Thursday, March 28, 2013

Ավագ Հինգշաբթին տարբեր ազգերի սովորույթներում


   Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, համապատասխանաբար նաև այս շաբաթվա բոլոր օրերը, որովհետև դրանցից յուրաքանչյուրը կրում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձություններից մեկի խորհուրդը: Ավագ Հինգշաբթին բովանդակային և ծիսական առումով ամենահագեցածն է. այս օրը քրիստոնյաները հիշատակում են Տիրոջ Վերջին ընթրիքը, Հաղորդության խորհրդի հաստատումը, Ոտնլվան (Հիսուսն այդ օրը լվաց իր աշակերտների ոտքերը) և Տիրոջ մատնությունը:
  Հետաքրքրիր է իմանալ, թե այս օրվա հետ կապված ի՞նչ ազգային սովորույթներ կան աշխարհում:

  • Անգլիայում. Ավագ Հինգշաբթին ստացել է "Արքայական ողորմության օր" անվանումը: XIII դարից սկիզբ առնող այս ավանդույթի համաձայն՝ այդ օրն Անգլիայի գահակալն իր կյանքի տարիների թվով տղամարդկանց և կանանց երկուական քսակ է նվիրում: Կարմիր քսակի մեջ գումար է դրվում մեր ժամանակների արտարժույթի տեսքով (սնունդ և հագուստ գնելու համար), իսկ սպիտակ քսակի մեջ՝ 1822թ.-ից հատվող հատուկ փեննի մետաղադրամներ՝ կրկին գահակալի կյանքի տարիների թվով: Մինչ Ջեյմս II Ստյուարտի գահակալության ավարտը (1701թ.) Անգլիայի տիրակալները Ավագ Հինգշաբթի օրը լվացել են աղքատների ոտքերը (պահպանվել է Եղիսաբեթ I-ի նկարը Ոտնլվայի ժամանակ):

Wednesday, March 13, 2013

Ապոֆատիկ (ժխտողական) աստվածաբանություն


Նախասկզբնական էությունները սահմանման ենթակա չեն...
Պլատոն

   Պլատոնի այս միտքը դրդեց ինձ խոսելու ապոֆատիկ աստվածաբանության մասին: Չէ՞ որ մենք անվերջ խոսում ենք Աստծո մասին և փորձում ենք գործի դնել նկարագրողական մեր ողջ կարողությունը: Աստվածաբանական և փիլիսոփայական երկերի անթիվ հատորներ են գրվել մինչ օրս, որոնք նպատակ ունեին սահմանելու Աստծո անսահման բնությունը, սակայն ետադարձ հայացքով դիտելով անցած ուղին թվում է, թե էական ոչ մի արդյունքի չենք հասել: Մեր անհագ բանականությունը փորձում է հստակ գծագրել Աստծուն և ենթարկեցնել նրան մեր ճանաչողությանը (ինչն անկասկած կարևոր է հավատի գիտակցման և բանական հիմնավորման առումով), բայց այս փորձերն ի սկզբանե անհաջողության են դատապարտված: Ահա թե ինչ է ասում այս առնչությամբ Աստվածաշունչը. "Ոչ մեկին տրված չէ պատմել նրա գործերը։ Ո՞վ կքննի նրա մեծագործությունները։ Ո՞վ կչափի նրա հզորության մեծությունը, և ո՞վ կհամարձակվի պատմել նրա ողորմության մասին։ Հնարավոր չէ ո՛չ նվազեցնել, ո՛չ ավելացնել և ո՛չ էլ հետազոտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։ Երբ մարդը համարի, թե ավարտել է, կզգա, թե նոր է սկսել, և երբ դադարի պատմելուց, ապշահար կմնա" (Սիրաքի իմաստություն 17:1-6)։ 
   Ապոֆատիկ աստվածաբանությունը մի հայեցակարգ է, որում նախընտրությունը տրվում է սահմանելուն թե ինչ կամ ինչպիսին չէ Աստված (որպեսզի մենք մտովի պատկերացնենք Աստծո անդրանցական էությունը) կամ առհասարակ լռությամբ նրա մասին խոսելուն (որովհետև հարցերին լռությամբ պատասխանելը նույնպես պատասխան կարող է լինել): Պլատոնն իր հիշյալ մտքում բացահայտում է այն իրողությունը, որ բաղադրյալ կամ ածանցյալ էությունները սահմանվում են ավելի պարզ բաղադրիչների կամ իրենց նախորդող էությունների միջոցով, սակայն նախակսզբնական և տարրական էությունները սահմանելն անհնար է: Աստված ինքն անդրանցել է մեր զգայարաններին հասու տարածությունը և ժամանակը, ուստի դատել նրա մասին հիմնվելով զուտ մեր բանականության կարողությունների վրա՝ անօգուտ է:

Monday, March 11, 2013

Մարդ համալսարանական - Homo academicus


   Ինչպե՞ս է կայացել համալսարանական համակարգը: Ինչպե՞ս են առաջացել գիտական աստիճանները: Բակալավրիատի կամ մագիստրատուրայի շրջանավարտ, իսկ երբեմն նաև գիտական ավելի բարձր կոչումների արժանացած մեր ուսանողությունը հաճախ չգիտե, թե ինչպիսի հեղինակավոր կոչումներ է իրականում ստացել (գուցե պատճառը ներկայիս համալսարանական կրթության մեջ բովանդակության բացակայությունն է, ո՞վ գիտե):
   Ինչևէ, հարցի պատասխանը գտնելու համար պետք է մտովի տեղափոխվել XII դար և ուսումնասիրել աշխարհիկ համալսարանների կազմավորման պատմությունը: Նախքան Վերածննդի դարաշրջանը Եվրոպայում դասավանդման իրավունքը պատկանում էր բացառապես Կաթոլիկ Եկեղեցուն: Դոկտորական աստիճանի (լատիներեն doceo-"ուսուցանում եմ" բառից) եկեղեցական ակունքները սկիզբ են առնում առաքելական շրջանից, երբ առաքյալներն ու Եկեղեցու հայրերը ստանձնել էին Սբ. Գրքի մեկնության և ուսուցման պարտականությունը:  
  Դասավանդման թույլտվությունը (licentia docendi) տրվում էր եկեղեցական ատյանի առջև քննություններ հանձնելուց հետո և հատուկ վճարի դիմաց: 1179թ.-ին Լաթերանի III ժողովում որոշվեց, որ դասավանդելու իրավունք ստանալու համար հավակնորդները պետք է քննվեն նաև եկեղեցական սխոլաստիկայից: Պայմանների նման խստացումը բուռն վեճեր հարուցեց եկեղեցական և աշխարհիկ իշխանությունների միջև: 1229թ.-ի մարտին Փարիզի համալսարանում ուսանողական խռովություններ սկիզբ առան, որոնք տևեցին շուրջ երկու տարի և Գրիգոր IX պապը վերջիվերջո ստիպված եղավ 1231թ.-ի ապրիլի 13-ին "Parens scientiarum" շրջաբերականով աստիճանաշնորհման և վարչական անկախություն շնորհել Փարիզի համալսարանին:

Sunday, March 3, 2013

Քրիստոնեությունն իբրև փոքրամասնության կրոն


   Քրիստոնեությունը լինելով համաշխարհային կրոն, վիճակագրական տվյալներով իրականում գտնվում է փոքրամասնության մեջ և՛ գլոբալ ներկայացման մեջ, և՛ առանձին երկրների կտրվածքով: Սա թուլություն չէ, այլ բխում է հենց քրիստոնեության բնույթից: Ճշմարիտ քրիստոնեությունը կամ Եկեղեցին միշտ էլ փոքրամասնության մեջ են եղել և՛ առաքելական շրջանում, և՛ միջնադարում քրիստոնեության հաղթարշավի ժամանակ, և՛ մեր օրերում: Ավետարանում տեսնում ենք, որ քրիստոնեական Եկեղեցին ներկայացված է իբրև մարդկային հասարակության մեջ գտնվող մի փոքրիկ կղզյակ: Անգամ Իսրայելում Հիսուս Քրիստոսի քարոզչության շրջանում չնչին մասը ընդունեց նոր խոսքը: Առաքյալները և հետագա հարյուրամյակների քարոզիչները ջանք չխնայեցին աշխարհի ամենահեռավոր անկյուններում քրիստոնեությունը տարածելու համար, սակայն ինչպես Ավետարանում է ասված. "Սակավ են ընտրյալները" (Մատթ. 22:14): Ես մեջբերում եմ այս խոսքերը ոչ թե այն գոռոզամտությամբ, թե քրիստոնյաներն ընտրյալ վերնախավ են կազմում և բնավ չեմ արհամարհում մյուս կրոնների և հավատալիքների հետևորդներին, պարզապես ցանկացա ցույց տալ, որ քրիստոնեության հիմնման օրից ի վեր ավետարանիչների կողմից հստակ գիտակցված էր այն իրողությունը, որ այդ հավատի կրողը լինելու է մարդկության փոքրամասնությունը: