Ամերիկացի
գրող, հասարակական գործիչ և նատուրալիստ Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) 1849թ.-ին
հրապարակված "Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը" ("Resistance
to Civil Government" կամ "Civil Disobedience") էսսեում հայտնում է
իր այն համոզմունքը, որ մարդիկ չպետք է թույլ տան իշխանություններին տիրել իրենց գիտակցությանը
և չպետք է զիջումների գնան, որպեսզի զոհ չգնան քաղաքացիական անարդարությանը: Էսսեի
հրապարակումից հետո Թորոն բացահայտ կերպով հրաժարվում է հարկերի վճարումից, ինչի համար
և կարճ ժամանակով ազատազրկման է դատապարտվում: Ստորև բերում ենք հիշյալ երկի նախաբանի
թարգմանությունը, ոչ թե ներկայիս ընդդիմադիր տրամադրություններին տուրք տալու, այլ պարզապես
ամենքիդ օգտակար խորհրդածության հրավիրելու համար:
- Ինձ չափազանց
հոգեհարազատ է հետևյալ կարգախոսը. "Այն իշխանությունն է լավը, որն ամենակարճն
է իշխում": Ես կցանկանայի, որ այս կարգախոսն իրագործվեր ավելի հաճախ ու
սիստեմավորված կերպով: Եթե ավելի խորը դիտելու լինենք, այս միտքը, հավատացած եմ, մեզ
կառաջնորդի հետևյալին. "Այն իշխանությունն է լավը, որն ընդհանրապես չի իշխում":
Եվ երբ մարդիկ գիտակցեն նման իշխանություն ունենալու անհրաժեշտությունը, այն ժամանակ
էլ կգա այսպիսի իշխանության ժամանակը: Իշխանություններն իրենց կատարյալ մոդելում լավագույն դեպքում՝ նպատակահարմար են, ինչը սակայն չի կարելի ասել գոյություն ունեցող
գրեթե բոլոր (եթե ոչ բոլոր) իշխանական վարչակարգերի մասին: Մշտական բանակի պահպանման
դեմ ցույցերը կարծում եմ պետք է ուղղել նաև իշխանական պաշտոնյաների մշտական բանակի
դեմ: Մշտական բանակը մշտական իշխանության սոսկ մի ձեռքն է: Իշխանությունն ինքնին, լոկ մարդկանց կողմից իրենց կամքը կատարելու համար ընտրված միջոց է, որը հավասարապես հակված
է խաբելու իր հրամանով գործող մարդկանց և խաբվելու նրանց կողմից:
Ի՞նչ է իրենից
ներկայացնում ամերիկյան իշխանությունը (կարելի է այս միտքը հավասարապես տարածել հայկական
իշխանությունների վրա - Ծան. հեղ.), եթե ոչ վաղ անցյալում ստեղծված և արդեն քարացած
մի ավանդություն, որն ամեն ակնթարթ կորցնում է իր ամբողջականության մի մասնիկը և ցանկանում
է իրեն այդ խարխուլ վիճակով փոխանցել հետագա սերունդներին: Եթե մեկ մարդը կարող է ենթարկել
իրեն իշխանությունը, ապա այն զրկված է կենսունակությունից և ուժից: Ժողովրդի համար
սա ասես փայտե հրացան լինի. անպետք լինելով այն չի դադարում մարդկանց համար անհրաժեշտ
լինելուց, որովհետև մարդիկ այնուամենայնիվ ցանկանում են կյանքի կոչել իշխանության մասին
իրենց գաղափարը: Հենց այս հանգամանքն է, որ հնարավորություն է տալիս իշխանություններին
հիմարեցնել մարդկանց և իրենց իսկ, եթե դա է պահանջում շահը: Դե ի՞նչ, միթե հիանալի
չէ: Ըստ որում, իշխանությունները օրինաչափ կերպով իրենք ոչինչ չեն անում, այլ հաճույքով
խուսափում են աշխատանքից: Իշխանությունը չէ, որ պահպանում է երկրի անկախությունը կամ
կրթություն է տալիս ժողովրդին, ավելին՝ ժողովուրդը կարող էր անել շատ ավելին, եթե իշխանությունները
չխոչընդոտեին նրան այդ ճանապարհին: Իշխանության համար շահեկան է, երբ ժողովուրդը պառակտված է, իսկ ավելի լավ են զգում իրենց, երբ ենթակաների մասին առհասարակ կարելի է չմտահոգվել
(չեմ դիմանում, քիչ է մնում ամեն տողն ընդգծեմ - Հեղ.): Գործարարությունն ու առևտուրը
միայն իրենց ճկունության շնորհիվ է, որ կարողանում են հաղթահարել իրենց ճանապարհին
իշխանությունների կողմից համառորեն հարուցվող արգելքները:
Դիտելով
ներկա իրականությունը առողջ դատողության դիրքերից, ես, իբրև քաղաքացի, չեմ հանդիսանում իշխանության գոյություն ունենալու ընդհանուր գաղափարի հակառակորդը, բայց կոչ
եմ անում այժմ իսկ մտահոգվել ավելի լավ իշխանություն ունենալու մասին: Եթե յուրաքանչյուր
մարդ սկսի խորհել, թե ինչպիսի՞ կառավարությունը կհարուցեր իր հարգանքը՝ սա արդեն քայլ
կլիներ դեպի նման իշխանության ստեղծումը:
Ես կարծում
եմ, որ մենք նախևառաջ պետք է մարդ լինենք, դրանից հետո արդեն՝ իշխանության հպատակներ:
Միակ պարտավորությունը, որ ես պատրաստ եմ ստանձնել՝ դա ամեն պահի խղճի մտոք և արդար
վարվելն է: Ճշմարիտ է ասված, թե հասարակությունը խիղճ չունի, սակայն խիղճ ունեցող մարդկանց
հասարակությունը կարող է բարեխիղճ հանրություն լինել: Եթե մոռանանք մեր խիղճը, ապա կծառայենք
իշխանությանը մեր մարմիններով, մեքենայաբար ստեղծելով բանակ, ոստիկանություն և այլ
կառույցներ: Մեծամասնությունը կկորցներ իր բարոյականությունը և ազատ դատելու կարողությունը,
իջնելով անշունչ փայտի կամ քարի մակարդակին: Եթե հնարավոր լիներ փայտե մարդկանց պատրաստել,
նրանք միևնույն հաջողությամբ կծառայեին հիշյալ նպատակներին: Նման մարդիկ ոչնչով չեն տարբերվում
նյութական ունեցվածքից, բայց արի ու տես, որ իրենց բարի ու ազնիվ քաղաքացիներ են համարում:
Օրենսդիրները, քաղաքական գործիչները, իրավաբանները, հոգևորականներն ու այլ պաշտոնյաները
ծառայում են պետությանը առավելապես իրենց գլխով և քանի որ հազվադեպ են պահպանում բարոյականության թույլատրելի սահմանները, ինձ թվում է, թե նրանք ավելի շուտ սատանային են ծառայում, քան՝ Աստծուն
և անգամ ջանք էլ չեն գործադրում սա թաքցնելու համար: Քչերը՝ հերոսները, հայրենասերները,
մարտիրոսները և ճշմարիտ բարենորոգիչներն են միայն, որ խղճով են ծառայում պետությանը
և հաճախ անհրաժեշտության դեպքում ընդդիմանում են իշխանության խախտումներին, ահա թե
ինչու հաճախ նրանց պետության թշնամիներ են համարում: Իմաստունը կարող է պիտանի լինել
պետությանը միայն իր մարդկային որակներով և չի հանդուրժի, եթե իրեն փորձեն ինչ-որ մի
անցքի համար խցան դարձնել, պարզապես, որ այնտեղից "քամի չփչի": Ծայրահեղ
դեպքում նա պարզապես մի կողմ կքաշվի...
Բեռնե՛ք գիրքն այստեղ. Civil Disobedience
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.