Showing posts with label պոեզիա. Show all posts
Showing posts with label պոեզիա. Show all posts

Friday, November 1, 2013

Աշունը ճապոնական պոեզիայում



  Եթե երբևէ դիտել եք ֆիլմեր կամ նկարներ Ճապոնիայի մասին, ապա կարող եք պատկերացնել աշնան գեղեցկությունը Ճապոնիայում: Թվում է՝ խոսքերով անկարելի է փոխանցել գետերի ու լճերի, դեղինի ու կարմիրի բազում երանգներով շողացող անտառների ու բլուրների կուսական գեղեցկությունը, բայց ճապոնացի բանաստեղծներին այնուամենայնիվ հաջողվել է դրոշմել աշնան այս չքնաղ պատկերները համառոտ տողերում:
  Ճապոնական պոեզիայում առանց ավելորդ պաճուճանքների ներկա են և՛ բնությունը, և՛ երաժշտությունը, և՛ ճապոնական ավանդական կրոնից՝ սինտոիզմից բխող բնապաշտական պատկերացումները: Քանի որ անհնարին է մեկ հոդվածով սպառել այս ընդգրկուն թեման, խոսենք միայն "հայկու" եռատողերի մասին: Այո, սրանք այն համեստ եռատողերն են, որոնք կարող են ծիծաղ հարուցել ընթերցողի մոտ՝ առաջին հայացքից անկապակից ու ոչինչ չասող բովանդակության պատճառով, բայց մտքում ստեղծված պատկերների վերլուծումը և հեղինակին ապրումակցումը օգնում է բացահայտել քիչ թվով բառերի ետևում թաքնված փիլիսոփայական իմաստը:

Thursday, January 10, 2013

Սապֆո - Կանանց սերը գովերգողը


Միայն ինը մուսաներ թվելով մենք վիրավորում ենք Սապֆոյին:
Նրա մեջ պետք է տեսնել տասներորդ մուսային...
Պլատոն

   Այս հոդվածը ցանկացա նվիրել անտիկ մեծանուն բանաստեղծուհի Սապֆոյին (Ք.ա. 630-570թթ.) հետևյալ պատճառներով՝ նախ, այս բանաստեղծուհու երկերը բացառիկ արժեք ունեն իրենց հորինվածքով, երկրորդ՝ Սապֆոն մեծ ազդեցություն է գործել հետսոկրատյան շրջանի մտածողների վրա և վերջապես, կարիք կա քննելու, թե արդյոք իրակա՞ն է նրա անձի շուրջ հյուսված լեսբուհու կերպարը:
   Սապֆոն գրում էր իր բանաստեղծությունները և հիմները էոլական բարբառով, ժամանակի տաղաչափության մեջ ներմուծելով հանգավորման նոր կանոններ (տաղաչափության մեջ այս ոճը հայտնի է "Սապֆոյական բանաստեղծություն" անվամբ): Սապֆոյի երկերը անմիջապես մեծ ճանաչում ձեռք բերեցին և արժանացան ժամանակակիցների հիացմունքին: Պատմում են, որ երբ Աթենքի օրենսդիր Սոլոնը իր զարմիկից լսում է Սապֆոյի խնջույքի երգերից մեկը, ցանկանում է անմիջապես սովորել այն, ասելով. "Չէի ցանկանա մահանալ, առանց սովորելու այս երգը": Սոկրատեսն համարում էր Սապֆոյին "սիրո գիտության" մեջ իր ուսուցիչը, Ստրաբոնը նրան "հրաշք" է անվանում և պնդում, որ պատմության մեջ անիմաստ է փնտրել մեկ այլ կնոջ, ով կկարողանար գեթ հեռավոր համեմատության մեջ դրվել նրա հետ, իսկ անտիկ շրջանի հունական պոեզիայի գիտակներ Դիոնիսիոս Հալիկառնացին, Կատուլլոսը և Հորացիոսը Սապֆոյին համարում են բանաստեղծական նոր դարաշրջանի հիմնադիր: Այնուամենայնիվ, Սապֆոյի ժառանգությունը դարեր անց մոռացվեց... էոլական բարբառը խրթին էր, հռոմեական իշխանության տարիներին երկերն գնալով ավելի քիչ էին կրկնօրինակվում, միջնադարում Սապֆոյի ժառանգության ուսումնասիրումը դուրս մնաց ակադեմիական ծրագրից և արդեն XII դարում նրա երկերը կորսված էին համարվում: Ողջ բանաստեղծական ժառանգությունից մեզ պատառիկներ են հասել անտիկ հեղինակների մեջբերումների տեսքով, ինչպես նաև եգիպտական պապիրուսների շնորհիվ: