"Gaudeamus
Igitur" ("Արդ, եկե՛ք ցնծանք") կամ "De Brevitate Vitae"
("Կյանքի կարճատևության մասին") լատիներեն խմբերգը ուսանողական թերևս առաջին
հիմնն է, որ ստեղծվել է համալսարանական շրջանակներում: XV դարի գերմանացի կատակաբան
Սեբաստյան Բրանտը այս երգի գրության տարեթիվ է նշում 1267թ.-ը: Ամենայն հավանականությամբ
այն գրվել է Հայդելբերգի կամ Փարիզի համալսարաններում: Այս երգը հնչում էր ակադեմիական
տարեշրջանների ավարտական միջոցառումներին, ինչպես նաև ուսանողական խրախճանքների սեղանների
շուրջ: Հակառակ ժամանակի արևմտաեվրոպական խիստ բարքերին և զսպվածությանը՝ երգը գովաբանում
էր կյանքի ուրախությունները, երիտասարդությունը և գիտությունը: Ժանրային առումով այս
ստեղծագործությունը մոտ է XI-XIV դդ. թափառական երաժիշտների (տրուբադուրների կամ վագանտների)
հորինած երգերին:
Դարեր
շարունակ այս հիմնը բերանացի է փոխանցվել ուսանողական սերունդներին և անընդհատ փոփոխվել
է: Երգի տպագիր տեքստը հայտնվել է 1776թ.-ին, իսկ 1781թ.-ին գերմանացի աստվածաբան և
գրող Քրիստիան Վիլհելմ Կինդլեբենը ստեղծել է չափածո մի տարբերակ, որը և երգվում է մինչ
օրս: Երգի եղանակն առաջինը մշակել է XV դարի ֆլամանդացի երգահան Յոհաննես Օկեհեմը:
Խմբերգի մեծ տարածում ստացած քառաձայն մշակումը, դաշնամուրի նվագակցությամբ պատկանում
է ռուս երգահան Չայկովսկուն (1874թ.):
Ուսանողական
վաղեմի այս հիմնը աշխարհի շատ համալսարանների պարտադիր երգացանկի մաս է կազմում. օրինակ՝
Յեյլի, Իլինոյսի, Ֆրիբորգի, Գլազգոյի, Էդինբուրգի, Կրակովի, Վիրջինիայի և այլ համալսարանների:
Հիմնը ներառված է նաև անվանի երգահանների երաժշտական ստեղծագործություններում, այսպես՝
Բրամսն այն ներառել է իր "Ակադեմիական փառատոն" օվերտյուրի մեջ, Զիգմունդ
Ռոմբերգը՝ իր "Ուսանող արքայազնը" օպերետում, իսկ Ֆրանց վոն Զուպպեն՝ իր
"Ուրախ ուսանողները" օպերետում:
Խմբերգն առաջին անգամ հայերեն է թարգմանվել Դորպատի համալսարանում ուսանած հայ բանաստեղծ և
բժիշկ Խաչատուր Ավագյանի կողմից (1849թ.) և կրում է "Ուրախասցուք ուրեմն"
վերնագիրը:
Ստորև
բերում եմ խմբերգի լատիներեն տեքստը, դրա հայերեն փոխադրությունը և Կրակովի համալսարանի
շրջանավարտների կատարումը.
Gaudeamus igitur, juvenes dum sumus! - Արդ, եկե՛ք ցնծանք քանի
դեռ երիտասարդ ենք,
Post jucundam juventutem, - Կենսուրախ պատանեկությունից
Post molestam senectutem - Եվ տանջալի ծերությունից հետո
Nos habebit humus! - Հողին ենք հանձնվելու ամենքս:
Ubi sunt, qui ante nos in mundo fuere? - Որտե՞ղ են աշխարհում
մեզանից առաջ ապրողները,
Transeas ad superos, - Բարձրացեք երկինք
Transeas ad inferos, - Կամ իջեք դժոխք
Hos si vis videre! - Եթե կուզեք տեսնել նրանց:
Vita nostra brevis est, brevi finietur. - Մեր կյանքը կարճ է,
շուտով կավարտվի,
Venit mors velociter, - Մահն արագ է վրա հասնում
Rapit nos atrociter, - և անխնա հափշտակում է մեզ,
Nemini parcetur! - Ոչ ոք չի փրկվի:
Vivat Academia! Vivant professores! - Կեցցե՛ համալսարանը, կեցցե՛ն
պրոֆեսորները,
Vivat membrum quodlibet! - Կեցցե՛ հանրության յուրաքանչյուր անդամը,
Vivant membra quaelibet! - Կեցցե՛ն նրա բոլոր անդամները,
Semper sint in flore! - Թող հավետ ծաղկում ապրեն:
Vivant et mulieres - Կեցցե՛ն և կանայք՝
Tenerae, amabiles, - Նրբագեղ և սիրո արժանի,
Bonae, laboriosae! - Բարի և աշխատասեր:
Vivat et res publica et qui illam regunt! - Կեցցե՛ մեր պետությունը
և նրա իշխողը,
Vivat nostra civitas, - Կեցցե՛ մեր քաղաքը,
Maecenatum caritas, - Բարերարների ողորմածությունը,
Qui nos hic protegunt! - Որը հովանավորում է մեզ այժմ:
Pereat tristitia, pereant dolores! - Թող չքվի թախիծը, թող կորչեն
մեր ցավերը,
Pereat Diabolus, - Թող կորչի սատանան,
Quivis antiburschius - Ուսանողների բոլոր թշնամիները
Atque irrisores! - և նրանց ծաղրողները:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.