Thursday, January 10, 2013

Սապֆո - Կանանց սերը գովերգողը


Միայն ինը մուսաներ թվելով մենք վիրավորում ենք Սապֆոյին:
Նրա մեջ պետք է տեսնել տասներորդ մուսային...
Պլատոն

   Այս հոդվածը ցանկացա նվիրել անտիկ մեծանուն բանաստեղծուհի Սապֆոյին (Ք.ա. 630-570թթ.) հետևյալ պատճառներով՝ նախ, այս բանաստեղծուհու երկերը բացառիկ արժեք ունեն իրենց հորինվածքով, երկրորդ՝ Սապֆոն մեծ ազդեցություն է գործել հետսոկրատյան շրջանի մտածողների վրա և վերջապես, կարիք կա քննելու, թե արդյոք իրակա՞ն է նրա անձի շուրջ հյուսված լեսբուհու կերպարը:
   Սապֆոն գրում էր իր բանաստեղծությունները և հիմները էոլական բարբառով, ժամանակի տաղաչափության մեջ ներմուծելով հանգավորման նոր կանոններ (տաղաչափության մեջ այս ոճը հայտնի է "Սապֆոյական բանաստեղծություն" անվամբ): Սապֆոյի երկերը անմիջապես մեծ ճանաչում ձեռք բերեցին և արժանացան ժամանակակիցների հիացմունքին: Պատմում են, որ երբ Աթենքի օրենսդիր Սոլոնը իր զարմիկից լսում է Սապֆոյի խնջույքի երգերից մեկը, ցանկանում է անմիջապես սովորել այն, ասելով. "Չէի ցանկանա մահանալ, առանց սովորելու այս երգը": Սոկրատեսն համարում էր Սապֆոյին "սիրո գիտության" մեջ իր ուսուցիչը, Ստրաբոնը նրան "հրաշք" է անվանում և պնդում, որ պատմության մեջ անիմաստ է փնտրել մեկ այլ կնոջ, ով կկարողանար գեթ հեռավոր համեմատության մեջ դրվել նրա հետ, իսկ անտիկ շրջանի հունական պոեզիայի գիտակներ Դիոնիսիոս Հալիկառնացին, Կատուլլոսը և Հորացիոսը Սապֆոյին համարում են բանաստեղծական նոր դարաշրջանի հիմնադիր: Այնուամենայնիվ, Սապֆոյի ժառանգությունը դարեր անց մոռացվեց... էոլական բարբառը խրթին էր, հռոմեական իշխանության տարիներին երկերն գնալով ավելի քիչ էին կրկնօրինակվում, միջնադարում Սապֆոյի ժառանգության ուսումնասիրումը դուրս մնաց ակադեմիական ծրագրից և արդեն XII դարում նրա երկերը կորսված էին համարվում: Ողջ բանաստեղծական ժառանգությունից մեզ պատառիկներ են հասել անտիկ հեղինակների մեջբերումների տեսքով, ինչպես նաև եգիպտական պապիրուսների շնորհիվ:
   Ինչ վերաբերում է Սապֆոյին վերագրվող լեսբուհու սեռական կողմնորոշմանը՝ կարծում եմ, որ սա անհիմն պնդում է և թյուրիմացություն: Հայտնի է, որ ողջ էոլական տարածաշրջանում և, մասնավորապես, Լեսբոս կղզում կանայք բավական բարձր սոցիալական կարգավիճակ ունեին և նրանց շնորհվում էին տղամարդկանց համահավասար արտոնություններ: Ինչ խոսք, անտիկ Հունաստանում լեսբուհիներն ու արվամոլները հազվագյուտ չէին և հանդուրժվում էին հասարակության կողմից, բայց սա ամենևին չի վերաբերում Սապֆոյին: Ինչպես գիտենք, վեց տարեկան հասակում որբացած Սապֆոյին ուղարկել են հետերաների դպրոց (հետերաները ուսյալ և բարձրաշխարհիկ կանայք էին անտիկ հասարակության մեջ): Սապֆոն ամուսնացել է ազնվական Կերկիլասի հետ և ծնել իր Կլեիդա դստերը: Լեսբոս կղզում այդ ժամանակաշրջանում գործում էին կանանց փակ խմբակներ (ֆիասներ), որոնք նվիրված էին սիրո աստվածուհի Աֆրոդիտեի պաշտամունքին և ուր ամուսնության էին պատրաստում երիտասարդ աղջիկներին: Սապֆոյի կենսագրականից հստակ երևում է, որ նա գլխավորում էր նման մի խմբակ, որտեղ երգեցողություն, պար և տաղաչափություն էր դասավանդում իր սաներին:


   Բանաստեղծություններում առկա էրոտիզմը հասցեագրված է հավասարապես և՛ կանանց, և՛ տղամարդկանց, բայց վեր է մարմնականից և կոպտությունից, Սապֆոյի համար սերը օդում թևածող, եթերային զգացմունք է, հիացում ամեն տեսակ գեղեցկությամբ և այս բանաստեղծությունները բնավ նրան լեսբուհի համարելու հիմք չեն տալիս: Նման հուզական բովանդակությամբ բանաստեղծություններ հեղինակել են նաև Պինդարոսը և Ալկեասը: Ընդսմին Սապֆոյի անունը սկսել է կապվել կանանց համասեռամոլության հետ միայն 19-րդ դարից՝ անգլիացի հեղինակների և թարգմանիչների կողմից: Սապֆոյի սիրո բնույթի մասին սպառիչ պարզաբանում է տալիս III դարի փիլիսոփա Մաքսիմոս Տյուրոսացին. "Լեսբոսի բնակիչ այս կնոջ սերը այլ կերպ անհնար է անվանել՝ այն հիշեցնում է Սոկրատեսի սիրո արվեստը: Նրանք սերը յուրովի էին հասկանում, սիրում էին շատերին և հիանում գեղեցիկի բոլոր դրսևորումներով: Ինչպես որ Սոկրատեսի համար սիրելի էին Ֆեդրոսը, Տիմեոսը և Կրիտիասը, այնպես էլ Սապֆոն սիրում էր Իրինային, Ատտիդային և Անակտորիային...": Հասկանալի է դառնում, որ այս սերը բնավ էլ մարմնական չէր, այլ իրենից վեհ, նուրբ և փիլիսոփայական ապրում էր ներկայացնում:
   Հուսով եմ՝ կարողացա ձեր մտապատկերում հստակ գծագրել մեծանուն բանաստեղծուհու կերպարը և այսուհետ սխալ զուգորդումներ չեն կատարվի: Իբրև վերջաբան բերում եմ մի քանի տող Սապֆոյի ձոնից: Նկատեք՝ այն վերնագրված է "Իմ սիրուհուն", բայց այստեղ երանի է տրվում այն տղամարդուն, ով կարժանանա այդ օրիորդի սիրուն.

Երանությամբ հավասար է աստվածներին նա՝
Ում վիճակվել է լինել քո կողքին,
Ունկնդրել թովիչ խոսքերը քո,
Եվ տեսնել քեզ՝ հալչելով քո հմայքից:
Արդ քո շուրթերից դեպի շուրթերը նրա նորաբողբոջ ժպիտ թող թռչի...

Բեռնե՛ք և կարդացե՛ք գիրքը.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.