Նկարիչը
ողջ մարդկության և աշխարհում գոյություն ունեցող նյութեղեն իրերի տիրակալն է: Եթե նկարիչն
այս պահին ցանկանա տեսնել իրեն գերող սքանչելիքները՝ նա կարող է վերստեղծել դրանք,
ինչպես նաև սարսափելի հրեշներին, ծիծաղելի կամ դժբախտ կերպարներին: Նա տերն ու տիրակալն
է այս ամենի. եթե ցանկանա պատկերել մարդաշատ բնակավայրեր կամ անապատներ, տապից պատսպարող
ստվերաշատ կացարաններ կամ ցրտից պաշտպանող տաք օթևաններ՝ կարող է անել դա: Եթե կամենա
պատկերել դաշտավայրեր, լեռների գագաթներից դեպի ծովը ձգվող անծայր հորիզոններ կամ էլ
ստորոտից նկարել բարձրաբերձ սարերը՝ կարող է կատարել այդ ամենը...: Իրականում, այն
ամենն ինչ գոյություն ունի տիեզերքում՝ փաստացի, սիմվոլիկ կերպով կամ երևակայության
մեջ, նկարիչն առաջին հերթին ամփոփում է իր մտքում ապա արտահայտում ձեռքի միջոցով: Եվ
սա մի ուրույն կատարելություն է՝ կարողանալը հարմոնիկ կերպով և համամասնության մեջ
արտահայտել ողջ տեսանելին, այն՝ ինչ հնարավոր է նկատել լոկ առաջին հայացքից, մեկ ակնթարթում,
ինչպիսին որ կան իրերը բնության մեջ:
Նա, ով չի
սիրում նկարչությունը, չի կարող սիրել ո՛չ փիլիսոփայությունը, և ո՛չ էլ բնությունը:
Եթե դուք չեք սիրում նկարչությունը, որը բոլոր տեսանելի արարածների միակ կրկնօրինակողն
է, վստահաբար ձեզ դուր չեն գա նաև փիլիսոփայության պարգևած նրբին գյուտերը և բնության
բազմապիսի սպեկուլյացիաները, որոնք կառուցվում են ստվերի և լույսի մեջ թաթախված ծովի
և ցամաքի, կենդանիների և բույսերի, խոտերի և ծաղիկների միջոցով: Իրապես, նկարչությունը
գիտություն է, բնության հարազատ զավակը կամ եթե ավելի ճշգրիտ արտահայտվելու լինենք՝
բնության թոռը, որովհետև բոլոր տեսանելի արարածներին ծնել է բնությունը, որոնք իրենց
հերթին և ծնունդ են տվել նկարչությանը: Ուստի կարող ենք արդարացի կերպով խոսել նկարչության
մասին՝ իբրև բնության շարունակություն և Աստծո հետ առնչություն ունեցող երևույթ, և
ո՞վ գիտե, գուցե մեր արվեստի շնորհիվ Աստծո ժառանգները կոչվելու շնորհին արժանանանք...

