Ինչպե՞ս է կայացել համալսարանական համակարգը: Ինչպե՞ս
են առաջացել գիտական աստիճանները: Բակալավրիատի կամ մագիստրատուրայի շրջանավարտ, իսկ
երբեմն նաև գիտական ավելի բարձր կոչումների արժանացած մեր ուսանողությունը հաճախ չգիտե,
թե ինչպիսի հեղինակավոր կոչումներ է իրականում ստացել (գուցե պատճառը ներկայիս համալսարանական
կրթության մեջ բովանդակության բացակայությունն է, ո՞վ գիտե):
Ինչևէ, հարցի
պատասխանը գտնելու համար պետք է մտովի տեղափոխվել XII դար և ուսումնասիրել աշխարհիկ
համալսարանների կազմավորման պատմությունը: Նախքան Վերածննդի դարաշրջանը Եվրոպայում
դասավանդման իրավունքը պատկանում էր բացառապես Կաթոլիկ Եկեղեցուն: Դոկտորական աստիճանի
(լատիներեն doceo-"ուսուցանում եմ" բառից) եկեղեցական ակունքները սկիզբ են
առնում առաքելական շրջանից, երբ առաքյալներն ու Եկեղեցու հայրերը ստանձնել էին Սբ.
Գրքի մեկնության և ուսուցման պարտականությունը:
Դասավանդման
թույլտվությունը (licentia docendi) տրվում էր եկեղեցական ատյանի առջև քննություններ
հանձնելուց հետո և հատուկ վճարի դիմաց: 1179թ.-ին Լաթերանի III ժողովում որոշվեց, որ
դասավանդելու իրավունք ստանալու համար հավակնորդները պետք է քննվեն նաև եկեղեցական
սխոլաստիկայից: Պայմանների նման խստացումը բուռն վեճեր հարուցեց եկեղեցական և աշխարհիկ
իշխանությունների միջև: 1229թ.-ի մարտին Փարիզի համալսարանում ուսանողական խռովություններ
սկիզբ առան, որոնք տևեցին շուրջ երկու տարի և Գրիգոր IX պապը վերջիվերջո ստիպված եղավ
1231թ.-ի ապրիլի 13-ին "Parens scientiarum" շրջաբերականով աստիճանաշնորհման
և վարչական անկախություն շնորհել Փարիզի համալսարանին:
