Մարտին Բուբերը (1878-1965) գերմանաբնակ նշանավոր հրեա գոյափիլիսոփա է: Իր "Ես և Դու" երկում մտածողը խոսում է Մարդ-Աստված անմիջական հարաբերության մասին: Այն չի կարող լինել "ես-նա" անորոշ և վերացական հարաբերություն, այլ պետք է վերածվի կենդանի և անձնավորված ԵՍ-ԴՈՒ շփման: Ստորև թարգմանաբար բերված է գրքի առաջաբանի մի հատված.
Աշխարհը
երկվությամբ է ներկայանում մարդուն, քանի որ երկակի է մարդ-աշխարհ հարաբերությունը:
Պատճառը մարդու կողմից արտաբերվող հիմնական բառերի երկվությունն է: Դրանք առանձին բառեր
չեն, այլ՝ բառազույգեր: Հիմնական բառերից մեկը ԵՍ-ԴՈՒ-ն է, իսկ մյուսը՝ ԵՍ-ՆԱ-ն (անկախ
"Նա"-ի սեռից): Ուստի երկվություն է պարունակում իր մեջ նաև մարդու ԵՍ-ը,
որովհետև ԵՍ-ԴՈՒ հիմնական բառի Ես-ը տարբերվում է ԵՍ-ՆԱ-ի մեջ ներկայացող Ես-ից:
Այս հիմնական
բառերը բխում են մարդու էությունից, սակայն ԵՍ-ԴՈՒ հիմնական բառն է միայն արտաբերվում
ողջ հոգով: ԵՍ-ն առանձնաբար գոյություն չունի: Երբ մարդն ասում է ԵՍ՝ հասկանում է ԵՍ-ԴՈՒ
կամ ԵՍ-ՆԱ հարաբերություններից մեկի ԵՍ-ը և հիշատակվող երկրորդ կողմը միշտ ներկա է
ԵՍ-ի մեջ: ԵՍ լինելը և ԵՍ ասելը տարբեր են իրարից, ինչպես պարզապես ԵՍ ասելը տարբերվում
է հիմնական բառերից մեկը արտասանելուց: Նա, ով արտաբերում է հիմնական բառը՝ մտնում
է հարաբերության մեջ:
ՆԱ-ի թագավորության
մեջ ամեն բան անորոշ է: Երբ ես ասում եմ. "Ես զգում եմ ինչ-որ բան", "Ես
պատկերացնում եմ ինչ-որ բան", "Ես ցանկանում եմ ինչ-որ բան" գործ եմ
ունենում անորոշ և հեռավոր առարկայի հետ: Այլ է սակայն ԴՈՒ-ի ոլորտը: Երբ մեկն ասում
է ԴՈՒ՝ չկա այլևս անորոշություն և նա մտնում է հարաբերության մեջ:
Երեք ոլորտներ
գոյություն ունեն, որոնցում կառուցվում են հարաբերությունները: Առաջին, կյանքը բնության
մեջ. արարչությունն անցնում է մեր աչքի առջևով, բայց մենք չենք կարողանում մոտենալ
և խոսք ուղղել նրան: Երկրորդ, կյանքը մարդկանց հետ. այստեղ հարաբերությունը բաց է և
ձևակերպված խոսքի մեջ, մենք կարող ենք ասել և ընդունել ԴՈՒ-ն: Եվ երրորդ, կյանքը հոգևոր
էությունների հետ. հարաբերությունը պատված է շղարշով՝ բայց հայտնվում է մեզ, համր է՝
բայց մեզ խոսել է տալիս, մենք չենք լսում ԴՈՒ-ն, բայց այնուամենայնիվ զգում ենք, որ
մեկը ձայնում է մեզ և մենք պատասխանում ենք ողջ էությամբ: Ամեն շրշյունից մենք որսում
ենք հավիտենական ԴՈՒ-ի արձագանքը և պատասխանում ԴՈՒ-ով:
ԴՈՒ-ն փնտրելով
չես գտնի, այն պետք է հայտնվի քեզ, սակայն ես եմ, ով հարաբերության մեջ է մտնում նրա
հետ: Ուրեմն, հարաբերությունը միաժամանակ ընտրել և ընտրված լինելն է: Մեր ամբողջականությունը
գտնելու համար պետք է տարրալուծվենք ԵՍ-ԴՈՒ-ի մեջ: Ես դառնում եմ ԵՍ, երբ հարաբերության
մեջ եմ մտնում ԴՈՒ-ի հետ: Ամեն իրական կյանք հանդիպում է ենթադրում:
ԴՈՒ-ի հետ
հարաբերությունը ոչնչով միջնորդավորված չէ և այն փոխադարձ է: Ես ներգործում եմ նրա
վրա և նա պատասխանում է նույն կերպ: Այս ներգործությամբ պայմանավորված փոխադարձ գիտեցումն
է, որ մեր կյանքը դարձնում է իրական. Cogito, ergo sum - Գիտենում եմ՝ ուրեմն գոյություն
ունեմ: Իսկ այն մարդն, ով ապրում է միայն ՆԱ-ի հետ՝ նրան չի կարելի մարդ համարել...
Կարդացե՛ք գիրքը Martin Buber - I and Thou
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.