Նախասկզբնական
էությունները սահմանման ենթակա չեն...
Պլատոն
Պլատոնի
այս միտքը դրդեց ինձ խոսելու ապոֆատիկ աստվածաբանության մասին: Չէ՞ որ մենք անվերջ
խոսում ենք Աստծո մասին և փորձում ենք գործի դնել նկարագրողական մեր ողջ կարողությունը:
Աստվածաբանական և փիլիսոփայական երկերի անթիվ հատորներ են գրվել մինչ օրս, որոնք նպատակ
ունեին սահմանելու Աստծո անսահման բնությունը, սակայն ետադարձ հայացքով դիտելով անցած
ուղին թվում է, թե էական ոչ մի արդյունքի չենք հասել: Մեր անհագ բանականությունը փորձում
է հստակ գծագրել Աստծուն և ենթարկեցնել նրան մեր ճանաչողությանը (ինչն անկասկած կարևոր
է հավատի գիտակցման և բանական հիմնավորման առումով), բայց այս փորձերն ի սկզբանե անհաջողության
են դատապարտված: Ահա թե ինչ է ասում այս առնչությամբ Աստվածաշունչը. "Ոչ մեկին տրված չէ պատմել նրա գործերը։ Ո՞վ կքննի նրա մեծագործությունները։
Ո՞վ կչափի նրա հզորության մեծությունը, և ո՞վ կհամարձակվի պատմել նրա ողորմության մասին։ Հնարավոր չէ ո՛չ նվազեցնել, ո՛չ ավելացնել և ո՛չ էլ հետազոտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։ Երբ մարդը համարի, թե ավարտել է, կզգա, թե նոր է սկսել, և երբ դադարի պատմելուց, ապշահար կմնա" (Սիրաքի իմաստություն
17:1-6)։
Ապոֆատիկ աստվածաբանությունը մի հայեցակարգ
է, որում նախընտրությունը տրվում է սահմանելուն թե ինչ կամ ինչպիսին չէ Աստված (որպեսզի
մենք մտովի պատկերացնենք Աստծո անդրանցական էությունը) կամ առհասարակ լռությամբ նրա
մասին խոսելուն (որովհետև հարցերին լռությամբ պատասխանելը նույնպես պատասխան կարող
է լինել): Պլատոնն իր հիշյալ մտքում բացահայտում է այն իրողությունը, որ բաղադրյալ
կամ ածանցյալ էությունները սահմանվում են ավելի պարզ բաղադրիչների կամ իրենց նախորդող
էությունների միջոցով, սակայն նախակսզբնական և տարրական էությունները սահմանելն անհնար
է: Աստված ինքն անդրանցել է մեր զգայարաններին հասու տարածությունը և ժամանակը, ուստի
դատել նրա մասին հիմնվելով զուտ մեր բանականության կարողությունների վրա՝ անօգուտ է:
Աստվածաբանական այս մոտեցումը կիրառվում
է ոչ միայն քրիստոնեության մեջ: Մայմոնիդեսի կողմից սահմանված հուդայականության 13
սկզբունքներից մեկում ասված է. "Աստված առհասարակ ոչ մի նմանություն չունի",
շումեր-աքքադական առասպելներում աստվածները համարվում են անքննելի և անճանաչելի, անտիկ
հունական կրոնական պատկերացումները սահմանափակվում էին միայն աստվածների գործերի վերապատմումով,
իսկ միաստվածյա կրոնական գաղափարներում (օր.՝ Քսենոփանես) կրկին խոսվում է Աստծո անճանաչելիության
մասին, հին հնդկական Ուպանիշադներում բացարձակ էությունն անվանվում է "Ո՛չ սա",
Բուդդան հայտնի է հոգեղեն էությունների մասին իր 14 անպատասխան մետաֆիզիկական հարցերով,
Դաոսիզմում համարվում է, որ Դաոն չունի հստակ կերպարանք, իսլամում նույնպես կան աստվածաբանական
հոսանքներ (մութազիլիտներ, սուֆիներ), որոնք իսպառ մերժում են Աստծո նկարագրությունները:
XIII դարում
Խաչատուր Տարոնացու կողմից գրված "Խորհուրդ խորին" շարականը, որով մինչ օրս
Հայ Եկեղեցում սկսվում է Պատարագը, չորս բառում ապոֆատիկ կերպով սահմանում է աստվածային
էությունը. "Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ": Լսե՛ք այս հատվածը ամենքդ,
անկախ նրանից՝ հավատո՞ւմ եք Աստծու գոյությանը թե՝ ոչ, և կզգաք, որ բանականությունից
բացի մեր մարդկային էության մեջ (որն ինքներս էլ չենք կարողանում ամբողջովին հասկանալ)
բազում անտեսանելի բանալիներ կան աներևույթ և աննյութական Աստծուն գտնելու համար:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.