Friday, April 27, 2012

Մոնտեսքյո - "Օրենքների ոգին"


Vox populi, vox Dei.

Ժողովրդի ձայնը` Աստծո ձայնն է

   Խնդիրն արդիական համարելով, կարծում եմ արժե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկ հոդված նվիրել հայրենի օրենսդրության զարգացման գործին: Հասարակ քաղաքացու համար հայաստանյան քաղաքականության մեջ խորանալն ըստ իս գարշելի զբաղմունք է, որովհետեւ մեր երկրում քաղաքականությունը իր մեջ ամփոփում է աբսուրդային, հակաօրինական եւ հակաբարոյական բոլոր հատկանիշերը, էլ չխոսենք անձերի մասին: Այդ իսկ պատճառով, մաքուր օդի առջեւ պատուհան բացելու համար դիմեցի օրենսդրության ոլորտում դասական հեղինակ համարվող Մոնտեսքյոյին, ում "Օրենքների ոգին" տրակտատից վերցված "Օրենսդրության կերպի մասին" գլուխը կփորձեմ վերլուծել:
   Բարեկամներս, ինչպես գիտենք, ժողովրդի ձայնը մեր երկրի պետական կառավարման համակարգում հնչեցնողը եւ օրենսդիրը պառլամենտն է (կամ Ազգային ժողովը): Այնպիսի վսեմ նպատակների իրագործումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, բարեկեցությունը, լուսավորությունը` կախված է առավելապես Ազգային ժողովի առողջ գործունեությունից: Իսկ այդ առողջ գործունեության դրությունը ստեղծելու համար անհրաժեշտ է`
ա) իրապես ժողովրդական ողջ մասսաները ներկայացնող լեգիտիմ խորհրդարան,
բ) խորհրդարանականների` օրենքների մշակման ոլորտում աշխատելու կարողություն,
գ) օրենսդրական գործընթացի մեկուսացում բոլոր արտաքին ճնշումներից ու ազդեցություններից:
   Այժմ հիշելով մեր դառը իրականությունը` կուլ տամ կոկորդիս դեմ առած հեղձուկը եւ վերադառնամ Մոնտեսքյոյին, ում օրենսդրության գիտությունը գրեթե կատարյալ է:...


Tuesday, April 24, 2012

Բերտրան Ռասսել - "Ինչո՞ւ ես քրիստոնյա չեմ" Մաս Բ

Ռասսելը փորձում է հերքել նաեւ բարոյականությամբ փաստարկված Աստծո գոյության ապացույցը: Բոլոր բարոյական սկզբունքներն ու համոզումները Ռասսելը համարում է մարդու մտքում վաղ հասակից քարացած, իմաստից զուրկ կաղապարներ: Զարմանալի է, թե ինչու Ռասսելը, իր իսկ խոսքերով, 15-18 տարեկան հասակում կայացված անհավատության դիրքորոշումը այդքան հիմնավոր է համարում: Այդ հասակում ես ինքս էլ ջանում էի ազատվել կաշկանդող արգելքներից ու հավատի առաքինության թելադրանքներից, բայց ետադարձ հայացքով այժմ կյանքի իմ այդ շրջանը խենթություն եմ համարում: Մարդկանցից շատերն անցնելով մերժողության եւ անհավատության նման մի շրջան` կամավոր եւ գիտակցված կերպով հանգում են Աստծո գոյության իրողությանը: Փաստորեն մեր Ռասսելին դեռահասությունից աճել է պետք:
Անշուշտ պետք է ընդունել, որ բարոյականությունը հասարակության պայմանավորվածության արդյունքում է ի հայտ գալիս, քանի որ մարդը անհատ լինելուց զատ նաեւ սոցիալական էակ է: Այս պայմանավորվածությունը փոփոխման ենթակա է կախված ժամանակային եւ հասարակարգային կոնտեքստից, սակայն չպետք է բացառվի նաեւ ծնված օրվանից մարդու ընկալյալ բարոյականության գոյությունը եւ Ռասսելն ինքը չի կարողանում հերքել իր` որոշակի բարոյականությամբ առաջնորդվելու իրողությունը:
Ռասսելը կատարում է նաեւ վաղնջական ժամանակներից եկող բարու եւ չարի միջեւ մանիպուլյացիաներ` արդյոք կա՞ ինքնին բարի, իսկ գուցե չա՞րն է բարին, Աստված չարի ստեղծման պատճա՞ռն է, թե` ոչ: Այս ամենը մեր կողմից գործվող արարքների պատասխանատվությունից խուսափելու մի հնարք է սոսկ:
Ուշադրություն դարձրեք` եւս մեկ զավեշտալի առաջարկ Ռասսելի կողմից. ի պատասխան աշխարհում տիրող անարդարությունների, նա առաջարկում է աշխարհի ներկայիս մոդելը կատարյալ ճանաչել եւ հրաժարվել ավելի կատարյալ աշխարհ ստեղծելու մասին մտածելուց: Նախ ես լրջորեն կասկածի տակ կառնեի այս մոդելի գործնական կիրառելիությունը եւ երկրորդ, կուզենայի շեշտել, որ քրիստոնյան չունի այն նայիվ կարծիքը, թե տիեզերական արդարությունը վերականգնվելու է միայն հանդերձյալում` Քրիստոսի պատվիրանի համաձայն մենք ձգտում ենք հաստատել երկնքի Արքայությունը մեր մեջ եւ մեր միջեւ` այն տեղափոխելով մեր հասարակություն:...


Հաջորդ էական կետը Ռասսելի հայեցակարգի մեջ այն է, որ փորձ է կատարվում մարդկության պատմության միջից ջնջել Քրիստոսի անձի բացառիկությունը: Բերվում են Լաո-Ցզիի եւ Բուդդայի օրինակները, ովքեր դեռ Քրիստոսից ավելի վաղ բերել են աստվածային պատգամները աշխարհ, ուրեմն ինչո՞ւ չեն կարող աստվածացվել: Անշուշտ Քրիստոսից դեռ դարեր առաջ Աստված հայտնում էր իրեն եւ իր պատգամները մարդկությանը մարգարեների եւ իմաստունների միջոցով, անգամ վաղ քրիստոնեական ջատագովության մեջ Եկեղեցու հայրերի կողմից Սոկրատեսը համարվում էր Քրիստոսի նախակարապետը: Քրիստոս խոսում էր այնպիսի ճշմարտությունների մասին, որոնք արդեն իսկ կային մարդկանց մտքերում, սակայն ինչն է յուրահատուկ Տիրոջ պարագային, որ Նա ոչ միայն իբրեւ առաքինի մարդ կատարելապես ապրեց այդ ճշմարտությամբ եւ սպանվեց հանուն այդ ճշմարտության, այլեւ իր մահվամբ հավերժապես հաստատեց ճշմարիտ Խոսքը, որը եւ հաղթեց մահվանը, հեղափոխեց ողջ մարդկությանը եւ փրկություն պարգեւեց մեզ: Ուրեմն դուք էլ մտածեք, թե ով էր Հիսուս` Աստծու Որդին, որ ելավ Աստծուց` մտավ պատմության եւ ժամանակի մեջ, իրենից հետո սրբագործելով ամեն բան այս աշխարհում:...

Tuesday, April 17, 2012

Բերտրան Ռասսել - "Ինչո՞ւ ես քրիստոնյա չեմ" Մաս Ա


   Բերտրան Արթուր Ուիլյամ Ռասսելը (1872-1970թթ.) անգլիացի փիլիսոփա է, մաթեմատիկոս եւ հասարակական գործիչ: Փիլիսոփայական իր հայացքներում Ռասսելը Հյումի հետեւորդն էր եւ հիմք է դրել տրամաբանական ատոմիզմի տեսությանը: Պագուոշյան շարժման* հիմնադիրներից է, ակտիվորեն համագործակցել է ժամանակի գիտական եւ հրապարակախոսական առաջատար ուժերի հետ (Ալբերտ Էյնշտեյն, Ժան-Պոլ Սարտր): 1950թ.-ին հումանիստական գաղափարների եւ մտքի ազատության պայքարում մեծ վաստակի համար արժանացել է Նոբելյան մրցանակի:
    Ռասսելը իր երկերում բազմիցս անդրադարձել է կրոնի դոգմաներին եւ հավատի հարցերին: Հատկապես աղմկահարույց եւ մինչ օրս ակտիվորեն շրջանառվող նրա ստեղծագործությունը 1927թ.-ին գրված եւ իբրեւ դասախոսություն Լոնդոնի բարձրաշխարհիկ հասարակության առջեւ ներկայացված "Ինչու ես քրիստոնյա չեմ" էսսեն է, որը Նյու Յորքի Հանրային գրադարանի կողմից ներառվել է 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերի շարքում:

  
   Հատկանշական է, եւ ինչը զարմանալի էր նաեւ ինձ համար, որ այս էսսեն հակաքրիստոնեական կրքեր բորբոքելով հանդերձ այդ ժամանակ չափազանց պահպանողական Կաթոլիկ Եկեղեցու կողմից չի ներառվել արգելված գրականության ցանկում (Index librorum prohibitorum): Ես նույնպես մտադիր չեմ այժմ հերետիկոսական հռչակել եւ խարույկի հանել Ռասսելի գիրքը, այլ պարզապես իմ անհամաձայնությունը կհայտնեմ Ռասսելի գաղափարներին` հաջորդաբար վերլուծության ենթարկելով դրանք: Վերջիվերջո, չէ որ Homo sapiens-ը բազում տրամաբանորեն հիմնավորված փիլիսոփայական հայեցակարգեր է ստեղծել, որոնցից մեկն է նաեւ Ռասսելի տեսությունը, սակայն այս հայեցակարգերից եւ ոչ մեկը արժեքավոր լինելով հանդերձ չի կարող հավակնել բացարձակ ճշմարիտը լինելուն: Ուրեմն մենք իրավունք ունենք սկեպտիկորեն մոտենալու Ռասսելի փաստարկներին, այլ ոչ թե քաղելու դրանցից մեզ շահավետ կետերը եւ երես թեքելու քրիստոնեությունից: Մի կողմ թողնենք առայժմ նաեւ իմ սեփական հավատը, որ քրիստոնեությունն է կատարյալ իմացության աղբյուրը. ես կխոսեմ իբրեւ մի մարդ, ով քաջատեղյակ է քրիստոնեական վարդապետությանը եւ սթափ է նայում մեր օրերում քրիստոնեության` աշխարհում եւ մարդկանց կյանքում ունեցած դերակատարության հարցերին:...