Wednesday, April 17, 2013

Ռաֆայելի "Աթենքի դպրոցը"



   Հասուն Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելի (1483-1520թթ.) "Աթենքի դպրոցը" (Scuola di Atene) որմնապատկերը (1509-1511թթ.) գտնվում է Վատիկանի պապական պալատում (չափերը՝ 5x7,7մ): Արվեստների հովանավոր Հուլիոս II պապը 1508թ.-ին հանձնարարում է այն ժամանակ դեռևս 25-ամյա պատանի Ռաֆայելին նկարազարդել իր պալատի 4 սրահների պատերը: Փիլիսոփայության կարևոր դերակատարությունը աստվածաբանության մեջ խորհրդանշող "Աթենքի դպրոցը" գտնվում է պապական աշխատասենյակում (Stanza della Segnatura), որի մյուս երեք պատերին պատկերված են հետևյալ որմնանկարները. "Բանավեճ" կամ "Քննարկում Սբ. Հաղորդության խնդրի շուրջ". խորհրդանշում է աստվածաբանությունը, "Պառնասը"՝ պոեզիան, իսկ "Իմաստություն, չափավորություն և զորություն" ստեղծագործությունը՝ արդարադատությունը:
   Ձեզ եմ ներկայացնում Ռաֆայելի "Աթենքի դպրոցը" որմնանկարում պատկերված անձերի՝ արվեստաբան Լուիտպոլդ Դասլերի կողմից ենթադրվող անունները.




1. Զենոն Կրետացի
2. Էպիկուր կամ Հերակլիտես
3. Ռաֆայելն ինքն է (նաև պատկերի աջ կողմում (R), հեղինակի ստորագրությունը (RSVM) դրված է օձիքին)
4. Բոետիոս կամ Էմպեդոկլես
5. Իբն-Ռուշտ (XII դարի արաբ փիլիսոփա)
6. Պյութագորաս
7. Ալեքսանդր Մեծ
8. Անտիսթենես կամ Քսենոփոն
9. Ռաֆայելի սիրեցյալ և բնորդուհի Մարգարիտա Լուտին, ով պատկերում խորհրդանշում է սերը
10. Էսքինես կամ Քսենոփանես
11. Պարմենիդես
12. Սոկրատես
13. Հերակլիտես (Միքելանջելոյի կերպարով)
14. Պլատոն (Լեոնարդո դա Վինչիի կերպարով)
15. Արիստոտել (իտալացի ճարտարապետ Սանգալլոյի կերպարով)
16. Դիոգենես
17. Պլոտինոս
18. Էվկլիդես կամ Արքիմեդես
19. Զրադաշտ
20. Պտղոմեոս
21. Պրոտոգենես (անտիկ հույն նկարիչ և քանդակագործ)

   Կենտրոնական կերպարները Պլատոնն ու Արիստոտելն են, ովքեր խորհրդանշում են աշխարհի իդեալիստական և մատերիալիստական մեկնաբանման դարավոր երկվությունը: Պլատոնը ձախ ձեռքում պահել է իր "Տիմեոս" տրամախոսությունը, իսկ դեպի վեր ուղղված աջ ձեռքով մատնանշում է "գաղափարների աշխարհը": Իբրև հակադրություն` նրա կողքին պատկերված է Արիստոտելը, ով մի ձեռքում պահել է "Նիկոմաքյան Էթիկան", իսկ մյուսն ուղղել է վար՝ պնդելով աշխարհի մատերիալիստական կողմի կարևորությունը:
 Որմնանկարն ունի նաև հայտնի կրկնօրինակություններ: Առաջին կրկնօրինակությունը 4x8մ չափերի կտավի վրա կատարել է Մենգսը 1755թ.-ին, և որն այժմ գտնվում է Լոնդոնի կայսերական թանգարանում: Բնօրինակի չափերն ունեցող 1900թ.-ին կատարված կրկնօրինակությունը գտնվում է Վիրջինիայի համալսարանի դահլիճում: Պատճեններ կան նաև Հյուսիսային Կարոլինայի և Բեյլորի համալսարաններում, Փարիզի Սբ. Ժենևի գրադարանի գլխավոր ընթերցասրահում, Քյոնիգսբերգի (Կալինինգրադ) Մայր Տաճարում և այլուր: 


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.