Thursday, February 7, 2013

Վարդանանք


   Այսօր Վարդանանց տոնն է... Սա կարծում եմ առիթ է մեզ համար կրկին վերադառնալու  մեր արմատներին: Թեև մերօրյա որոշ պատմաբանների և հրապարակախոսների կողմից նսեմացվում է Ավարայրի դերը և Վարդան Մամիկոնյանի սխրանքը, սակայն հուսով եմ չեք զլանա հպարտությամբ և երախտագիտությամբ հիշել մեր հերոսներին: "Հայ" ասելով մեր աչքերի առջև պետք է հառնեն Տիգրան Մեծն ու Վարդանը, Մաշտոցն ու Նարեկացին, այլ ոչ թե մերօրյա սնամեջ կերպարները:
   Անկախ նրանից,  պատմությունը մեզ ճշմարիտ փաստեր է հաղորդում թե՝ ոչ, հատկապես այս դարում, ազգը պետք է ունենա սեփական հերոսներ, որոնք կհիշեցնեն իր փառավոր անցյալը և կպահպանեն ձուլվելու վտանգից: Այս սպառնալիքը միշտ կախված է եղել մեր ազգի գլխին: Ընդունե՛ք, որ այսօր մեր ազգը օրեցօր կորցնում է իր նվիրական արժեքները՝ պատմությունը, գրականությունը, մշակույթը, քրիստոնեական հավատը... Մենք հայ կոչվելու իրավունք չունենք, եթե այս արժեքների կրողը և տարածողը չենք: Կիսագրագետ հայերենով խոսելը բավական չէ հայ համարվելու համար: Մեր նման կեցվածքով մենք անարգում ենք Վարդանանց հիշատակն, ովքեր ընկան այդ արժեքները պահպանելու համար:
   Թեկուզ Վասակ Սյունին լիներ ամենաճարպիկ և հեռատես քաղաքական գործիչը, միևնույն է, խուսանավելով զորեղ ուժերի միջև ազգը չես պաշտպանի: Աստիճանաբար քեզ կպարտադրեն քայլ առ քայլ հրաժարվել այն ամենից, ինչ թանկ է քեզ համար: Մեր ազգը օրհասական պահին ընտրեց Ավարայրը և հաղթե՛ց, և ես հավատում եմ, որ հայ ազգի այդ ջիղը դեռևս կենդանի և ամուր է: Բայց թույլ մի՛ տվեք, որ կենաց-մահու իրավիճակ ստեղծվի, մենք տանուլ ենք տալիս փոքր ճակատամարտերում ամեն օր... այս օրն էլ Ավարայր է մեզ համար:
  Ազգային ինքնության այս խնդիրները պետք է վերլուծվեն նաև փիլիսոփայական հարթության մեջ: Կարծում եմ, որ ազգային գաղափարախոսություն մշակելու գործում առաջին քայլը պետք է լինի Քրիստոնեության ընդունման և Գրերի գյուտի, Վարդանանց պատերազմի, Հայոց Մեծ Եղեռնի պատմական շրջադարձային իրողությունների քննումն ու համակարգումը: Մենք հայ ենք, բայց հաճախ ինքներս էլ չենք գիտակցում, թե որքան վսեմ, առաքինի ու հերոսական շունչ կա հայի ինքնության մեջ:
   Դեռ երկար կարելի է խոսել Վարդանանց խորհրդի մասին, խոսքս շարունակեմ Հանրային Ռադիոյի եթերում մեկ տարվա վաղեմություն ունեցող իմ հաղորդմամբ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.