Thursday, January 17, 2013

Հենրի Դեյվիդ Թորո - Ուոլդեն կամ կյանքն անտառում


   Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) ամերիկացի գրող է, մտածող, հասարակական գործիչ և նատուրալիստ: 1845-1847թթ.-ին Թորոն առանձնության մեջ ապրում էր Ուոլդենյան անտառում իր ձեռքով կառուցած խրճիթում, սեփական ուժերով հայթայթելով կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ: Հասարակությունից առանձնանալու իր այս փորձի մասին Թորոն գրել է 1854թ.-ին՝ "Ուոլդեն կամ կյանքն անտառում" գրքում: Վախճանվել է 45 տարեկան հասակում, տուբերկուլյոզից: Ստորև բերում եմ հիշյալ գրքի արժեքավոր մի դրվագի թարգմանությունը.


  Ես հեռացա անտառ, որովհետև ցանկանում էի ապրել գիտակից կյանքով, գործ ունենալ միայն կյանքի էական իրողությունների հետ, փորձել ինչ-որ բան սովորել դրանից, որպեսզի երբ մահվան պահը գար, չպարզվեր, որ բնավ չեմ ապրել: Ես չէի ցանկանում ապրել նրանով, ինչն իրականում կյանքը չէ, որովհետև այն չափազանց թանկ է, ոչ էլ դիմել ինքնահրաժարման, քանի դեռ չկար դրա սուր անհրաժեշտությունը: Ես տենչում էի խորամուխ լինել կյանքի մեջ և ծծել կյանքի ողջ ոսկրածուծը, վճռականորեն ապրել սպարտայական պարզությամբ, որպեսզի արմատախիլ անեմ այն ամենն, ինչ կյանքը չէ, խորը հնձելու և առավելագույնը խուզելու համար, որպեսզի կյանքն անկյուն մղեմ և այն հանգեցնեմ պարզագույն տեսքի, եթե պարզվեր, որ այն չնչին է, ինչ արած, հասու լինեմ նրա իրական ողջ ոչնչությանը ու դրա մասին հայտարարեմ ամբողջ աշխարհին, իսկ եթե այն լեցուն է վեհ իմաստով՝ ճանաչեմ փորձառությամբ և այն ճշմարտապես ներկայացնեմ իմ հաջորդ ստեղծագործության մեջ: Քանզի, ինչպես ինձ է թվում, մարդկանց մեծամասնությունը տարօրինակ կերպով անորոշ կարծիք ունի կյանքի մասին՝ չիմանալով Աստծո՞ պարգևն է այն, թե՞ սատանայի, և որոշ հապճեպությամբ եզրակացնում են, որ մարդու գերագույն նպատակը երկրի վրա "Աստծուն փառաբանելն ու հավետ նրանով ցնծալն է":
  Մինչդեռ մենք ապրում ենք ողորմելի, մրջնային կյանքով, թեև առասպելը վկայում է, որ մենք շատ վաղուց ենք մարդկանց վերածվել, թզուկների պես, որոնք պատերազմում են կռունկների դեմ, սխալը սխալի ետևից ենք գործում, անընդմեջ հարվածներ ստանում և անգամ մեր գերագույն առաքինությունն ի հայտ ենք բերում միայն նեղությունների պահին, որոնք ավելորդ են և որոնցից կարելի է հեշտությամբ խուսափել: Մենք մսխում ենք մեր կյանքը մանրուքների վրա: Ազնիվ մարդը հազիվ թե իր տասը մատներից ավելին համրելու կարիք ունենա, ծայրահեղ դեպքում նա կարող է ավելացնել նաև ոտքերի տասը մատները, ավելին հաշվելու ոչինչ չկա: Պարզությո՜ւն, պարզությո՜ւն, պարզությո՜ւն: Ասում եմ ձեզ, թող ձեր զբաղմունքները երկուսը կամ երեքը լինեն, այլ ոչ թե՝ հարյուրը կամ հազարը, միլիոնի փոխարեն համրեք մինչև դյուժինի կեսը և թող ձեր հաշվումները տեղավորվեն բութ մատի եղունգի վրա: Քաղաքակիրթ կյանքի այս ալեկոծ ծովի կենտրոնում այնպիսի ամպեր, փոթորիկներ, խութեր և հազար ու մի արգելքներ ունենք հաղթահարելու, որ եթե մարդը ցանկանում է ապրել, այլ ոչ թե խորտակվել և ընդհանրապես չհասնել նավահանգիստ՝ չկարողանալով կողմնորոշվել տեղանքում, պետք է հիմնվի միայն հաշվումների վրա, և նա, ով կհաջողի այս գործում, իրոք որ պետք է շատ լավ համրել իմանա: Պարզեցրե՜ք, պարզեցրե՜ք ամեն բան: Օրվա մեջ երեքի փոխարեն, եթե անհրաժեշտ է՝ սնվեք մեկ անգամ, հարյուր խորտիկի փոխարեն՝ բավարարվեք հինգով, համամասնաբար կրճատելով ամեն բան


  Ինչո՞ւ պետք է ապրենք այսպիսի շտապողականությամբ և վատնենք կյանքը: Ճաշից հետո հազիվ կես ժամ ննջած մարդն արթնանալուն պես բարձրացնում է գլուխն ու հարցնում՝ "ի՞նչ նորություններ կան", կարծես մնացյալ ողջ մարդկությունն իրեն պահակ էր կանգնած: Ոմանք, անկասկած, հենց այս նպատակով են պատվիրում իրենց արթնացնել ամեն կես ժամը մեկ և որպես դրա հատուցում պատմում են, թե ինչ են տեսել երազում: Ի՞նչ նորություննե՜ր կան..., որքա՜ն ավելի կարևոր է իմանալ այն, ինչը երբեք չի հնանում: "Կյու Հե Յուն՝ Վեյ նահանգի մեծ կուսակալը, նորությունների ետևից մարդ է ուղարկում Կունգ-Ցզիի մոտ: Կունգ-Ցզին բանբերին կարգադրում է նստել իր կողքին և հարցնում է նրան՝ ասելով."Ի՞նչ է այժմ անում քո տերը": Բանբերը հարգալից պատասանում է. "Իմ տերը ջանում է նվազեցնել իր մեղքերը, սակայն ոչ մի կերպ չի կարողանում վերջ դնել դրանց": Երբ բանբերը հեռացավ, փիլիսոփան նկատեց. "Ինչպիսի՜ արժանավոր բանբեր, ինչպիսի՜ արժանավոր բանբեր": Շաբաթավերջի հանգստյան օրը քարոզիչը անփութորեն կազմած իր հերթական քարոզով քնկոտ ագարակատերերի ականջը տանելու փոխարեն,- որովհետև կիրակին սխալ անցկացված շաբաթվա պատշաճ եզրափակումն է, բայց կարող էր նոր շաբաթվա թարմ ու առույգ սկիզբ լինել,- պետք է որոտաձայն գոչեր. "Դադա՛ր, կա՛նգ առեք, ինչո՞ւ արագ ընթացքի տպավորություն ստեղծել, բայց իրականում մահացու դանդաղ շարժվել":
  Ժամանակը պարզապես գետ է, որտեղ ես ձուկ եմ որսում: Ես խմում եմ դրանից և խմելու ընթացքում տեսնում եմ ավազով ծածկված հատակը և նկատում, թե որքա՜ն ծանծաղ է այն: Այս ճապաղ առվակը հոսում-անցնում է, բայց հավիտենությունը մնում է: Ես ցանկանում եմ ավելի խորն ակունքներից ըմպել, ձուկ որսալ երկնքում, որի հատակը ծածկված է աստղերով: Հաշվել չգիտեմ: Չգիտեմ անգամ այբուբենի առաջին տառը: Միշտ ափսոսել եմ, որ այնքան իմաստուն չեմ, ինչպիսին եղել եմ ծնվածս օրը: Բանականությունը սայր է, որը ճանապարհ է գտնում դեպի երևույթների գաղտնիքները: Ես այլևս չեմ ցանկանում ձեռքերով ավելի շատ աշխատել, քան պահանջում է անհրաժեշտությունը: Իմ գլուխն է իմ ձեռքերն ու ոտքերը: Ես զգում եմ, որ իմ լավագույն կարողությունները կենտրոնացած են դրա մեջ: Բնազդն ինձ հուշում է, որ գլուխս մի օրգան է՝ նախատեսված փորելու համար, ինչպես որ կենդանիներից ոմանք օգտագործում են իրենց քիթը կամ առջևի թաթերը, և դրա շնորհիվ ես կհորատեմ ու կփորեմ իմ ուղին այս սարերի միջով: Դատելով մոգական փայտիկից  և բարձրացող մառախուղից՝ ինձ թվում է, որ մոտակայքում հարուստ երակ կա. հենց այստեղ էլ կսկսեմ փորել:

Կարդացե՛ք ողջ գիրքը. ՌուսերենԱնգլերեն

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.