Զատկին նախորդող
շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, համապատասխանաբար նաև այս շաբաթվա բոլոր օրերը, որովհետև
դրանցից յուրաքանչյուրը կրում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձություններից
մեկի խորհուրդը: Ավագ Հինգշաբթին բովանդակային և ծիսական առումով ամենահագեցածն է.
այս օրը քրիստոնյաները հիշատակում են Տիրոջ Վերջին ընթրիքը, Հաղորդության խորհրդի հաստատումը,
Ոտնլվան (Հիսուսն այդ օրը լվաց իր աշակերտների ոտքերը) և Տիրոջ մատնությունը:
Հետաքրքրիր
է իմանալ, թե այս օրվա հետ կապված ի՞նչ ազգային սովորույթներ կան աշխարհում:
- Անգլիայում. Ավագ Հինգշաբթին ստացել է "Արքայական ողորմության օր" անվանումը: XIII դարից սկիզբ առնող այս ավանդույթի համաձայն՝ այդ օրն Անգլիայի գահակալն իր կյանքի տարիների թվով տղամարդկանց և կանանց երկուական քսակ է նվիրում: Կարմիր քսակի մեջ գումար է դրվում մեր ժամանակների արտարժույթի տեսքով (սնունդ և հագուստ գնելու համար), իսկ սպիտակ քսակի մեջ՝ 1822թ.-ից հատվող հատուկ փեննի մետաղադրամներ՝ կրկին գահակալի կյանքի տարիների թվով: Մինչ Ջեյմս II Ստյուարտի գահակալության ավարտը (1701թ.) Անգլիայի տիրակալները Ավագ Հինգշաբթի օրը լվացել են աղքատների ոտքերը (պահպանվել է Եղիսաբեթ I-ի նկարը Ոտնլվայի ժամանակ):
- Գերմանիայում. Ավագ Հինգշաբթին կոչվում է Չարչարանաց կամ Կանաչ Հինգշաբթի:
- Չեխիայում, Սլովակիայում և Լյուքսեմբուրգում. Ավագ Հինգշաբթվանից մինչև շաբաթ օրը բոլոր եկեղեցիների զանգերը լռում են և երեխաները փայտե կոչնակներով շրջում են տնետուն՝ ստանալով քաղցրավենիք և մանրադրամներ:
- Մալթայում. Այս օրը կոչվում է Հաղորդության Հինգշաբթի, սովորություն կա այս օրը յոթ եկեղեցի այցելել:
- Դանիայում, Նորվեգիայում, Իսպանիայում և լատինաամերիկյան երկրներում. Օրը պաշտոնապես ոչ-աշխատանքային է:
- Շվեդիայում. Օրը միահյուսված է վհուկների մասին հին ժողովրդական ավանդազրույցի հետ: Երեխաները վհուկների զգեստներով շրջում են տնետուն և զատկական հավկիթների համար գումար հավաքում:
- Բուլղարիայում. Ավագ Հինգշաբթի սկսվում է զատկական ուտեստների, մասնավորապես, հավկիթների պատրաստությունը:
- Ֆիլիպիններում. Այս օրը չեն գործում ժամանցային հաստատությունները, հեռուստատեսությունն ու ռադիոն կարճ եթերաժամով են հեռարձակվում, անգամ թերթեր չեն տպագրվում, որովհետև ժողովուրդը մեծ ջերմեռանդությամբ է մասնակցում եկեղեցական արարողություններին:
Դե ի՞նչ՝
ազգային սովորույթների այս բազմերանգ գունապնակը ցուցադրում է այս օրվա խորհրդի ողջ
գեղեցկությունը: Հայ Եկեղեցու ծիսակարգը նույնպես շատ բովանդակալից, հուզիչ ու խորհրդավոր
է այս օրը... անտարբեր մի՛ եղեք...
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.