Լեոնարդո
դա Վինչին "Մարդն ըստ Վիտրուվիոսի" նկարը գծագրել է 1490-1492թթ.-ի միջև
ընկած ժամանակահատվածում: Գծագրի չափերն են՝ 34.3x24.5սմ, աշխատանքը կատարված է թանաքով
և ջրաներկով՝ մետաղական գրչահատի կիրառմամբ: Նկարի և կից տրված բացատրությունների հիմքում
ընկած են հռոմեացի ճարտարապետ և քանդակագործ Մարկոս Վիտրուվիոս Պոլլիոյի (Ք.ա.70թ.-Ք.հ.15թ.)
"Ճարտարապետություն" ("De Architectura") երկում տրված մարդու
կատարյալ կազմվածքի համամասնությունները: Երկու ստանդարտ դրություններում մարդուն շրջանի
և քառակուսու մեջ առնելու գաղափարը նույնպես պատկանում է Վիտրուվիոսին:
Առաջնորդվելով
մարդու կազմախոսության հիմքում ընկած կատարյալ համաչափության սկզբունքով` Լեոնարդո դա
Վինչին ցանկանում էր շեշտել մարդու անխզելի կապը բնության հետ և ներկայացնել մարդ էակին
որպես տիեզերական կարգավորության փոքր մոդել՝ միկրոկոսմոս: Այժմ տանք պատկերին կից
ներկայացվող դա Վինչիի մեկնաբանությունների ձեռագրական թարգմանությունը:
Նկարի վերևում
գտնվող հատվածում գրված է.
- Ճարտարապետ
Վիտրուվիոսն իր երկում նշում է, որ մարդկային մարմնի համամասնությունները բնության
կողմից սահմանված են հետևյալ կերպ.
Ձեռքի ափի
երկարությունը հավասար է չորս մատի բացվածքի լայնությանը,
Ոտնաթաթը
հավասար է երեք ափի,
Արմունկը
հավասար է վեց ափի,
Մարդու հասակը
հավասար է չորս արմունկի (24 ափի),
Մարդկային
քայլի երկարությունը հավասար է չորս ափի: Այս համաչափությունը Վիտրուվիոսը կիրառում
էր իր շինություններն ու արձանները ստեղծելիս:
Նկարից վար
շարադրված պարագրաֆում ընթերցում ենք հետևյալը.
- Եթե դուք
կանգնած դիրքում ոտքերին այնպիսի բացվածք հաղորդեք, որպեսզի գլխի բարձրությունը գետնից
կրճատվի ձեր հասակի 1/14-ականով և տարածեք ձեռքերն այնպես, որպեսզի ձեր մատները հասնեն
գլխի մակարդակին, ապա իմացեք, որ նման դրության մեջ կենտրոնում ցայլքի փոխարեն հայտնվում
է պորտը, իսկ ոտքերն իրենց միջև ընկած հեռավորությամբ հավասարակողմ եռանկյունի են կազմում:
Հորիզոնական
տարածած ձեռքերի երկարությունը հավասար է մարդու հասակին,
Ճակատի մազերի գծից մինչև ծնոտն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/10-ին,
Գլխի գագաթից
մինչև ծնոտն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/8-ին,
Գլխի գագաթից
մինչև կուրծքն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Ճակատի մազերի գծից մինչև կուրծքն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/5-ին,
Ուսերի առավելագույն
հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Արմունկից
մինչև մատների ծայրը եղած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Արմունկից
մինչև ուսը եղած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/8-ին,
Ձեռքի ափի
երկարությունը հավասար է մարդու հասակի 1/10-ին,
Ցայլքը գտնվում
է մարդու հասակի կենտրոնում,
Ոտնաթաթի
երկարությունը հավասար է մարդու հասակի 1/8-ին,
Ծնկից մինչև
ոտնաթաթն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Ծնկից մինչև
ցայլքը եղած հեռավորությունը հավասար է մարդու
հասակի 1/4-ին,
Ծնոտից մինչև
քիթը, քթից մինչև ունքերը, ունքերից մինչև ճակատի մազերի գիծը ընկած հեռավորությունները
հավասար են միմյանց, ինչպես նաև ականջների երկարությանը և կազմում են համապատասխանաբար
դեմքի երկարության 1/3-ը:
Դա Վինչիի
այս ձեռագիրը 1810թ.-ին գնել և հրապարկել է իտալացի արվեստագետ Ջուզեպպե Բոսսը, իսկ
1815թ.-ին նրա մահվանից հետո ձեռագրի այս թերթը մինչ օրս պահվում է Վենետիկի Ակադեմիայի
թանգարանում և հազվադեպ է ցուցադրվում:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.