երուսաղեմից եկած Տիրոջ մեծ եւ սուրբ առաքյալներին հետեւելով": Նրանք Մարցելլոսի հետ միասին, ով նշանավոր այր էր եւ հավատալով Պետրոսին հեռացել էր Սիմոն մոգից, վերցրին [Պետրոսի] մարմինը եւ ամփոփեցին մահապարտների կառափնարանին մոտ գտնվող մայրու ծառի տակ, այն վայրում, որ կոչվում է այժմ Վատիկան...

*Պողոս առաքյալն, ինչպես հայտնի է, Հռոմի քաղաքացի էր, իսկ քաղաքացիներին չէր կարելի խաչել, այլ մահապատժի կարելի էր ենթարկել միայն ծնկած դրության մեջ սրով գլխատման միջոցով:
**Պետրոսի խաչը միեւնույն Տիրոջ խաչափայտն էր, սակայն առաքյալը գլխիվայր խաչվեց: Այլ տեսք ուներ Անդրեաս առաքյալի խաչը, այն X-ձեւ էր:

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.