Showing posts with label կյանքն անտառում. Show all posts
Showing posts with label կյանքն անտառում. Show all posts

Thursday, January 17, 2013

Հենրի Դեյվիդ Թորո - Ուոլդեն կամ կյանքն անտառում


   Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) ամերիկացի գրող է, մտածող, հասարակական գործիչ և նատուրալիստ: 1845-1847թթ.-ին Թորոն առանձնության մեջ ապրում էր Ուոլդենյան անտառում իր ձեռքով կառուցած խրճիթում, սեփական ուժերով հայթայթելով կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ: Հասարակությունից առանձնանալու իր այս փորձի մասին Թորոն գրել է 1854թ.-ին՝ "Ուոլդեն կամ կյանքն անտառում" գրքում: Վախճանվել է 45 տարեկան հասակում, տուբերկուլյոզից: Ստորև բերում եմ հիշյալ գրքի արժեքավոր մի դրվագի թարգմանությունը.


  Ես հեռացա անտառ, որովհետև ցանկանում էի ապրել գիտակից կյանքով, գործ ունենալ միայն կյանքի էական իրողությունների հետ, փորձել ինչ-որ բան սովորել դրանից, որպեսզի երբ մահվան պահը գար, չպարզվեր, որ բնավ չեմ ապրել: Ես չէի ցանկանում ապրել նրանով, ինչն իրականում կյանքը չէ, որովհետև այն չափազանց թանկ է, ոչ էլ դիմել ինքնահրաժարման, քանի դեռ չկար դրա սուր անհրաժեշտությունը: Ես տենչում էի խորամուխ լինել կյանքի մեջ և ծծել կյանքի ողջ ոսկրածուծը, վճռականորեն ապրել սպարտայական պարզությամբ, որպեսզի արմատախիլ անեմ այն ամենն, ինչ կյանքը չէ, խորը հնձելու և առավելագույնը խուզելու համար, որպեսզի կյանքն անկյուն մղեմ և այն հանգեցնեմ պարզագույն տեսքի, եթե պարզվեր, որ այն չնչին է, ինչ արած, հասու լինեմ նրա իրական ողջ ոչնչությանը ու դրա մասին հայտարարեմ ամբողջ աշխարհին, իսկ եթե այն լեցուն է վեհ իմաստով՝ ճանաչեմ փորձառությամբ և այն ճշմարտապես ներկայացնեմ իմ հաջորդ ստեղծագործության մեջ: Քանզի, ինչպես ինձ է թվում, մարդկանց մեծամասնությունը տարօրինակ կերպով անորոշ կարծիք ունի կյանքի մասին՝ չիմանալով Աստծո՞ պարգևն է այն, թե՞ սատանայի, և որոշ հապճեպությամբ եզրակացնում են, որ մարդու գերագույն նպատակը երկրի վրա "Աստծուն փառաբանելն ու հավետ նրանով ցնծալն է":