Ին-Յան հարաբերության
սիմվոլիկ պատկերը ծանոթ է ամենքիս: Ինը՝ շրջանի սև կողմն է (սպիտակ կետով), իսկ Յանը՝
սպիտակը (սև կետով), որը երբեմն նաև փոխարինվում է կարմիրով: Առաջին հայացքից պարզունակ
այս պատկերն իրականում գոյաբանական և բարոյագիտական խորին իմաստ է պարունակում:
Ին-Յան դուալիստական
ուսմունքը ծագում է առել հին չինական բնափիլիսոփայությունից, հավանաբար Ք.ա. III-II
հազարամյակներում: Այն տեսական հիմք է հանդիսացել չինական գիտության, ավանդական բժշկության,
երաժշտության, կիրառական արվեստների և ռազմարվեստների (Ցիգուն, Տայցզիցյուան, Բագուաչժան)
համար: Չինական հնագույն փիլիսոփայական բնագրերից "Հերթագայությունների գրքում"
("I Ching"-Ք.ա. I հազ. սկիզբ) Ինը և Յանը խորհրդանշում են համապատասխանաբար
լույսն ու խավարը, ամուրը և փափուկը, բնության մեջ ներկա արական և իգական նախասկիզբները
կամ սուբստանցները: Ք.ա. V-III դդ.-ում անգամ փիլիսոփայական առանձին դպրոց գոյություն
ուներ, որը կրում էր Ին-Յան անունը: Դարերի ընթացքում հակադրությունների բևեռացումն
Ինի և Յանի միջոցով ավելի է խորանում և Նեոկոնֆուցիականության մեջ այս աբստրակտ հարաբերությունը
բացարձակ օրենքի դրություն է ստանում, համաձայն որի՝ հակադիր Ին և Յան ուժերը տիերզերքի
շարժիչ ուժերն են, որոնցով պայմանավորված է բնության մեջ դիտվող հավերժական հերթագայությունն
ու փոփոխականությունը: Այս սկզբունքը մենք գտնում ենք չին փիլիսոփաների ճնշող մեծամասնության
դիալեկտիկական ուսմունքներում:
