Ամենազորեղ
մարդը նա է, ով միայնակ է ընթանում իր կյանքի ճանապարհով...
ՀԵՆՐԻ ԻԲՍԵՆ
Ստորև թարգմանաբար
բերված են ռուս էկզիստենցիալիստ, քրիստոնեական և քաղաքական փիլիսոփայության ներկայացուցիչ
Նիկոլայ Բերդյաևի (1874-1948թթ.) մտածումները հասարակության մեջ փիլիսոփայի կարգավիճակի,
փիլիսոփայության, աստվածաբանության և գիտության միջև գոյություն ունեցող դիմակայության
վերաբերյալ.
Հիրավի,
ողբերգական է փիլիսոփայի դրությունը: Նրան գրեթե ոչ ոք չի սիրում: Մշակույթի պատմության
ողջ ընթացքում թշնամանք է նկատվում փիլիսոփայության հանդեպ, ըստ որում՝ ամեն կողմից:
Փիլիսոփայությունը մշակույթի ամենաանպաշտպան հատվածն է: Մշտապես կասկածի տակ է առնվում
ընդհանրապես փիլիսոփայության գոյության հնարավորությունը, և ամեն փիլիսոփա իր հերթին
ստիպված է լինում սկսել իր աշխատանքը փիլիսոփայությունը պաշտպանելուց, նրա կարողություններն
ու արդյունավետությունն ապացուցելուց: Փիլիսոփայությունը հարձակման է ենթարկվում վերից
և վարից, նրա հանդեպ թշնամաբար են տրամադրված և՛ կրոնը, և՛ գիտությունը: Այն առհասարակ
հասարակության աչքին հեղինակություն չի վայելում, որովհետև փիլիսոփան "սոցիալական
պատվեր" կատարող մարդու տպավորություն բնավ չի թողնում: Օգյուստ Կոնտի դասակարգման
մեջ փիլիսոփայությանը միջին, անցումային դիրք է տրված կրոնից գիտության փոխակերպման
մեջ: Թեև "փիլիսոփա" կոչումը XVIII դարի ֆրանսիական լուսավորչական փիլիսոփայության
դարաշրջանում բավական տարածված էր, սակայն այս շրջափուլը նսեմացրեց այդ կոչումը
և չծնեց ոչ մի ականավոր փիլիսոփայի: