Կարդացե՛ք նյութը կամ լսե՛ք հաղորդումը Հանրային ռադիոյի եթերում
Մշակույթ ասվածն ընդհանրապես կոմպլեքս
ֆենոմեն է մեր կյանքում, որն ընդգրկում է հասարակության բոլոր շերտերն ու կենցաղի բոլոր
ոլորտները, իսկ XX դարի 50-ականներից սկիզբ առած երիտասարդական հոսանքները կոչվում
են ենթամշակութային, քանի որ չունեն մշակույթի ընդգրկում, բայց իրենց բնորոշող մի քանի
բնութագրիչ մշակութային գծեր ունեն, որոնք են` երաժշտական ոճերը, հագուստը եւ արտաքին
տեսքը, խոսվածքը, ժամանցային միջոցառումները, յուրահատուկ գաղափարները եւ այլն: Ենթամշակութային
խմբավորումների անդամները դուրս չեն մնում հասարակությունից, այլ միայն ստանում են
տարբերակիչ նշաններ, ինչպես օրինակ բուսակերները կամ յոգա մարմնամարզությամբ զբաղվողները:
Ենթամշակույթների շարքերում գտնվողների ճնշող մեծամասնությունը դեռահասներ են, այդ
իսկ պատճառով դրսեւորումները հաճախ չափազանց գունեղ են ու զգացմունքային, ինչը երբեմն
հասարակության աչքին որպես ագրեսիվություն է դիտվում եւ քայլեր են ձեռնարկվում դրանք
զսպելու:
Դեռահասները (թինեյջերներ) գտնվում են զարգացման այնպիսի փուլում
որը կոչվում է կրիտիկական հասունացում` 12-18տ. շրջանը: Անգլիացի սոցիոլոգ Ստենլի Հոլլը
կոչում է սա "փոթորկի եւ սթրեսի շրջան", երբ անհոգ մանկությանը հաջորդում
է ավելի պատասխանատու մի կենսափուլ: Այս տարիքում է, որ ներքին բախումները դեռահասին
հասցնում են հուսալքության, անտարբերության, միայնակ լինելու ձգտում են առաջացնում:
Եվ այսպես, ի՞նչն է պատճառը, որ դեռահասները
ձգտում են անդամագրվել ենթամշակութային խմբերին: Այդ տարիքում երիտասարդները հասնում
են որոշակի ինքնուրույնության, բայց դեռեւս ուժեղ կերպով զգում են ընտանեկան եւ կենցաղային
կախվածությունը, ահա թե ինչու ձգտում են լիակատար ազատություն ձեռք բերել եւ հաճախ
չափանիշերը հետեւյալն են` վերադառնալ տուն երբ ցանկանան, առանց մեծահասակների ներկայությունից
կաշկանդվելու ծխել, ալկոհոլ օգտագործել, մեքենա վարել, թողնել դպրոցը, ձայնի իրավունք
ձեռք բերել:
Հարց. Արդյոք այդքան
մերժելի՞ են ենթամշակույթները ինչպես պատկերացվում են այժմ հասարակության կողմից: Շեքսպիրը
մի խոսք ունի. Ավելի լավ է իրոք մեղավոր լինել, քան թե մեղավորի հռչակ վայելել: Ենթամշակույթների
շրջանում դիտվող թեթեւամտության կամ երիտասարդների համար վատ օրինակ ծառայող երեւույթների
առկայության հետ մեկտեղ որոշ չափով հասարակությունն է մռայլ ընկալում ենթամշակույթները,
դրանք մեղադրելով կասկածելի եւ հանցավոր արարքների մեջ: Հատկապես այն ինչ ավագ սերնդի
համար նոր է` դժվարությամբ եւ կասկածամտությամբ է ընդունվում: Երիտասարդները սկսում
են հետեւել ենթամշակույթներին մեծավ մասամբ իրենց ժամանցային ցանկություններից եւ անմեղ
հետաքրքրասիրությունից դրդված, բայց շրջապատի եւ ընտանիքի կտրուկ վերաբերմունքը վանում
է նրանց եւ ստիպում է վնասակար արարքներ գործել: Անգամ բարի միտումներով սկսված շարժումը
կարող է հեշտությամբ վարկաբեկվել հասարակության անզգույշ գնահատականների արդյունքում:
Ուրեմն քննադատելուց եւ մերժելուց առաջ պետք է պարզ պատկերացնենք թե իսկապես ինչ է
թելադրում տվյալ ենթամշակույթը, եւ ինչն է անհիմն մեղադրանք, ինչն է մերժելի եւ ինչն`
ընդունելի, ըստ որում մերժելի երեւույթները չպետք է տարածել բոլոր անդամների վրա:
Նախ, խոսենք դրական կողմերի մասին: Օրինակ` գունեղ կամ երբեմն
աչք ծակող հագուստը, զարդերն ու այլ ատրիբուտները: Իհարկե որոշ դեպքերում տարբերվելու
հակումը վուլգարության է վերածվում, բայց հիմա կարելի է հանդիպել շատ դեռահասների,
ովքեր հագուստի, սանրվածքի, զարդերի ու մյուս պարագաների հիանալի, ճաշակով թելադրված
համակցություններ են ստեղծում. վառ ու գունեղ երիտասարդություն տեսնելը հաճելի է: Ներողամտորեն
նայենք նրանց հագուկապին, վստահ եղեք, որ մեծանալով` 20տ.-ից հետո, այդ դեռահասներից
ոչ մեկն այլեւս իրեն թույլ չի տա շարունակել կրել նման ոճի հագուստ եւ բնական անցում
տեղի կունենա սոլիդ ոճի: Երկրորդ, երաժշտական ճաշակը. ավագ սերունդը արդի երաժշտական
ուղղությունները հաճախ աղմուկի հետ է նույնացնում, բայց դեռահասների նախասիրած ոճերի
մեջ` հիփ-հոփ, ռոք, մետալ, պանկ, հաջող կատարումներ կան, որոնք լսելու մեջ ոչ մի սատանայական
կամ արգելված բան չկա (իհարկե, խոսքը տխմար և հայհոյական բառերով երգերի մասին չէ):
Մեկ այլ դրսեւորում` նկարչական յուրահատուկ մշակույթը. դեռահասներ, ովքեր գուցե երբեք
չէին էլ մտածի նկարելու մասին, ենթամշակույթներից ազդված սկսում են վարպետորեն գրաֆիտի
կամ էմո-ոճի պատկերներ ստեղծել, որոնց հաճախ ենք հանդիպում մեր քաղաքի անցումներում
կամ շենքերի պատերին: Խոտովանեք, որ գեղեցիկ են, տպավորիչ եւ վարպետորեն են կատարված:
Եւս մի օրինակ` դժվար է մերօրյա երիտասարդներին երգել ստիպել, բայց ենթամշակույթների
թելադրմամբ նրանք սկսում են երգել, ավելին` իրենք են երաժշտություն հորինում եւ բանաստեղծություններ
գրում... այլ կերպ անհնար է բացատրել ողջ աշխարհում եւ արդեն Հայաստանում դեռահասների
կազմած երաժշտական խմբերի ծագումը: Որքան էլ որ անսպասելի է խոստովանելը, բայց այո,
ենթամշակույթները խթանում են դեռահասների ստեղծագործ որակները:
Բայց ի՞նչն է մեզ ստիպում արդարացիորեն զգուշանալ ենթամշակույթներից
եւ ինչ բացասական ազդեցություն կարող են գործել դրանք դեռահասների վրա: Առաջին վտանգն
այն է, որ դեռահասները իրենց լիակատար ազատություն ձեռք բերելու ձգտման մեջ կարող են
ունենալ այն պատրանքը, որ իրենց այլեւս ամեն ինչ կարելի է: Սա դուռ է բացում շատ ախտերի
առջեւ` նախ. սեռական սանձարձակ կյանք, որը մեր հասարակության մեջ ահագնացող վտանգ է,
այժմ 12 տարեկանից սկսած դեռահասների գիտակցության մեջ ամրանում է սեռական ազատ հարաբերությունների
գաղափարը եւ չնայած վերջին տարիներին ոմանք ակտիվորեն քարոզում են ազատ սեռական կյանքը եւ պատմում են իրենց դեռահասության
սեռական սխրանքների մասին, ինչը գրավիչ է թվում լուրջ զգացմունքների ձգտող դեռահասների
ականջին, բայց այս քայլը ես համարում եմ նոր ձեւավորվող սերնդի պղծում եւ այլասերում:
Սեռական կյանք սկսելով հասուն կամ փորձառու չեն դառնում եւ դրանով չէ որ ճանաչում են
կյանքը: Սեռական անկանոն կյանքի վտանգի պես իրական են նաեւ թմրամոլության, ալկոհոլի,
ծխելու սպառնալիքները, որովհետեւ առաջին խոցելի խումբը հենց ակտիվ կյանքով ապրող դեռահասներն
են: Երկրորդ` դեռահասի գաղափարական մակարդակում
վտանգավոր փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Այդ տարիքում մարդու ուղեղը սպունգի
պես է եւ կլանում է շուրջը հայտնված գաղափարները, եւ հաճախ անառողջ գաղափարներ: Կպչուն
մտքեր կարող են առաջանալ` օրինակ` ինձ ոչ ոք չի հասկանում, ես միայնակ եմ, ապրելն անիմաստ
է, սրան գումարվում են շրջապատում հայտնի օրինակները եւ խնդրեմ` դեպրեսիայի ազդեցությամբ,
անհավասարակշիռ վիճակում դեռահասը կարող է ինքնասպանության փորձ կատարել: Մենք բոլորս
էլ եղել ենք այդ տարիքում եւ զգացել ենք, որ կյանքը երբեմն թվում է մահու չափ ծանր,
անիմաստ ու ձանձրալի, բայց դրանք պարզապես դեռահասության դեպրեսիայի պատրանքն են եւ
սթրեսը ճիշտ ապրելու պարագային այդ զգացողությունները շուտով վերանում են: Նորից հիշեցնեմ`
բոլորի վրա այս կասկածը տարածել անհիմն է, ենթամշակույթների հետեւող ամեն երիտասարդ
պոտենցիալ ինքնասպան չէ: Բացի այդ, գաղափարական ռադիկալ ազդեցությունների տակ հայտնվելով
ենթամշակույթների որոշ հետեւորդների մոտ ագրեսիա է առաջանում հասարակության կամ այլ
խմբավորումների նկատմամբ, անգամ կարող են դիմել մարդասպանության, մութ ու խորհրդավոր
ծեսեր կատարելու (վերջին տարիներին տեղյակ եք, որ ենթամշակույթների շարքերում մարդակերության
դեպքեր են գրանցվել): Այս ամենը կարող է վերաճել պատերազմի` բարոյականության, բնական
կարգերի, հասարակական արժեքների դեմ:
Ուրեմն, ինչպե՞ս ճիշտ շփման եզր գտնել դեռահասների հետ կանխելու
համար սխալ ուղով նրանց ընթացքը: Առաջինը` հասարակական կարծիքն ու վերաբերմունքը չափազանց
կարեւոր գործոններ են, չպետք է միայն լսելով ենթամշակույթներից մեկի անվանումը անմիջապես
հանիրավի մեղադրել, անպատվել, ստիպել դեռահասին արդարանալ ու պաշտպանվել: Դա հակառակվելու
ոգի կծնի նրանց մեջ եւ կդադարեցնի երկխոսությունը: Եվ սա է նախապայմանը երիտասարդին
վերահսկելի վիճակում պահելու համար` անընդհատ երկխոսությունը: Հաճախ ծնողները հոգեբանական
սխալ են գործում, որն իհարկե թելադրված է իրենց երեխայի համար ծնողական վախից. արգելում
են, պատժում, հարցաքննում, ուլտիմատումներ են սահմանում եւ արդյունքում երեխան փակվում
է իր մեջ, ըմբոստանում, թաքցնում է ճշմարտությունը, չի կիսվում տանը եւ կորցնում է
վստահությունը ծնողի հանդեպ: Խորհուրդ կտայի ծնողներին ամեն իրավիճակում պահպանել բարեկամական
հարաբերությունները երեխայի հետ եւ չդադարեցնել երկխոսությունը: Հավատացեք, որ եթե
ընտանիքում երեխան իրեն ամուր, ապահով եւ հասկացված է զգում` նա ոչ մի կործանարար արարքի
չի գնա... ուրիշ որտեղ երեխան կարող է բերել իր հոգսերը, հասակակիցների հետ խնդիրները`
եթե ոչ տուն, ուրեմն թող ծնողներն իրենք պատրաստեն իրենց այդ երկխոսության համար, որպեսզի
նրբանկատ եւ զգույշ խորհուրդներով իրենց երեխաների համար ավագ բարեկամներ լինեն, որպեսզի
երեխան ստիպված չլինի ուրիշ միջավայրում խորհրդատու փնտրել: Մեծահասակները իրենց ամեն
ինչում հաճախ գիտակից ու պատրաստ են համարում, բայց մի' մոռացեք, որ ձեր երեխաների
դեռահասության շրջանը մեծ փորձություն է նաեւ ձեզ համար, որը հաղթահարելու համար ձեզանից
մեծ ջանքեր են պահանջվում:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.