Quid habet amplius homo de labore suo?
Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից...
(Ժողովող 3:9)
Բլոգային
միջավայրում երկար լռությունից հետո որոշեցի նորոգել հոդվածներիս շարքը: Պատահական
չէ, որ ընտրել եմ հաջողության թեման, որովհետեւ օրեր շարունակ մտածում եմ մեր կյանքում
կարեւոր դիրք գրավող այս երեւույթի շուրջ եւ որոշակի անհանգստություն ունեմ: Բանն այն
է, որ կյանքի ներկա փուլում ինձ հաջողության ալիքն է ուղեկցում եւ իմ ձեռնարկները մեկը
մյուսի ետեւից հաջողությամբ են պսակվում: Ասացի, որ անհանգիստ եմ զգում ինձ, բայց օրեր
շարունակ չէի կարողանում գտնել պատճառը կամ անուն տալ իմ անհանգստությանը եւ ահա երեկ
աչքիս զարնեց Պաոլո Կոելիոյի մտքերից մեկը ու ես ինքս ինձ ասացի. "Սա է, որ կա...":
Հապա լսեք.
"Եթե
երբեւէ հասնես քո նպատակի իրականացմանը՝ կհասկանաս, թե ինչ եմ զգում այժմ: Ելք չկա...
հաջողությունը ստրկացնում է եւ միեւնույն ժամանակ այլասերում: Օրվա վախճանին, անկողնում
պառկած հարց կտաս ինքդ քեզ. "Արժե՞ր արդյոք... Ինչո՞ւ էի ես այդպես ուժգին ցանկանում
դա": Եվ քո մեջ կսկսեն պայքարել երկու ուժեր. առաջինը թելադրում է գոհանալ ճակատագրից,
երկրորդը՝ թողնել ամեն բան, քանի դեռ ուշ չէ..."
Այստեղ
որոշակիորեն խնդիր կա, համաձայն չե՞ք: Մարդուս մեջ հավերժ կենդանի պայքարի շարժիչ ուժը
մեզ մոտիվացիա է հաղորդում կյանքում նորանոր բարձունքներ հաղթահարելու համար: Նպատակասլաց
բնավորության տեր մարդկանց գրեթե միշտ հաջողվում է ընթանալ դեպի իրենց նպատակների իրականացումը
եւ շատերը իրենց բավարարված եւ երջանիկ են զգում այդքանով: Բայց օրինակ իմ ուղեղը որդն
է կրծում, որ մենք հաջողության ստվերում մի կարեւոր բան ենք թողնում, որն անցնում է
մեր կողքով: Ճի՞շտ է արդյոք կյանքը ստրատեգիական բաժանումներով պլանի վերածելը, մի՞թե
այդ է մեր նպատակը կյանքում եւ սոսկ այդքանն է մեզ տրված: Հավատացեք, որ խոսքերս հոռետեսական
չեն եւ ես բնավ անգործության կոչ չեմ անում, բայց կյանքը վստահաբար չեմ կարող նույնացնել
հաջողության մրցավազքի հետ եւ կյանքս գնահատել հաջողած լինելու սանդղակով:
Իրական
կյանքից չկտրվելու համար կարծում եմ մարդ պետք է կարողանա ժամանակ առ ժամանակ կամավոր
կերպով մեջքով շրջվել դեպի հաջողությունը եւ մտածել իր կյանքի բացարձակ արժեքի մասին:
Այլապես, կյանքի վախճանին մենք կարող ենք բացահայտել, որ մեր բոլոր հաջողությունները
թեեւ արձանագրվեցին, բայց խլեցին մեր կյանքի ողջ տեւողությունը: Թող իր քառյակով հաստատի
խոսքերս ամերիկացի մտածող եւ բանաստեղծ Հենրի Դեյվիդ Թորոն.
Ես
թաքնվեցի անտառում, որպեսզի կյանքս զուր չապրեմ,
Ճաշակելու
համար կյանքի ոսկրածուծը,
Արմատախիլ
անելու համար ամեն բան, որ ինքնին կյանքը չէ,
Որպեսզի
մահվան մահճում չզգամ, որ ես չեմ ապրել...
Այստեղ
"անտառն" անշուշտ աշխարհից ու մարդկությունից անվերադարձ հեռացում չի խորհրդանշում:
Տորոն գրեց այս տողերը իր երկամյա առանձնության մեջ, բայց անգամ ամբոխի մեջ չկորցրեց
այս թելը: Ես խոսում եմ երբեմն "անտառ" փախչելու խիզախության մասին, երբ
մարդը չնայած հաջողությունների տարափին սթափ է նայում իր ապրած կյանքին: Այլ կերպ անհնար
կլիներ բացատրել համաշխարհային պատմության մեջ հազարավոր այն դեպքերը, երբ հաջողակ,
հարուստ, ազդեցիկ մարդիկ մի օր զարնում են իրենց գլխին եւ հրաժարվում ամեն ինչից: Առաջին
հայացքից անհեթեթ է՝ կայսրը հեռանում է գյուղ կաղամբ մշակելու, մեծահարուստը վաճառելով
ունեցվածքը քաշվում է անապատ, իսկ փիլիսոփան ալարկոտ նստում է տակառում: Բայց հստակ
է, որ իրենց հաջողակ կյանքում մի օր արթնանալով այս մարդկանց աչքի առջեւ է եկել ծերության
օրերին իրենց սպասվող սոսկալի դատարկությունը եւ սա մղել է նրանց կտրուկ քայլերի:
Կյանքն
ապրված հանուն հաջողության անօգուտ է: Ինչպես կասեր Ալբերտ Էյնշտեյնը. "Ձգտիր
ոչ թե հաջողության հասնել, այլ՝ որպեսզի քո կյանքն իմաստավորվի": Մարդու կյանքում
առաջնային պլանում պետք է լինի մի վսեմ արժեք, լինի դա հումանիստական արժեք, հավատ,
թե արարելու ծարավ: Եվ անգամ ամբողջ կյանքում իրենց ուղեկցող անհաջողությունների պայմաններում
նման մարդիկ իրենց զգում են իրոք հաջողակ: Ավելին, երբեմն մահվանից հետո համաշխարհային
հռչակ ու պատիվներ են ստանում անհայտ ու արհամարհված նկարիչները, մարդկանց իրավունքների
պաշտպանները, իրենց կյանքը հավատով ապրած աննշան մարդուկները (իհարկե՝ հասարակության
աչքին): Այս կենսափիլիսոփայության լույսի ներքո այժմ հասկանալի է, թե ինչպես կարելի
է երանի տալ աղքատներին, մերժվածներին ու նեղյալներին (պետք է իմանաք, թե որտեղից են
այս խոսքերը), որովհետեւ նրանք իրոք արժեք ունեին իրենց կյանքում, որ իրենց հաջողակ
էր զգալ տալիս:
Ես
ասացի ու շունչս ազատեցի այս մտատանջությունից: Այնպես որ բարեկամներս չհետապնդենք
հաջողությունը, այլ մեր կյանքին հյուսենք շահ չհետապնդող երազանք ու այնպիսի արժեքներ,
որոնք մեզ չեն ստիպի զղջալ կյանքին հրաժեշտ տալու պահին: Իբրեւ վերջաբան լսենք մեր
բարեկամ Թորոյին.
"Եթե
մարդը նպատակասլաց կերպով ընթանում է դեպի իր երազանքը եւ ձգտում է ապրել այնպիսի կյանք,
որն իրոք ցանկանում է իր համար, ապա հաջողությունը կայցելի այդ մարդուն անսպասելի եւ
սովորական մի ժամի..."
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.