Tuesday, June 26, 2012

Ջորջ Բարկլի. Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների մասին


Esse est percipi.
Գոյությունը ընկալման մեջ է...

  Ջորջ Բարկլին (1685-1753թթ.) նշանավոր անգլիացի փիլիսոփա է, Իռլանդիայի Կլոյն քաղաքի եպիսկոպոսը, ով հեղինակն է հոգեւոր սուբստանցի ակտիվության, աստվածային էության մեջ գաղափարների նախաստեղծ վիճակում գտնվելու հայեցակարգերի:
   "Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների մասին" աշխատությունը Ջորջ Բարկլիի առանցքային ստեղծագործություններից է, որում փիլիսոփան առաջ է քաշում ոչ-մատերիալիստական ուսմունքը: Նրա կարծիքով՝ մարդկային իմացության օբյեկտները կամ մեր զգայարաններին իրապես դրոշմված գաղափարներ (ideas) են, կամ հոգու կողմից կրքերի ու գործողությունների դիտարկման ժամանակ ընկալվող գաղափարներ, հիշողության եւ երեւակայության կողմից կազմվող գաղափարներ եւ կամ էլ սրանց որեւէ համակցությունը:
Իմացության օբյեկտների այս ողջ բազմազանությունը ընկալվում եւ ճանաչվում է ակտիվ էության՝ մտքի, ոգու, հոգու կամ եսի (myself) կողմից, որը նաեւ պատասխան գործողություններ է իրականացնում: Ըստ Բարկլիի տեսության՝ գաղափարի գոյությունը նրա ընկալված լինելու մեջ է: Երեւակայության կողմից ստեղծված մեր մտքերը, կրքերը, գաղափարները հոգուց դուրս չեն կարող գոյություն ունենալ: Զգայելի որակի esse-ն՝ գոյությունը, այդ որակի percipi-ն է՝ ընկալումը: Այս ոլորտում անկարելի է կիրառել վերացարկումը, այսինքն չի կարելի զատել զգայելի օբյեկտները դրանց ընկալումից՝ պատկերացնելով որ դրանք գոյություն ունեն առանց ընկալվելու: Ողջ շրջակա աշխարհը գոյություն ունի մեզ համար, որովհետեւ ընկալված է մեր կողմից:
   Բարկլին եզրակացնում է, որ չկա այլ սուբստանց, բացի ոգուց (spirit), որը ապահովում է ընկալումը: Եթե խոսելու լինենք առաջնային եւ երկրորդային որակների մասին, ապա ոմանք կարծում են, որ առաջնային որակները՝ տարածականությունը, ձեւը, շարժումը, դադարը, առարկայականությունը եւ մյուսները գոյություն ունեն առանց հոգու, չմտածող՝ մարմնական սուբստանցի մեջ, որը կոչվում է մատերիա: Սակայն մատերիան չի կարող գաղափարների կրող լինել եւ չի կարող դիտարկվել իբրեւ գաղափարների առաջացման պատճառ: Երազների գոյությունն իսկ ապացուցում է, որ գաղափարները կարող են գոյություն ունենալ նաեւ առանց մատերիայի: Մեր ընկալած բոլոր գաղափարները, զգայությունները կամ իրերը ինքնին իներտ են եւ բացահայտվում են ակտիվ սուբստանցի՝ ոգու շնորհիվ:
   Բարկլիի սահմանման համաձայն՝ ոգին պարզ, անբաժանելի, ակտիվ էություն է: Երբ այն գաղափարներ է ընկալում, ապա կոչվում է միտք, իսկ երբ ծնունդ է տալիս դրանց կամ ներազդում դրանց ձեւավորման վրա՝ կամք: Մեծավ մասամբ մեր հոգին մեր մեջ զգայություններ է հարուցում ըստ սահմանված բնական օրենքների: Այն գաղափարները, որոնք մենք չենք ստեղծել, ստեղծել է Աստված, որի կամքն է սահմանում բնության օրենքները: Իսկ մենք հաճախ անտեսելով այս հանգամանքը՝ շատ հաճախ գաղափարների միջեւ պատճառա-հետեւանքային կապեր ենք որոնում:


   Ջորջ Բարկլին իր աշխատության մեջ բերում է նաեւ ոչ-մատերիալիստական տեսության դեմ հնարավոր 16 առարկություններ եւ հերքում է դրանք: Ստորեւ կբերենք դրանցից մի քանիսը.
  • այս տեսությունը ոչնչացնում է ընկալման եւ երեւակայության տարբերությունը - Բարկլին փաստարկում է հետեւյալ կերպ. իրական կրակի գաղափարը հստակորեն տարբերվում է կրակի երեւակայական գաղափարից, որովհետեւ կրակի պատճառած իրական ցավը տարբեր է ցավի մասին գաղափարից:
  • շրջակա իրերը վերածվում են անցողիկ եւ անկայուն իրողությունների - երբ մենք փակում ենք մեր աչքերը, մենք դադարում ենք ընկալել շրջակա միջավայրը, սակայն իրերը չեն դադարում գոյություն ունենալուց: Հետեւաբար, երբ որ ասվում է, թե մարմինները գոյություն չունեն առանց հոգու, ապա նկատի չունենք եզակի հոգուն, որովհետեւ իրերի մասին գաղափարները շարունակում են պահպանվել Աստծո կամ մյուս մարդկանց մտքում:
  • աննյութականությունը հակասում է ֆիզիկային - օրինակ՝ երկրի շարժումը տարածության մեջ մենք զգայությամբ չենք ընկալում, հետեւաբար՝ չենք կարող ասել, որ շարժումը գաղափար լինելով հանդերձ գոյություն չունի, քանի որ այն փաստարկված է տիեզերքում գործող մեզ ծանոթ ֆենոմեններով:
  • աննյութականությունը անհամատեղելի է Աստվածաշնչի հետ - պետք է հիշել, որ իրեր ու գաղափարների իրականությունը չպետք է շփոթել ցնորքների հետ: Սուրբգրային հրաշքները աննյութական հնարքներով եւ գաղափարական ներշնչմամբ չէ, որ հիմնավորվում են: Օրինակ՝ Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխակերպելով Քրիստոս ոչ թե գինու գաղափար կամ զգայություն ներշնչեց սեղանակիցներին, այլ որպես մատերիա ջուրը փոխակերպեց գինու:

   Ամփոփելով ասենք, որ ոչ-մատերիալիստական այս ուսմունքը խոչընդոտում է տրամաբանական սխալ զարգացումների մի ողջ շարքի առաջացմանը.
ա) ուսմունքը կանխում է սկեպտիցիզմը՝ հերքելով վերջինիս այն պնդումը, ըստ որի՝ կան մտքից կամ հոգուց անկախ այնպիսի իրեր, որոնց անկատար պատճեններն են գաղափարները,
բ) կանխվում է նաեւ աթեիզմը, որն իր հերթին հիմնված է այն պնդումի վրա, որ մատերիան անկախ է մտքից կամ հոգուց,
գ) այն ազատում է մեզ վերացական գաղափարների հետ ծագող անիմաստ դժվարություններից,
դ) այս տեսության շնորհիվ ճեղքում է կատարվում նաեւ ֆիզիկայում՝ վերջ դնելով բացարձակ ժամանակին, տարածությանն ու շարժմանը:
Բարկլիի այս իդեալիստական գաղափարների զարգացումը մենք նկատում ենք Հյումի եւ Կանտի ստեղծագործություններում:

Իմ սեփական գոյությունից, իմ անձի եւ գաղափարների կախվածությունից ես անհրաժեշտաբար արտածում եմ Աստծո գոյության գաղափարը եւ ընդունում, որ բոլոր իրողությունները սկզբնապես գոյություն ունեին Նրա մտքում...
Ջորջ Բարկլի


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.