Monday, February 4, 2013

Զուտ փիլիսոփայություն. Սոկրատես


Ֆեդրոս. Սոկրատե՛ս, ի՞նչ ես կարծում, որտե՞ղ նստենք ընթերցանությամբ զբաղվելու համար:
Սոկրատես. Գնանք Իլիս գետի երկայնքով, կնստենք մեզ դուր եկած խաղաղ մի անկյունում...
Պլատոն - Սոկրատյան երկեր. Ֆեդրոս 3c

   Ես ուզում եմ խոսել ԶՈՒՏ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ մասին: Այս բառակապակցությանը չեք հանդիպի մասնագիտական գրականության մեջ, այն ծագել է իմ մտքում: Փորձեմ մեկնել, թե ինչ եմ հասկանում "զուտ փիլիսոփայություն" ասելով: Դարերի ընթացքում փիլիսոփայությունը որպես մտածման և ճանաչման արվեստ ծնունդ է տվել բազում գիտությունների, ձևավորել է քաղաքական ու հասարակական միտքը, վերլուծել է Աստծուն, մարդկանց և մեզ շրջապատող աշխարհը, առհասարակ, դժվար է պատկերացնել մի ոլորտ որտեղ գոյություն չունենային փիլիսոփայական հայեցակարգեր: Մարդկության պատմության մեջ փիլիսոփա կոչվելու իրավունք ունեցող հարյուրավոր մտածողներ նոր մտքեր են բերել աշխարհ, կրկնել կամ նորովի են մեկնաբանել նախորդների գաղափարները և հիմա դժվար է ասել՝ կա՞ արդյոք նոր բան արեգակի ներքո, թե այս ամենը պարզապես նախասկզբնականի հավիտենական կրկնությունն է: Մի բան կարծում եմ, որ հստակ է՝ զարգացման ներկա փուլում փիլիսոփայությունը ակնհայտորեն տարբերվում է անտիկ շրջանում ծագում առած "Գիտությունների գիտության" կերպարից:
   "Զուտ փիլիսոփայությունը" ես գտնում եմ Պլատոնի Սոկրատյան տրամախոսությունների մեջ, որոնք թեև իրենց վրա կրում են Պլատոնի անկախ մտածողության կնիքը, բայց ներկայացնում են անխառն Սոկրատյան դիսկուրսի արվեստը: Այդ ժամանակներում կային տարբեր իմաստասիրական դպրոցներ, բայց ընդհանուր առմամբ փիլիսոփայությունը չուներ կոնտեքստ (ֆեմինիստական, բիոէթիկական, կրոնական և այլն), չկար տեսություններ ստեղծելու և հիմնավորելու պատվեր, դեռ չէին հայտնագործել էլեկտրականությունը, ինքնաթիռն ու բջջային հեռախոսը, այլ նախնադարյան տգիտությունից ազատված մարդիկ, հայտնվելով հունական ազատ հասարակության մեջ սկսում էին մտածել, ազատ ամեն տեսակի կաղապարներից:
   "Զուտ փիլիսոփայության" կրողի և առաջամարտիկի կերպարն ինձ համար Սոկրատեսն է՝ մարդ, ով իր մտերիմ երկու կամ երեք ընկերների հետ նստում էր ճամփեզրի քարերին և փորձում սթափ և անկաշառ մտածել: Կարդալով Սոկրատյան տրամախոսությունները տեսնում ես, որ սրանք զուտ և միաժամանակ շատ պարզ փիլիսոփայություն են պարունակում: Սոկրատեսն ամբողջ աշխարհը, հասարակությունը, անգամ իր անձը ետին պլան էր մղում և գործի էր դնում այն գիտությունը, որ կոչում էր "տատմոր արվեստ" (Մաևտիկա): Փիլիսոփան պարզապես օգնում էր ճշմարտությանն աշխարհ գալ, չէր խեղդում դեռ չծնված ճշմարտությունը և չէր թլփատում այն, այլ շիտակ կերպով հայտնում էր մարդկանց:

- Իմ կողմից կիրառվող "տատմոր արվեստում" ամեն բան հիշեցնում է ծննդկանին օգնելը, այն տարբերությամբ, որ ես օգնում եմ այրերի ծննդաբերությանը, այլ ոչ թե՝ կանանց և աշխարհ եմ բերում ոչ թե մարմնի, այլ՝ հոգու ծնունդներ: Ես ինքս ստերջ եմ և իմաստություն չկա իմ մեջ, բայց օգնում եմ ուրիշներին ցավերով աշխարհ բերել իրենց ներսում եղած արժեքավոր գաղափարները...
Թեետետ. 150b

   Եթե ցանկանում ենք փիլիսոփայել, ուրեմն առաջնորդվենք այս մեթոդով: Պետք չէ իմաստակությամբ զբաղվել, նախկինում եղած գաղափարների անսկզբունքային համադրություններ կատարել և ֆալսիֆիկացիաների դիմել: Եթե մեր մտքում կան առողջ պտուղներ, անգամ եթե դրանք չնչին են՝ փորձենք դրանք լույս աշխարհ բերել...


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.