Showing posts with label Աթենք. Show all posts
Showing posts with label Աթենք. Show all posts

Wednesday, February 20, 2013

Ինչպե՞ս մատուցել քրիստոնեությունը


   Քրիստոնեությունը գրավեց աշխարհը քարոզչության կամ պարզ ասած՝ խոսքի միջոցով, և այս խոսքն այնքան ուժ էր պարունակում իր մեջ, որ նրա դեմ պապանձվում էին աշխարհի իմաստունները և հզորները, հասարակ մարդիկ և մեծատոհմիկները: Սակայն, մեր օրերում ես հաճախ տեսնում եմ, որ քրիստոնեության թերի, սխալ (երբեմն անգամ ապաշնորհ) մատուցման պատճառով մարդիկ արհամարհում են քրիստոնեությունը և նետում են այն թիկունքի ետևը:
   Առաջին հերթին հոգևորականը, բայց նաև յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա մատչելի և ընկալելի կերպով բացատրել իր հավատի էությունը դիմացինին, որպեսզի անցկացնելով իր բանականության ոսպնյակի միջով մարդը կարողանա հստակ որոշել՝ քրիստոնեությունը տեղ ո՞ւնի իր մտքում և սրտում, թե՝ ոչ: Շատ հաճախ մենք քրիստոնեությունը մարդկանց հասցնելու մեր անկարողությունը չընդունելով մեղադրում ենք դիմացինին, ով համառորեն չի ուզում հասկանալ և ընդունել քրիստոնեության ճշմարտացիությունը, բայց իրականում թերացումը մերն է:
   Քրիստոնեության մասին խոսք բացելիս պետք է հաշվի առնել առաջին հերթին դիմացինի մտավոր հասունությունն ու կրթվածության մակարդակը, հետաքրքրությունները, կարծիքը: Չի կարելի միևնույն մոտեցումը կիրառել բարեպաշտ տատիկի, փիլիսոփայի, հավատի մասին պատկերացում չունեցող աշխարհիկ մարդու և աթեիստի հետ զրույցի ժամանակ: Պետք է նախ գտնել զրույցի ճիշտ մեկնակետը, այն գաղափարը, որի շուրջ կհյուսվի մտքերի կառուցողական և առողջ փոխանակումը: Կոնֆուցիոսն ասել է, որ զրույցի ժամանակ հաճախ պատահող սխալմունքներից է խոսելն առանց դիմացինի պատասխան արձագանքին հետևելու: Եթե խոսում եք և լսում միայն ինքներդ ձեզ՝ զրուցակիցը մի քանի վայրկյանից կհիասթափվի ձեր խոսքերից և նրա մեջ կսկսի գրգռություն աճել և՛ ձեր անձի, և՛ գաղափարների դեմ: Կարծում եմ նման դեպքերի առնչությամբ է Նիցշեն ասել իր այս խոսքը. "Հավատացյալ մարդու հետ շփվելուց հետո ինձ մոտ ձեռքերս լվալու ցանկություն է առաջանում": Ուրեմն ձեր անխոհեմությամբ դիմացինի մեջ գարշանք մի՛ հարուցեք:

Tuesday, February 12, 2013

Տերտուղիանոս. Աթենքի և Երուսաղեմի միջև


Quid ergo Athenis et Hierosolymis? Tertullian

Ի՞նչ առնչություն կարող են ունենալ Աթենքն ու Երուսաղեմը... Տերտուղիանոս

   Այս հռետորական հարցը վերագրվում է լատին մատենագիր, փիլիսոփա, հռետոր և աստվածաբան Տերտուղիանոսին (155-240թթ.): Անտիկ փիլիսոփայության և հռոմեական իրավունքի մեծ գիտակը 35 տարեկան հասակում քրիստոնեություն ընդունելով կտրուկ փոխում է իր դիրքորոշումը փիլիսոփայական գիտության նկատմամբ և դեմ է հանդես գալիս աստվածաբանական հարցերում վերջինիս կիրառությանը: Ընթերցենք "Ուղղված հերձվածողներին" ("De praescriptione haereticorum") երկի մի հատվածը.

Quid ergo Athenis et Hierosolymis? Quid academiae et ecclesiae? Quid haereticis et Christianis? Nostra institutio de Portico Solomonis est qui et ipse tradiderat Dominum in simplicitate cordis esse quaerendum. [Viderint] qui Stoicum et Platonicum et dialecticum Christianismum protulerunt. Nobis curiositate opus non est post Christum Iesum nec inquisitione post Euangelium. Cum credimus, nihil desideramus ultra credere. Hoc enim prius credimus non esse quod ultra credere debeamus.

   Ի՞նչ առնչություն կարող են ունենալ Աթենքն ու Երուսաղեմը, Ակադեմիան և Եկեղեցին, կամ հերձվածողները և քրիստոնյաները: Մեր ուսմունքը բխում է Սողոմոնի սրբազան գավթից, ով ինքն իսկ ուսուցանում էր, թե Աստծուն պետք է փնտրել սրտի պարզությամբ: Կան այժմ այնպիսիք, ովքեր առաջ են քաշում ստոյիկյան, պլատոնական կամ դիալեկտիկական քրիստոնեության գաղափարը: Բայց մենք այսպիսի տարանջատումների կարիք չունենք, Հիսուս Քրիստոսից և Ավետարանից հետո հավատաքննություն պետք չէ կատարել: Եթե մենք հավատում ենք, ուրեմն կարիք չունենք հավելյալ ապացույցների: Առաջին հերթին մենք պետք է հավատանք, որ չկա մեկ այլ բան, որին մենք պարտավոր ենք հավատալ: