Դարերի
ընթացքում տարբեր փիլիսոփաների կողմից փիլիսոփայության զանազան սահմանումներ են տրվել
և որքան էլ որ զարմանալի է, բայց վերնագրում բերված տարօրինակ համակցությունը փիլիսոփայության
սահմանումներից մեկն է, որ տրվել է Պլատոնի կողմից: Սահմանումն, ըստ իս, չափազանց տարողունակ
է և խոր իմաստ է պարունակում: Մենք անհոգ և երջանիկ կյանք ենք համարում մահվան մտքից
հեռու կեցությունը և միշտ հետաձգում ենք մահվան մասին խորհելու պահը, անգամ մեր շուրջը
տեղի ունեցող մահերը չեն սթափեցնում մեզ և արդյունքում անպատրաստ ենք հայտնվում մահվան
շեմին: Այս մոտեցմանը հակառակ Պլատոնը ցույց է տալիս, որ իմաստուն մարդը իր ողջ գիտակից
կյանքում խոկում է մահվան մասին և երբ հասնում է մահվան ժամը՝ ահից չի դողում և դիմավորում
է այն ինչպես իր վաղեմի բարեկամին:
Պլատոնը
իր նշանավոր ՙՖեդոն՚ տրամախոսության մեջ այն համոզումն է հայտնում, որ. ՙՆրանք, ովքեր
ճշմարտապես նվիրված են փիլիսոփայությանը, միայն մի բանով են տարված` մահվամբ եւ մահանալով՚,
ինչին զրուցակիցները տարակուսանքով են արձագանքում, քանի որ այս գաղափարը կարող է սխալ
ընկալման տեղիք տալ եւ փիլիսոփաներին կարելի կլիներ մեղադրել մահ ցանկանալու մեջ: Սակայն
Պլատոնը շարունակության մեջ պարզաբանում է, որ ճշմարիտ փիլիսոփան ցանկանում է կրքերի
մահացում, դրանով սրբելով իր հոգին` հեռավոր նպատակ ունենալով Աստծո մասին խորհելու
համար պատրաստ գտնվելը, քանի որ ՙանմաքուրին թույլատրված չէ դիպչել մաքուրին՚ եւ ՙաստվածների
կարգը թույլատրված չէ անցնել նրանց, ովքեր փիլիսոփա չեն եղել եւ իմացության ձգտելով
վերջնականապես չեն մաքրվել՚: Կարող ենք բերել Պլատոնի մահվան մասին գաղափարների թյուր
ընկալման օրինակ. դասական հեղինակ Կալլիմաքոսի 24-րդ էպիգրամում երիտասարդ Կլեոմբռոտոսի
մահվան պատասխանատվությունը բարդվում է Պլատոնի վրա.












