Monday, October 15, 2012

Հույզեր. ԶԱՅՐՈՒՅԹ



Զայրույթը մարդկանց կործանումն է եւ միևնույն ժամանակ՝ նրանց պաշտպանը: Իմացա՛ծ եղիր, ո՛վ իմաստուն, որ զայրույթը հավասարապես արմատ է բարիքի և չարիքի...
Մախաբխարատա, Ք.ա. VII դար

   Ի՞նչ ենք հասկանում "հույզեր" ասելով: Փորձենք բառային զույգեր կազմել. երբ ասում ենք հույզեր, առաջին բառը, որ զուգորդվում է մեր մտքում այս տերմինի հետ՝ "ապրումն" է: Մեկ կողմից ունենք մարդուն իր զգայություններով, իսկ մյուս կողմում՝ շրջապատող աշխարհը: Վերջինս չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե չկա շրջակա միջավայր, որից մշտապես ազդակներ ու գրգիռներ են ստացվում, ապա չկան եւ հույզեր: Միեւնույն մոդելի մեջ լիարժեք կերպով կարելի է տեղադրել զայրույթը, որը արտաքին աշխարհից ստացվող գրգիռներին մարդկային էության տված համարժեք արձագանքն է:
   Ինչո՞ւ ես հույզերից ընտրեցի հատկապես զայրույթը, որովհետեւ վերջինիս մասին խոսելիս  անմիջապես բացասական որակում է տրվում եւ այն դասում են իբրեւ բացասական եւ "վատ" հույզ: Սակայն, իմ կարծիքով, սա սխալ դիրքորոշում է: Ներկայում ընդունված դասակարգման համաձայն՝ զայրույթը մարդու տասը հիմնական (կամ առաջնային) կոչվող հույզերից մեկն է (Քերոլ Իզարդ): Ավելորդ է խոսել այն մասին, թե կենսականորեն որքան անհրաժեշտ են այս հույզերը մարդ անհատի եւ տեսակի պահպանման համար: Սրանք մեզ փոխանցվում են ի ծնե, այլ ոչ թե դաստիարակվում են մեր մեջ: Ըստ իս՝ չկան վատ կամ լավ հույզեր, յուրաքանչյուրը ինքնին անփոխարինելի է:

   Բայց այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը որ կանխակալ կարծիք գոյություն ունի զայրույթի հանդեպ: Հավանաբար մարդու սոցիալական պահվածքի վրա զայրույթի վնասակար ազդեցությունն է, որ փիլիսոփաներին ու աստվածաբաններին ստիպել է մերժողաբար մոտենալ վերջինիս: Խնդիրն այն է, որ ինքնին հասկանալի այս ձգտման մեջ՝ փորձ է արվել մարդկային կերպարի միջից դուրս հանել խանգարիչ ցանկացած դրսեւորում: Միեւնույն վերաբերմունքին է արժանացել մարդու սեռական պահանջմունքը: Ուտելու եւ քնելու մարդու բնական պահանջմունքներից ոչնչով չտարբերվող սեռական պահանջմունքը այլասերվածության հանգեցնելու մեծ ներուժի պատճառով մշտապես դասվել է մերժելիների շարքը: Ցայտուն օրինակ է վանականությունը (ոչ միայն քրիստոնեական) եւ ներհայեցողական պրակտիկ համակարգերը: Չեմ վիճում, որ անխռովությունն ու հուզականությունից զերծ մնալը կատարելություն են, բայց արդյո՞ք այս վիճակը կարելի է մարդկային կոչել: Իրենց հույզերն ու ցանկությունները մշտապես ճնշող անապատականները հաճախ անվանվում էին "հրեշտակներ երկրի վրա". բարի՛, թող լինեն հրեշտակներ, բայց մարդկանց ես չեմ տեսնում: Երբ ասում ենք մարդ, բանական եւ հոգեւոր էակ լինելուց զատ մենք հասկանում ենք օրինակ՝ ուրախացող, տառապող, հետաքրքրություն ցուցաբերող էակ իր բոլոր բնածին պահանջմունքներով: Ինչպես վկայում է լատիներեն ասույթը.

Homo sum, et nihil humanum a me alienum puto.
Մարդ եմ եւ մարդկային ոչինչ խորթ չէ ինձ:

   Եվ իրականում մեզանից վանելու ոչինչ էլ չկա: Հապա փորձեք խլել մարդուց նրա հույզերը եւ նա կվերածվի անհաղորդ մի էակի և այս ձգտումը ծայրահեղ վտանգավոր է:


   Քրիստոնեությունից մի օրինակ, եթե կուզեք: Քրիստոսն, ով կատարյալ մարդու միակ կենդանի կերպարն է համարվում, Աստվածաշնչում ներկայանում է մեզ իբրեւ բոլոր բնական հույզերն ու պահանջմունքները կրող մեկը (Քրիստոսը չէր քաշվում իր զայրույթը, հուզմունքը, տառապանքը, ցավը արտահայտելուց, քաղցում էր, արտասվում եւ հոգնությունից քրտնում): Աստվածային կատարյալ էություն ունեցողը երբ ցանկացել էր մարդ դառնալ, ոչ թե վերցրել էր մարդու թվացյալ մարմին արտաքին թաղանթի պես, այլ ընտրել էր մեզ հետ նույնական լինելու ճանապարհը, սկսյալ իր աշխարհ գալու օրվանից: Որոշ "կատարելապաշտների" կողմից դարեր շարունակ Քրիստոսի անձի շուրջ վեճեր էին հրահրվում, վերջիններս պնդում էին, թե նա չէր կարող կատարյալ էակ լինելով ունենալ մեզ նեղություն տվող կարիքներն ու պահանջմունքները, այլ պարզապես "ցույց էր տալիս", թե ունի: Սակայն գայթակղվելու ոչինչ չկա, Քրիստոսը եղավ լիարժեք մարդ, ում կատարելության ցուցիչը միայն հույզերի ու պահանջմունքների գերության մեջ չլինելն էր:
  Հույզերի նկատմամբ արդարացի մոտեցում մշակելու համար կարելի է դիմել  չափավորությանը, զգոնությանը կամ համբերությանը, բայց ոչ երբեք հույզերը բացառելու եղանակին: Զայրույթը հսկայական շարժիչ կամ հակազդեցության ուժեր կարող է առաջացնել մեր մեջ: Հիշեք ձեզ հետ պատահած զայրույթի բռնկումները, միթե հրաշալի զգացողություն չէ, երբ ձեր ներսում զգում եք արյան հոսքի աշխուժանալը, ասես փուքս սկսի գործել մեր մեջ: Առանց զայրույթի գուցե ոչ մի հերոսական արարք չէր գործվի աշխարհի երեսին, իսկ զայրույթի բացասական դրսեւորումները մեր չգիտակցված սխալներից են բխում: Երբ մեր զգայությունները որոշակի գրգիռներ են ստանում արտաքին աշխարհից, մենք հաճախ չգիտակցված կերպով սխալ ենք պարպում ծնված զայրույթը: Դժվար գործ է գրգռության աղբյուրը զատորոշելը եւ պարզելը թե ինչ անել կուտակված զայրույթի հետ, բայց մշտական վարժությունների շնորհիվ այս խնդիրը լուծելի է:
Վերը գրվածի շուրջ դեռ հարկ է երկար մտածել, փորձեք վերլուծել այս աֆորիստիկ միտքը.

Եթե աշխարհում այլեւս գեթ մի բան մեզ չի զայրացնում, ապա մենք դադարել ենք մարդ լինելուց...




No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.