Ես հավատում եմ Սպինոզայի Աստծուն, ով հայտնվում
է իբրեւ համակարգող արարչության...
Ալբերտ
Էյնշտեյն
Բենեդիկտ (Բարուք) Սպինոզան (1632-1677թթ.)
նիդեռլանդաբնակ, ծագումով հրեա ռացիոնալիստ, նատուրալիստ փիլիսոփա է: Սպինոզան առանձնանում
է անտիկ շրջանից մինչեւ իր օրոք ապրող փիլիսոփաների հայացքների, դասական լեզուների
խորին իմացությամբ: Ազատախոհության եւ ոչ ուղղափառ հրեական գաղափարների պատճառով
1656թ.-ին հեռացվում է սինագոգից: Տրվելով իր ուսումնասիրություններին՝ Սպինոզան հրատարակում
է իր երկերից մի քանիսը. "Աստվածաբանական-քաղաքական տրակտատ", "Մետաֆիզիկական
մտածումներ", "Տրակտատ բանականության կատարելագործման մասին", որոնք
աթեիստի հռչակ են ստեղծում փիլիսոփայի անվան շուրջ: Փիլիսոփան վախճանվում է տուբերկուլյոզից,
44 տարեկան հասակում: Նրա մահից հետո, կտակի համաձայն լույս տեսած ստեղծագործությունները
1678թ.-ին արգելվեցին Նիդեռլանդների կառավարության կողմից:
Այս հոդվածի նյութն է 1675թ.-ին ավարտին հասցված
Սպինոզայի հնգամասնյա "Էթիկա"-ի Աստծո մասին (De Deo) 1-ին գլուխը: Ստորեւ բերվող տողերը տարիներ
առաջ Սպինոզայի "Էթիկայի" իմ կողմից կատարված թարգմանությունն ու նշումներն
են: Զարմանալի է, թե ինչպես է փիլիսոփան այսքան համառոտ եւ շախմատային հստակությամբ
սահմանում Աստծո, արարածների եւ ողջ արարյալ աշխարհի էությունն ու փոխհարաբերությունները:
Ընդսմին, ոչ ոք չի կարող մեղադրել փիլիսոփային քրիստոնեական կողմնապահության մեջ:
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սուբստանց ասելիս ես հասկանում եմ ինքնագո
եւ ինքնուրույնաբար հանդես եկող էություն, որը կարիք չունի մեկ այլ էության միջոցով
ներկայացման:
2. Ատրիբուտ ասելով ես հասկանում եմ այն, ինչ
միտքը պատկերացնում է իբրեւ սուբստանցի բաղկացուցիչ որակ:
3. Մոդուսը ես ընկալում եմ իբրեւ սուբստանցի
վիճակ, այսինքն՝ դրսեւորման կերպ:
4. Աստված բացարձակ անվերջ էակ է, այսինքն՝
սուբստանց, որը պարունակում է անվերջ մեծ թվով ատրիբուտներ, որոնցից յուրաքանչյուրը
արտահայտում է հավերժական ու անվերջ իմաստ:
5. Ազատ է կոչվում այն էությունը, որը գոյություն
ունի իր բնության սոսկ անհրաժեշտության հետեւանքով եւ իրենով է միայն պայմանավորում
իր գործողությունները:
6. Հավիտենություն ասելով ես հասկանում եմ ինքնին
գոյությունը, քանի որ այն անհրաժեշտաբար բխեցվում է հավիտենական էության սահմանումից:
ԱՔՍԻՈՄՆԵՐ
1. Գոյություն ունեցող ամեն բան կամ գոյություն
ունի ինքնուրույնաբար կամ էլ պարունակվում է ինչ-որ էության մեջ:
2. Գործողությունն անհրաժեշտաբար բխեցվում է
սկզբնապատճառից: Հակառակ պարագայում այն չի կարող տեղի ունենալ:
3. Գործողության վերաբերյալ գիտելիքը կախված
է պատճառի ընկալումից:
4. Ընդհանուր եզրեր չունեցող իրերը չեն կարող
ճանաչվել միմյանց միջոցով:
5. Ցանկացած էություն, որը կարող է մտածվել
որպես գոյություն չունեցող՝ իր մեջ գոյություն չի պարունակում:
ԹԵՈՐԵՄՆԵՐ
1. Սուբստանցի եւ մոդուսի սահմանումներից բխում
է, որ սուբստանցը բնությամբ նախագո է իր վիճակներից:
2. Սուբստանցի բնությանը հատուկ է գոյությունը,
քանի որ այն իրենով է պայմանավորում իր գոյությունը:
3. Սուբստանցն անհրաժեշտաբար անվերջ է, քանի
որ վերջավոր լինելու պարագային այն պետք է սահմանափակվեր միեւնույն ատրիբուտն ունեցող
մեկ այլ սուբստանցի կողմից, ինչը հակասում է սահմանմանը:
4. Սուբստանցի ցանկացած ճշմարիտ ատրիբուտից
չի կարող հետեւել, որ սուբստանցը բաժանելի է:
Եթե սուբստանցը տրոհելի լիներ, ապա նրա մասերը
կամ պետք է պահպանեին նախնական սուբստանցի անվերջ բնությունը եւ կամ՝ ոչ: Առաջին դեպքում
կարող ենք պատճառաբանել, որ չեն կարող գոյություն ունենալ միեւնույն ատրիբուտն ունեցող
նույնական սուբստանցներ, իսկ երկրորդ դեպքում՝ սուբստանցը տրոհվելով կկորցներ իր բնությունը
եւ կդադարեր գոյություն ունենալուց:
5. Բացի Աստծուց ոչ մի սուբստանց չի կարող գոյություն
ունենալ կամ մտածվել:
Քանի որ Աստված բացարձակ անվերջ էություն է
եւ պարունակում է բոլոր գոյություն ունեցող ատրիբուտները, ապա եթե Նրանից դուրս սուբստանց
լիներ, պետք է ունենար այդ ատրիբուտներից մեկը, ինչը հնարավոր չէ:
6. Այն ամենն, ինչ գոյություն ունի՝ գոյություն
ունի Աստծո մեջ եւ առանց Աստծո ոչինչ չի կարող գոյություն ունենալ կամ մտածվել:
Քանի որ սուբստանցները պայմանավորված են Աստուծով,
ապա նրանց մոդուսները նույնպես Աստծո մեջ են, իսկ սրանցից բացի այլ բան գոյություն
չունի:
7. Աստված գործում է հետեւելով միմիայն իր բնության
օրենքներին եւ առանց որեւէ կողմնակի պարտադրվածության:
Քանի որ ամեն գոյություն պարունակվում է Աստծո
մեջ, ապա Նրանից դուրս չի կարող լինել մի բան, որը կողմնորոշեր կամ պայմանավորեր Նրա
գործողությունները: Այստեղից հետեւություն, որ միայն Աստված է ազատ սկզբնապատճառն ամեն
գոյության:
8. Աստված, կամ այլ խոսքով՝ Աստծո բոլոր ատրիբուտները
հավիտենական են:
Համաձայն հավիտենականության սահմանման եւ սուբստանցի
գոյության թեորեմի՝ Աստված հավիտենական է, հետեւաբար Նրա բոլոր ատրիբուտները նույնպես
հավիտենական են:
9. Աստծո կողմից արարված սուբստանցների բնությունը
իր մեջ հավիտենություն չի պարունակում:
Քանի որ Աստված է միակ գերագույն սուբստանցը
եւ ընդգրկում է ամեն ատրիբուտ ու սուբստանց, ապա միայն Նրան է հատուկ գոյությունը:
Հետեւաբար՝ Աստված ոչ միայն արարածների գոյության պատճառն է (causa essendi), այլեւ
նրանց կեցուցիչը:
10. Բոլոր արարյալ գոյությունները չեն կարող
մտածվել առանց Աստծո:
11. Առարկան, որը միտված է ինչ-որ գործողության,
անհրաժեշտաբար սահմանված է Աստծո կողմից եւ չի կարող ինքնուրույնաբար կողմնորոշվել:
Քանի որ իրերի ե՛ւ գոյությունը, ե՛ւ էությունը
պայմանավորված է Աստծով, ապա գործողությունները ենթակա են Նրան. այստեղից էլ հետեւում
է, որ նրանք չեն կարող ինքնուրույնաբար կողմնորոշվել:
12. Բանականությունը՝ լինի այն վերջավոր, թե
անվերջ, այնպես ինչպես կամքը կամ ցանկությունները՝ պատկանում են արարյալ էությունների
դասին (natura naturans):
Բանականությունը, կամքը, սերը եւ մյուս բոլոր կատարյալ մտածողության
մոդուսները ներկայացվում են Աստծո որեւէ ատրիբուտի կողմից, հետեւաբար բանականությունը
պետք է արարված լինի Աստծո կողմից:
Այսպիսով, ես բացահայտեցի Աստծո բնությունը
եւ Նրան բնորոշ գծերը՝ այն, որ Նա անհրաժեշտաբար գոյություն ունի, միասնական է, գոյություն
ունի եւ գործում է ելնելով միայն իր բնության անհրաժեշտությունից, հանդիսանում է բոլոր
արարածների ազատ սկզբնապատճառը: Գոյություն ունեցող ամեն ինչ պարունակված է Աստծո մեջ,
կախված է Նրանից եւ չի կարող առանց Նրա գոյություն ունենալ կամ մտածվել: Եվ վերջապես,
ամեն բան կանխորոշված է աստվածային կատարյալ բնության կողմից:
Բենեդիկտ Սպինոզա
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.