Monday, January 14, 2013

Նիցշե - Հրի՛ր ընկնողին


Օ՜ եղբայրներ իմ, միթե՞ ես դաժան եմ: Բայց ասում եմ ձեզ.
այն՝ ինչ ընկնում է, պետք է ավելի ուժգին հրել...:
Եթե չեք կարողանում մեկին սովորեցնել ճախրել՝
սովորեցրեք նրան շուտափույթ ցած գլորվել...
Այսպես խոսեց Զրադաշտը

   Իրոք, այս խոսքերը դաժան կարող են թվալ: Չե՞ք ասի, թե. ինչպե՞ս կարելի է հրել ընկնողին, հակառակը՝ պետք է ձեռք մեկնել նրան, հնարավորություն տալ ոտքի կանգնելու: Բայց իրականում Նիցշեն այս խոսքերով կյանքի դաս է տվել համայն մարդկությանը, տասնամյակներ առաջ կանխատեսելով համաշխարհային բազմապիսի ճգնաժամները:
   Նիցշեի մեկնաբանները կարծում են, որ մտածողն այս դրվագում առաջին հերթին կրոնն է նկատի ունեցել: Դե ի՞նչ, դեմ չեմ, թող այդպես լինի: Եթե կրոնը սոսկ խարխուլ կմախք է հիշեցնում և ծանր զնդանի պես կախ է ընկած մարդկանց ոտքերից, ապա այն անտարակույս պետք է հրել դեպի անդունդը և ես կլինեմ այդ աշխատանքը կատարողների առաջին շարքում: Սակայն մի կարևոր "բայց" կա այստեղ, որը նշում են նաև Նիցշեին հաջորդող փիլիսոփաները՝ դեպի անդունդը ընկածին հրելը նրա վրա վերջնական խաչ քաշելու նպատակ չունի, դա իրականում ամենամեծ օգնությունն է, որ կարող ենք տրամադրել անհուսալի վիճակում հայտնվածին. հնարավորություն տալ հասնել ծայրահեղության, որից արդեն իր ներքին ուժերի վրա հենվելով ընկածը կկարողանա վերապրել ու վերածնվել կամ էլ վերջնականապես կկործանվի ու կանհայտանա:
   Այսպիսով, ցանկացած գաղափարի կենսունակությունը որոշելու համար պետք է այն "հրել դեպի անդունդը": Սա ասես շիկացած հնոց լինի, որի միջով անցնելով կամ այրվում ես, կամ էլ կոփվում ու զտվում խառնուրդներից: Դարեր շարունակ քրիստոնեությունը անցել է հալածանքների, մերժողության ու արգելքների միջով, բայց չի կործանվել, միշտ վերապրել է կենդանի ու առողջ հատիկը, որի գոյությունը անուրանալի է: Ո՞վ գիտե, գուցե այժմ էլ կարիք կա ստուգումը կրկնելու... նրանք, ովքեր իրոք ցանկանում են պարզել, թե կարո՞ղ է արդյոք քրիստոնեությունը մեր մեջ պահպանել իր կենսունակությունը՝ խնդրեմ, կարող եք հրել այն դեպի անդունդը և այս քայլը կատարելուց պետք չէ վախենալ:
   Եվ առհասարակ, չի կարելի հանդուրժել, որ մեզ շրջապատող աշխարհում անուժ խրտվիլակները շարունակեն քարշ տալ իրենց գոյությունը: Եթե պետությունը, որում ապրում ենք, անուժ ու տկար է՝ պետք չէ շարունակել ապրել այն հույսով, թե աստիճանաբար, թվացյալ բարենորոգումների ճանապարհով այն ոտքի կկանգնի: Սուտ է, հրե՛ք այն դեպի անդունդը և մի՛ խղճացեք...



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.