Sunday, December 30, 2012

Ամանորյա բարեմաղթանք


Այժմ ես հասկացա, որ ո՛չ անցյալը, և ո՛չ էլ գալիքը գոյություն չունեն... դրանց փոխարեն պետք է ասել՝ անցյալի ներկա և գալիքի ներկա...
Օգոստինոս

   Կարծում եմ մեծ փիլիսոփայի և աստվածաբանի այս խոսքերը պետք է դառնան բլոգի ամանորյա թողարկման բնաբանը: Ամենքս պատրաստվում ենք դիմավորել Ամանորը, երբ կեսգիշերին կբոլորենք տոնական սեղանների շուրջ, կվերհիշենք անցյալը և լուսավոր հույսերով կփոխանակվենք գալիքին վերաբերող մաղթանքներով: Ինչ խոսք, գեղեցիկ ավանդույթ է, ընտանեկան տոներից կարելի է ասել ամենավառը, բայց խոստովանենք, որ նման պայմանականորեն ընտրված տարեթվերը հաճախ շեղում են մեզ ներկա կյանքը լիարժեք և գիտակցված ապրելու գաղափարից: Տոները մեր կյանքի անբաժան մասն են, չեմ վիճում, դրանք ուրախություն են հաղորդում մեզ և իրենց գոյությամբ շեշտում են կյանքի լուսավոր կողմը, սակայն կարծում եմ, որ սահմանաբաժան տարեթվերը տոնելու սովորությունը ներմուծել են մարդիկ, որոնք մշտապես հետաձգում են իրենց գործերը կամ էլ ճակատագրից նվերներ են սպասում:
   Մենք ծննդյան տարեդարձերին, հոբելյաններին կամ օրացույցում օղակով նշված մյուս օրերին բաժակ ենք բարձրացնում այն լավատեսական համոզմամբ, որ այդ օրվանից հետո ամեն բան այլ կերպ է դասավորվելու, ձախորդությունները մոռացվելու են և կյանքը խաղաղ հունով է ընթանալու, բայց միևնույն ժամանակ շատ քիչ ջանքեր ենք ներդնում մեր կյանքի կարգավորման գործում: Իսկ այն մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե ինչ են իրենց նպատակները և ինչի են ձգտում՝ կարիք չունեն արհեստական շրջափուլերի. ամեն ժամը, ամեն օրը, ամեն տարին նրանց համար նոր է ՆԵՐԿԱՅՈՒՄ: Եթե անգամ դիմավորեք և ճանապարհեք բազում տարիներ, բայց չաշխատեք ձեր կյանքը բարվոքելու և նորոգելու ուղղությամբ՝ Նոր տարին ձեզ համար երբեք չի գա: Ամեն օր կարող է շրջադարձային լինել ձեզ համար և կարող է փոխել ոչ միայն առաջիկա տարվա ձեր կենսակերպը, այլ ողջ կյանքը:
  Ուրեմն մոռացե՛ք անցյալը, այլևս մի՛ տվայտվեք նախորդ անհաջողությունների հիշողությունից և ապրեք միմիայն ներկայով, գալիքից նվերներ մի սպասեք, այլ ջանացեք ամենօրյա աշխատանքով նվաճել պարգևներ և արդար կերպով արժանանալ դրանց, եթե չապրեք ներկայում՝ չեք ունենա և ապագա:
   Իմ ամանորյա մաղթանքը ձեզ. թող անցնող ու գալիք տարիները չխլեն ձեզանից ԱՅՍՕՐԸ: Դիմավորե՛ք Նոր տարին այս գիտակցությամբ և ամենայն լավն ու բարին առանց իմ կամ ուրիշների բարեմաղթանքների էլ կգտնեն ձեզ...


Monday, December 17, 2012

Դալայ Լամա. Խորհուրդներ կյանքի համար


   Տիբեթի բուդդայական հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը (ծնվել է 1935թ.-ին, 1989թ.-ին դարձել է Նոբելյան մրցանակակիր) արդի ժամանակների խոշոր մտածողներից և հասարակական գործիչներից է: Վերջինս բազմաթիվ գրքերի հեղինակ է, պարբերաբար դասախոսություններով հանդես է գալիս Եվրոպայի և Ամերիկայի համալսարաններում:
 2004 թ.-ին տեղի ունեցած իր հարցազրույցներից մեկում Դալայ Լաման խոսել է ժամանակակից քաղաքակրթության ճգնաժամի մասին և մի շարք խորհուրդներ է տվել, որոնց հետևելով մենք կկարողանանք առողջ կենսակերպ որդեգրել: Արդի հասարակության խնդիրները մտածողը ձևակերպում է հետևյալ կերպ.

Մեր տներն ավելի մեծ են դարձել, բայց ընտանիքները փոքրացել են...
Մենք ավելի շքեղ հարմարություններ ունենք, բայց քիչ՝ ժամանակ...
Շատ են գիտական կոչումները, բայց առողջ բանականությունը հազվագյուտ է...
Գիտելիքն ավելացել է, իսկ սթափ դատելու կարողությունը՝ պակասել...
Մասնագետները բազում են, բայց խնդիրներն ավելի են շատացել...
Դեղորայքը շատանում է, բայց առողջությունը՝ նվազում...
Մենք կտրել ենք Երկրից Լուսին ընկած հեռավորությունը, բայց դժվարանում ենք փողոցն անցնել մեր դրացուն հանդիպելու համար...
Մենք տեղեկատվության ահռելի ծավալների պահպանման համար ստեղծեցինք համակարգչային տեխնոլոգիաները, բայց ավելի ու ավելի քիչ ենք շփվում միմյանց հետ...
Մենք շահել ենք քանակապես, բայց տանուլ տվել՝ որակային առումով...
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ արագ են սնվում, բայց դանդաղ են յուրացնում, մարդիկ բարձրահասակ են, բայց բարոյապես տկար, բարձր եկամուտներ ունեն, բայց մանրախնդիր են...
Սա մի ժամանակ է, երբ պատուհանից դուրս շատ բան կա, իսկ մեր ներսի սենյակն ամայի է...

Monday, December 10, 2012

Ենթամշակույթներ



Կարդացե՛ք նյութը կամ լսե՛ք հաղորդումը Հանրային ռադիոյի եթերում

   Մշակույթ ասվածն ընդհանրապես կոմպլեքս ֆենոմեն է մեր կյանքում, որն ընդգրկում է հասարակության բոլոր շերտերն ու կենցաղի բոլոր ոլորտները, իսկ XX դարի 50-ականներից սկիզբ առած երիտասարդական հոսանքները կոչվում են ենթամշակութային, քանի որ չունեն մշակույթի ընդգրկում, բայց իրենց բնորոշող մի քանի բնութագրիչ մշակութային գծեր ունեն, որոնք են` երաժշտական ոճերը, հագուստը եւ արտաքին տեսքը, խոսվածքը, ժամանցային միջոցառումները, յուրահատուկ գաղափարները եւ այլն: Ենթամշակութային խմբավորումների անդամները դուրս չեն մնում հասարակությունից, այլ միայն ստանում են տարբերակիչ նշաններ, ինչպես օրինակ բուսակերները կամ յոգա մարմնամարզությամբ զբաղվողները: Ենթամշակույթների շարքերում գտնվողների ճնշող մեծամասնությունը դեռահասներ են, այդ իսկ պատճառով դրսեւորումները հաճախ չափազանց գունեղ են ու զգացմունքային, ինչը երբեմն հասարակության աչքին որպես ագրեսիվություն է դիտվում եւ քայլեր են ձեռնարկվում դրանք զսպելու:
   Դեռահասները (թինեյջերներ) գտնվում են զարգացման այնպիսի փուլում որը կոչվում է կրիտիկական հասունացում` 12-18տ. շրջանը: Անգլիացի սոցիոլոգ Ստենլի Հոլլը կոչում է սա "փոթորկի եւ սթրեսի շրջան", երբ անհոգ մանկությանը հաջորդում է ավելի պատասխանատու մի կենսափուլ: Այս տարիքում է, որ ներքին բախումները դեռահասին հասցնում են հուսալքության, անտարբերության, միայնակ լինելու ձգտում են առաջացնում:

Thursday, November 29, 2012

Սյորեն Կիերկեգոր - Գայթակղեցնողի օրագիրը. մտքեր սիրո մասին


   Իմաստը աղջկան գայթակղեցնելու կամ հրապուրելու մեջ չէ, այլ գտնելու այնպիսի աղջկա՝ որին արժեր հրապուրել...
 *  *  *
   Երիտասարդ աղջիկն, ըստ իս, չպետք է իրեն "հետաքրքիր աղջիկ" ներկայացնի... Կանացի ամաչկոտությունն ամենագրավիչ և ողջախոհ սեթևեթանքն է... Տղամարդկանց աչքին հետաքրքիր թվալ ջանացողը կորցնում է կանացիության գրավչությունը և եթե անգամ դուր է գալիս տղամարդկանց, ապա սոսկ նրանց, ովքեր կորցրել են իրենց բնութագրիչ հատկանիշը՝ առնականությունը...
 *  *  *
- Մոռանա՞լ քեզ... էլ ինչի՞ մասին ես կկարողանայի հիշել այդ պարագային... Չէ՞ որ ես մոռացա ինքս ինձ՝ միշտ քո մասին հիշելու համար... Մոռանալով քեզ՝ ես ստիպված կլինեի հիշել իմ մասին, բայց հիշելով իմ մասին, միևնույն պահին ես չեմ կարող չհիշել քեզ... Մոռանա՞լ քեզ... էլ ի՞նչ կմնար ուրեմն...
 *  *  *
   Սիրո հավերժական իմաստը պարունակվում է հետևյալում՝ սիրո սկզբնավորման պահին սիրահարներն ասես վերստին ծնվում են միմյանց համար...
 *  *  *
   Որքան էլ որ սիրեցյալը համապատասխանում է հոգում փայփայած իդեալական կերպարին, այնուամենայնիվ լինում են կասկածի պահեր, երբ աղջիկը զգում է, որ ինչ-որ բան պակասում է... Ուստի պետք է թույլ տալ, որպեսզի միայնության պահերին նա կարողանա հաշտեցնել իդեալն ու իրականությունը...
 *  *  *
   Հետաքրքիր է, հնարավոր չէ՞ այնպես բանաստեղծորեն դուրս պրծնել աղջկա սրտից, որպեսզի նա մնա այն հպարտ համոզմանը, թե ձեր հարաբերությունն առաջինն իրեն է ձանձրացրել...
 *  *  *
   Կարծում եմ, նա, ով չի կարողանում այն աստիճան տիրել աղջկա մտքին ու երևակայությանը, որպեսզի նա տեսներ լոկ այն, ինչ ինքն է ցանկանում և չի կարողանում պոեզիայի ուժով տիրել նրա հոգուն այնպես, որ աղջկա բոլոր գործողությունները կախված լինեն իրենից՝ այդպիսին սիրո արվեստում միշտ եղել է ու կմնա սիրողական մակարդակի վրա...
 *  *  *
  Եթե աղջիկը տրվել է ձեզ՝ նա կորցրել է իր զորությունը, զրկվել ամեն ինչից... Անմեղությունը կնոջ կեցության իմաստն է...
 *  *  *
   Վայելքը պետք է ըմպել կաթիլ առ կաթիլ...

Կարդացե՛ք գիրքը՝ Kierkegaard - The Seducer's Diary

Լսե՛ք վերջերս աշխարհին ներկայացված համանուն երաժշտական ստեղծագործությունը.

Monday, November 19, 2012

Երեք պատմություն Եզոպոսի կյանքից


Եզոպոսը քաղաքում խաղաղ զբոսնելիս նրա ճամփան կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
- Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
- Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույն պատասխանի՛ր...
- Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւ պատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբ ցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւ ասում է.
- Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի. ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...
*  *  *
Սամոս կղզում ապրում էր իմաստակ Քսանթոսը: Մի օր Քսանթոսը երեք ստրուկ է տեսնում շուկայում, երկուսը գեղեցկատես, իսկ երրորդը՝ անասելի տգեղ (Եզոպոսը)...
- Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
- Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
- Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
- Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
- Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
- Իսկ քեզ համար միեւնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում... իբրեւ խորհրդատու գնիր՝ այն ժամանակ կասեմ:
- Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
- Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
- Ախր դու շատ տգեղ ես:
- Մառանի տակառներն էլ տձեւ են, բայց պարունակությունը փառահեղ է:
Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան...
*  *  *
Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ և Եզոպոսին ուղարկեց իմանալու շա՞տ մարդ կա այնտեղ, թե՝ ոչ: Եզոպոսը վերադարձավ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում: Քսանթոսն ուրախացած ճանապարհվում է այնտեղ և հայտնաբերում, որ քաղաքային բաղնիքը լի է այցելուներով:
- Ինչո՞ւ ինձ ստեցիր, տխմա՛ր, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրանում է Քսանթոսը:
- Բնավ էլ չեմ ստել, երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած... ամենքը սայթաքում էին, հայհոյում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմ դրեց քարը... դա էր միջի մարդը,- պատասխանեց Եզոպոսը:

Նկատեք, որ իմաստուն առակասաց Եզոպոսին չեն սիրում այն կենդանիները, որոնք իբրև չար հերոսներ են ներկայանում նրա պատմություններում...

Friday, November 16, 2012

Արիստոտել. Մեծ ուսուցչի դասերը


   Արիստոտելին հարցրին, թե ինչո՞ւ նախանձոտ մարդիկ միշտ տխուր են ու անհանգիստ: Փիլիսոփան պատասխանեց.
- Որովհետեւ բացի իրենց ձախորդություններից, նրանց տանջում են նաեւ ուրիշների հաջողությունները...
*  *  *
   Ալեքսանդր Մակեդոնացին պատանեկության տարիներին կրքով էր տարվել հետերա (անտիկ հունական հասարակության մեջ կիրթ եւ ազատ բարքերով ապրող կանայք էին) Ֆելլիդայի հանդեպ: Գահաժառանգին վտանգից ազատելու համար նրա ուսուցիչը՝ Արիստոտելը խնդրում է Ֆելլիդային հեռու մնալ Ալեքսանդրից: Ֆելլիդան համաձայնում է, սակայն մի պայմանով, որ զառամյալ Արիստոտելը իր մեջքի վրա պտտեցնի իրեն պալատով մեկ: Արիստոտելը գնում է այդ զոհաբերությանը: Այդ պահին պալատ է մտնում Ալեքսանդրը եւ Արիստոտելը ամոթից կարմրատակած ասում է.
- Տեսնո՞ւմ ես, թե այս կինն ինչ է անում ինձ պես իմաստուն եւ տարեց մարդու հետ: Պատկերացրու, թե քեզ ինչի կվերածի...
Այս դասը բավական եղավ Ալեքսանդրին...

Wednesday, November 14, 2012

Սոկրատես


   Իմ խորհուրդը ձեզ՝ ամուսնացե՛ք. եթե լավ կին գտնեք՝ կերջանկանաք, իսկ հակառակ դեպքում՝ կդառնաք փիլիսոփա...
*  *  *
   Ամենքին հայտնի է Սոկրատեսի "Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ" ասույթը, սակայն Պլատոնի վկայությամբ Սոկրատեսը սիրում էր ասել, որ այնուամենայնիվ մի բանում ինքը վարպետ է՝ էրոտիկայում. սիրո արվեստում: Ընդսմին սիրո հարցերում Սոկրատեսն իր ուսուցիչն էր համարում Սաֆֆոյին...
*  *  *
   Ընկերների հետ երկար փիլիսոփայական զրույցից հետո երեկոյան Սոկրատեսը վերադառնում է տուն, ուր կինը՝ Քսանտիպան դիմավորում է նրան անեծքներով եւ գոռում-գոչյունով, իսկ այնուհետեւ՝ մեկ դույլ ջուր է շփում փիլիսոփայի վրա: Սոկրատեսը հանգիստ է արձագանքում.
- Բնական է... որոտին անձրեւ է հաջորդում...
*  *  *

Monday, November 12, 2012

Դիոգենես. Մա՛րդ եմ փնտրում, մա՛րդ...


Ամենքիդ հայտնի է օրը-ցերեկով լապտերով շրջելու Դիոգենեսի սովորությունը: Երբ նա քաղաքում այդպես շրջելով կանչում էր. "Մա՛րդ եմ փնտրում" եւ նրան մոտենում էր որեւէ մեկը եւ հարցնում, թե կոնկրետ ո՞ւմ է փնտրում փիլիսոփան՝ նա պատասխանում էր.
- Հաստատ ոչ քեզ, խոզի մեկը...
(կամ էշ, կամ շուն՝ կախված անցորդի տեսքից)

*  *  *
Մի անգամ, երբ Դիոգենեսը վերադառնում էր Օլիմպիայի հրապարակից՝ անցորդները հարցրեցին նրան.
- Դիոգենե՛ս, ժողովուրդ շա՞տ կար հրապարակում...
- Ժողովուրդ շատ կար, բայց այ մարդիկ չափազանց քիչ էին,- պատասխանեց Դիոգենեսը...

*  *  *
Մի օր Դիոգենեսը քաղաքային հրապարակում փիլիսոփայական ճառ սկսեց, բայց ոչ ոք ուշադրության չարժանացրեց այն: Այդ ժամանակ Դիոգենեսը սկսեց թռչնային ձայներ հանել եւ իսկույն նրա շուրջը հավաքվեց մի քանի հարյուր հոգանոց թեթեւսոլիկների մի ամբոխ: Դիոգենեսը դառնացած ասաց.
- Ահա ա'յդ եք դուք, աթենացինե՛ր, բանական խոսքին ուշադրություն չեք դարձնում, իսկ կենդանական անկապակից ձայները լսում եք հիացած...
*  *  *
Ասում են, թե Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքը սկսելուց առաջ այցելում է Դիոգենեսին: Զրույցի ժամանակ Մակեդոնացին ասում է.
- Նախանձում եմ քեզ Դիոգենես, պառկած ես գետի ափին, վայելում ես արեւը, մտքերդ պայծառ են, ոչինչ անել պետք չէ...
- Դու էլ պառկիր իմ կողքին, մտածենք միասին,- առաջարկում է Դիոգենեսը:
- Ո'չ, ներիր, ես պետք է աշխարհը նվաճեմ...
- Եվ որքա՞ն ժամանակ դա կխլի քեզանից...
- Գուցե քսան տարի...
- Իսկ արշավանքդ ավարտին հասցնելուց հետո ի՞նչ պետք է անես...
- Երեւի քեզ պես կպառկեմ ափին...
- Բարեկամս, ուրեմն ինչո՞ւ հապաղել քսան տարի, կարող ես հենց հիմա էլ պառկել...

*  *  *
Դիոգենեսին հարցրին.
- Ի՞նչ ես անելու եթե կոտրվի այն տակառը, որում ապրում ես...
- Դա ինձ չի անհանգստացնում, չէ՞ որ այն տեղը, որ զբաղեցնում եմ չի կարող կոտրվել,- պատասխանում է Դիոգենեսը:

*  *  *
Դիոգենեսը մի անգամ տեսնելով, թե ինչպես է երեխան իր բռով աղբյուրից ջուր խմում՝ տխրելով դեն նետեց իր թասը եւ ասաց. "Այս երեխան գերազանցեց ինձ հասարակ կենցաղավարության մեջ"...
*  *  *
Ասում են, թե Դիոգենեսը ողորմություն էր խնդրում քաղաքի արձաններից... Ո՞րն է իմաստը... Փիլիսոփան ուզում էր վարժեցնել իրեն մերժում ստանալու մեջ եւ դրանով իսկ ինքն էր մերժում իրեն իր ցանկությունների մեջ...


Wednesday, November 7, 2012

Հուլիոս Կեսար. Ասացի՝ արեցի


Dictum - factum. Julius Caesar

   Հուլիոս Կեսարը պնդում էր, որ փիլիսոփայի բոլոր խոսքերը պետք է լուրջ լինեն եւ իրագործվեն... Ք.ա. 75թ.-ին, ծովով ճանապարհորդելիս Կեսարը գերի է ընկնում ծովահենների ձեռքը... Ծովահենները 20 տաղանդ ոսկի են պահանջում իբրև փրկագին, բայց Կեսարն արհամարհաբար ասում է, թե նրանք չգիտեն թե ում հետ գործ ունեն և հայտարարում է, որ կվճարի 50 տաղանդ: Իր թիկնազորի անդամներին ուղարկելով 50 տաղանդ ոսկու փրկագնի ետեւից, Կեսարը 38 օր մնում է ծովահենների մեջ, բնավ ցույց չտալով, թե վախենում է նրանցից, այլ հակառակը՝ իր փիլիսոփայական ճառերն է կարդում նրանց, անկիրթ հիմարներ անվանում, երբ նրանք հիացմունք չէին արտահայտում լսելով նրա իմաստասիրական մտքերը եւ անգամ կատակով սպառնում կախաղան հանել բոլորին...
  Ծովահենները զվարճանում էին Կեսարի անկաշկանդ և ուրախ պահվածքով և հանդուրժում նրա հրամայական վերաբերմունքը: Երբ փրկագինը հասցվում է, ծովահենները թեթեւ սրտով ճանապարհում են Կեսարին, ում առաջին գործն է լինում նավեր ժողովելը եւ հետապնդելը նրանց... Կեսարը ետ է վերցնում իր փրկագինն իբրեւ ավար, իսկ ծովահեններին, ովքեր կատակ էին համարում նրա խոսքերը՝ մեկ առ մեկ կախաղան հանում՝ ինչպես եւ խոստացել էր...
  Կեսարը սիրում էր կրկնել. "Ասացի՝ արեցի"...



Monday, October 15, 2012

Հույզեր. ԶԱՅՐՈՒՅԹ



Զայրույթը մարդկանց կործանումն է եւ միևնույն ժամանակ՝ նրանց պաշտպանը: Իմացա՛ծ եղիր, ո՛վ իմաստուն, որ զայրույթը հավասարապես արմատ է բարիքի և չարիքի...
Մախաբխարատա, Ք.ա. VII դար

   Ի՞նչ ենք հասկանում "հույզեր" ասելով: Փորձենք բառային զույգեր կազմել. երբ ասում ենք հույզեր, առաջին բառը, որ զուգորդվում է մեր մտքում այս տերմինի հետ՝ "ապրումն" է: Մեկ կողմից ունենք մարդուն իր զգայություններով, իսկ մյուս կողմում՝ շրջապատող աշխարհը: Վերջինս չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե չկա շրջակա միջավայր, որից մշտապես ազդակներ ու գրգիռներ են ստացվում, ապա չկան եւ հույզեր: Միեւնույն մոդելի մեջ լիարժեք կերպով կարելի է տեղադրել զայրույթը, որը արտաքին աշխարհից ստացվող գրգիռներին մարդկային էության տված համարժեք արձագանքն է:
   Ինչո՞ւ ես հույզերից ընտրեցի հատկապես զայրույթը, որովհետեւ վերջինիս մասին խոսելիս  անմիջապես բացասական որակում է տրվում եւ այն դասում են իբրեւ բացասական եւ "վատ" հույզ: Սակայն, իմ կարծիքով, սա սխալ դիրքորոշում է: Ներկայում ընդունված դասակարգման համաձայն՝ զայրույթը մարդու տասը հիմնական (կամ առաջնային) կոչվող հույզերից մեկն է (Քերոլ Իզարդ): Ավելորդ է խոսել այն մասին, թե կենսականորեն որքան անհրաժեշտ են այս հույզերը մարդ անհատի եւ տեսակի պահպանման համար: Սրանք մեզ փոխանցվում են ի ծնե, այլ ոչ թե դաստիարակվում են մեր մեջ: Ըստ իս՝ չկան վատ կամ լավ հույզեր, յուրաքանչյուրը ինքնին անփոխարինելի է:

Monday, October 8, 2012

Հաջողության փիլիսոփայություն

Quid habet amplius homo de labore suo?

Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից... 
(Ժողովող 3:9)


   Բլոգային միջավայրում երկար լռությունից հետո որոշեցի նորոգել հոդվածներիս շարքը: Պատահական չէ, որ ընտրել եմ հաջողության թեման, որովհետեւ օրեր շարունակ մտածում եմ մեր կյանքում կարեւոր դիրք գրավող այս երեւույթի շուրջ եւ որոշակի անհանգստություն ունեմ: Բանն այն է, որ կյանքի ներկա փուլում ինձ հաջողության ալիքն է ուղեկցում եւ իմ ձեռնարկները մեկը մյուսի ետեւից հաջողությամբ են պսակվում: Ասացի, որ անհանգիստ եմ զգում ինձ, բայց օրեր շարունակ չէի կարողանում գտնել պատճառը կամ անուն տալ իմ անհանգստությանը եւ ահա երեկ աչքիս զարնեց Պաոլո Կոելիոյի մտքերից մեկը ու ես ինքս ինձ ասացի. "Սա է, որ կա...": Հապա լսեք.

   "Եթե երբեւէ հասնես քո նպատակի իրականացմանը՝ կհասկանաս, թե ինչ եմ զգում այժմ: Ելք չկա... հաջողությունը ստրկացնում է եւ միեւնույն ժամանակ այլասերում: Օրվա վախճանին, անկողնում պառկած հարց կտաս ինքդ քեզ. "Արժե՞ր արդյոք... Ինչո՞ւ էի ես այդպես ուժգին ցանկանում դա": Եվ քո մեջ կսկսեն պայքարել երկու ուժեր. առաջինը թելադրում է գոհանալ ճակատագրից, երկրորդը՝ թողնել ամեն բան, քանի դեռ ուշ չէ..."

Monday, July 16, 2012

Oxford Movement (Օքսֆորդյան շարժում)

Dominus illuminatio mea.
Տերն է իմ լույսը... Սաղմոս 26:1
(Օքսֆորդի համալսարանի կարգախոսը)


   Օքսֆորդյան շարժումը ակնառու մի օրինակ է նորագույն պատմության մեջ, թե ինչպես եկեղեցական-աստվածաբանական բարենորոգչական գործընթացը սկսվում է համալսարանական կենտրոնից: Որպեսզի պատկերացնենք, թե որոնք էին 1833թ.-ին առաջացած շարժման ծագման նախադրյալները, պետք է հակիրճ անդրադառնանք Անգլիկան Եկեղեցու, որպես առանձին կառույց սկզբնավորման խնդիրներին: Բազում տեսաբանների կարծիքով՝ Անգլիկան Եկեղեցու զատումը Կաթոլիկ Եկեղեցուց տեղի ունեցավ 16-րդ դարում սկիզբ առած Ռեֆորմացիայի ալիքի տակ, հետեւելով գերմանացի աստվածաբան Թոմաս Էրաստի (1524-1583թթ.) այն հայեցակարգին, թե Եկեղեցին պետք է ենթարկեցվի պետական հեղինակությանը: Անշուշտ այս մասին են վկայում 16-րդ դարի Անգլիայում պատմա-քաղաքական զարգացումները, սակայն Օքսֆորդյան շարժման կարապետները ջանում էին ապացուցել հակառակը, որ Անգլիկան Եկեղեցին Ռեֆորմացիայի ծնունդ չէ, այլ Ընդհանրական Եկեղեցու բնական ճյուղավորման արգասիք է եւ առաքելական հաջորդականության, աստվածաբանական ժառանգության եւ ծիսակարգի կրողն է:
   Հարկ է նշել, որ Անգլիկան Եկեղեցին իր բազում բնորոշիչներով հիշեցնում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Հատկապես 20-րդ դարի 60-ականներից սկիզբ առած էկումենիկ շարժման շրջանակներում նկատելի դարձավ Անգլիկանների համակրությունը Հայ Եկեղեցու հանդեպ, քանի որ Անգլիայի Եկեղեցին իբրեւ իր ծագման մոդել հեշտությամբ պատկերացնում էր Հայ Եկեղեցին, որն ինքնավար միավորի վերածվեց Ընդհանրական Եկեղեցում, ըստ որում առանց հերձվածի, պահպանելով ճշմարիտ Եկեղեցու բոլոր հատկանիշները: Կարելի է ասել, որ Անգլիկան Եկեղեցին երկրորդն է պատմության մեջ Հայ Եկեղեցուց հետո, որ այդչափ ազգային եւ պետական նկարագիր ստացավ:

Sunday, July 8, 2012

Domine, quo vadis? - Տե՛ր, ո՞ւր ես գնում


   Հոդվածի վերնագրում բերված խոսքերը վստահաբար ծանոթ են ձեզ: Ամենքիդ հայտնի պետք է լինի Հենրիկ Սենկեւիչի "Յո՞ երթաս" ստեղծագործությունը (իմիջիայլոց՝ կարդում ենք "հո", այլ ոչ թե՝ "յո"): Այս խոսքերը պահպանված են կեղծ-Մարցելլոսին վերագրվող "Գործք Պողոսի եւ Պետրոսի առաքելոց" II-IIIդդ.-ի լատիներեն պարականոն երկում ("Virtutes apostolorum Petri et Pauli"): Երկն ընդհանուր առմամբ համերաշխված է աստվածաշնչյան Գործք Առաքելոցի իրադարձությունների հետ եւ փորձում է լրացնել այն բացը, որը թողնված է Պողոս առաքյալի Հռոմում քարոզչության առնչությամբ: Այս գիրքն ուղղակիորեն վկայում է Պողոս եւ Պետրոս առաքյալների Հռոմում քարոզչության եւ սպանության, ինչպես նաեւ Վատիկանի հիմնադրման մասին:

Tuesday, July 3, 2012

Բենեդիկտ Սպինոզա. "Էթիկա" - Աստծո մասին (De Deo)



Ես հավատում եմ Սպինոզայի Աստծուն, ով հայտնվում է իբրեւ համակարգող արարչության...

Ալբերտ Էյնշտեյն

   Բենեդիկտ (Բարուք) Սպինոզան (1632-1677թթ.) նիդեռլանդաբնակ, ծագումով հրեա ռացիոնալիստ, նատուրալիստ փիլիսոփա է: Սպինոզան առանձնանում է անտիկ շրջանից մինչեւ իր օրոք ապրող փիլիսոփաների հայացքների, դասական լեզուների խորին իմացությամբ: Ազատախոհության եւ ոչ ուղղափառ հրեական գաղափարների պատճառով 1656թ.-ին հեռացվում է սինագոգից: Տրվելով իր ուսումնասիրություններին՝ Սպինոզան հրատարակում է իր երկերից մի քանիսը. "Աստվածաբանական-քաղաքական տրակտատ", "Մետաֆիզիկական մտածումներ", "Տրակտատ բանականության կատարելագործման մասին", որոնք աթեիստի հռչակ են ստեղծում փիլիսոփայի անվան շուրջ: Փիլիսոփան վախճանվում է տուբերկուլյոզից, 44 տարեկան հասակում: Նրա մահից հետո, կտակի համաձայն լույս տեսած ստեղծագործությունները 1678թ.-ին արգելվեցին Նիդեռլանդների կառավարության կողմից:
   Այս հոդվածի նյութն է 1675թ.-ին ավարտին հասցված Սպինոզայի հնգամասնյա "Էթիկա"-ի Աստծո մասին  (De Deo) 1-ին գլուխը: Ստորեւ բերվող տողերը տարիներ առաջ Սպինոզայի "Էթիկայի" իմ կողմից կատարված թարգմանությունն ու նշումներն են: Զարմանալի է, թե ինչպես է փիլիսոփան այսքան համառոտ եւ շախմատային հստակությամբ սահմանում Աստծո, արարածների եւ ողջ արարյալ աշխարհի էությունն ու փոխհարաբերությունները: Ընդսմին, ոչ ոք չի կարող մեղադրել փիլիսոփային քրիստոնեական կողմնապահության մեջ:

Tuesday, June 26, 2012

Ջորջ Բարկլի. Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների մասին


Esse est percipi.
Գոյությունը ընկալման մեջ է...

  Ջորջ Բարկլին (1685-1753թթ.) նշանավոր անգլիացի փիլիսոփա է, Իռլանդիայի Կլոյն քաղաքի եպիսկոպոսը, ով հեղինակն է հոգեւոր սուբստանցի ակտիվության, աստվածային էության մեջ գաղափարների նախաստեղծ վիճակում գտնվելու հայեցակարգերի:
   "Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների մասին" աշխատությունը Ջորջ Բարկլիի առանցքային ստեղծագործություններից է, որում փիլիսոփան առաջ է քաշում ոչ-մատերիալիստական ուսմունքը: Նրա կարծիքով՝ մարդկային իմացության օբյեկտները կամ մեր զգայարաններին իրապես դրոշմված գաղափարներ (ideas) են, կամ հոգու կողմից կրքերի ու գործողությունների դիտարկման ժամանակ ընկալվող գաղափարներ, հիշողության եւ երեւակայության կողմից կազմվող գաղափարներ եւ կամ էլ սրանց որեւէ համակցությունը:
Իմացության օբյեկտների այս ողջ բազմազանությունը ընկալվում եւ ճանաչվում է ակտիվ էության՝ մտքի, ոգու, հոգու կամ եսի (myself) կողմից, որը նաեւ պատասխան գործողություններ է իրականացնում: Ըստ Բարկլիի տեսության՝ գաղափարի գոյությունը նրա ընկալված լինելու մեջ է: Երեւակայության կողմից ստեղծված մեր մտքերը, կրքերը, գաղափարները հոգուց դուրս չեն կարող գոյություն ունենալ: Զգայելի որակի esse-ն՝ գոյությունը, այդ որակի percipi-ն է՝ ընկալումը: Այս ոլորտում անկարելի է կիրառել վերացարկումը, այսինքն չի կարելի զատել զգայելի օբյեկտները դրանց ընկալումից՝ պատկերացնելով որ դրանք գոյություն ունեն առանց ընկալվելու: Ողջ շրջակա աշխարհը գոյություն ունի մեզ համար, որովհետեւ ընկալված է մեր կողմից:

Sunday, June 17, 2012

Նորման Գայսլեր. Արդյոք խաղամոլությունը հակաբարոյակա՞ն է


   Խաղամոլությունը կարող է սահմանվել իբրեւ մեկ անձից մյուսին նյութական արժեքների փոխանցում, ինչը կատարվում է առավելապես պատահականության սկզբունքով: Այն տարբերվում է պատահականության սկզբունքով առաջնորդվող խաղերից, որոնցում իրական նյութական արժեքներ չեն անցնում մյուսներին: Խաղամոլությունը տարբերվում է նաեւ այլ ռիսկային արարքներից (օրինակ` պետական պարտատոմսերի շուկայում ներդրումներ կատարելուց), որոնց պարագային նյութական արժեքների փոխանցումը չի կատարվում սոսկ պատահականության սկզբունքով: Ներդրում կատարելիս ռիսկ գոյություն ունի (եւ բարձր ռիսկի գնալը կարող է իմաստուն քայլ չլինել), բայց սովորաբար պետական պարտատոմսերի շուկայում ռիսկը հաշվարկված է, ինչը նշանակում է, որ ներդրումների կատարման համար ռացիոնալ գործընթաց է ընտրվել: Բայց եթե որեւէ մեկը պարզապես մետաղադրամ նետելով որոշի, թե պարտատոմսերի շուկայի որ հատվածում կատարի ներդրումը, ապա սա կնմանվի մեր սահմանած խաղամոլությանը: Խաղամոլության լայն տարածում ստացած դրսեւորումներից է վիճակախաղը: Աշխարհում օրեցօր ընդարձակվում է նաեւ խաղատների շուկան:
   Խաղամոլության դեմ բերված բարոյական փաստարկները կարելի է բաժանել երկու խմբի` առաջին` որոնք քաղված են հատուկ հայտնությունից (Սբ. Գիրք), եւ երկրորդ` ընդհանուր հայտնությունից առնվածներ: Երկրորդ խմբի փաստարկները ներառում են բանականությունը, ընդհանուր ընկալումները եւ բարոյական բնատուր կողմնորոշման կարողությունը, որոնք հիմնված են համայն մարդկության սրտում գրված օրենքի վրա (հմմտ. Հռ. 2:15): Առաջին հերթին եկեք ուսումնասիրենք այս հարցի վերաբերյալ աստվածաշնչյան տեղեկությունները:

Tuesday, June 12, 2012

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ "ԺՈՂՈՎՈՂ" ԳՐՔՈՒՄ


Vanitas vanitatum, omnia vanitas.
Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է... (Ժողովող 1:2)

  Աստվածաշնչի ՙԺողովող՚ գիրքը դարերի ընթացքում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Սակայն բոլոր ուսումնասիրողները նկատել են գրքի խորին փիլիսոփայական հենքը: Ժողովողին հաճախ անվանել են պարզապես հոռետես եւ ՙկրոնական հակումներով ագնոստիկ՚: Բայց ականջ դրեք Northrop Frye-ի կես-կատակ խորհրդին. ՙԵրբ մեկնություններում ընթերցեք, թե Ժողովողն իրականում ծեր եւ հոռետես մարդ էր, ով անդադար բողոքում էր կյանքից, ապա գիրքն աղբարկղ նետեք եւ վերընթերցեք ՙԺողովողի՚ գիրքը, քանզի դուք սխալ եք ընկալել խորաթափանց ու ճկուն մտքի տեր հեղինակի զգացմունքային դիրքորոշումը՚:
   Աստվածաշնչի այս գիրքն ընթերցելիս, երբ հանդիպում ենք հեղինակի հետեւյալ խոսքերին. ՙ...Ես սիրտս տվեցի ճանաչելու իմաստությունը, ... քանզի մարդ կա, որի աչքին գիշեր թե ցերեկ քուն չի գալիս՚ (8:16), անմիջապես մեր մտքում զուգորդում է առաջանում Դավիթ Անհաղթի ՙՓիլիսոփայության սահմանման՚ առաջին տողերի հետ. ՙՈվքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում եւ պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին ՙմնաք բարյավ՚ ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան՚:

Wednesday, June 6, 2012

Երջանկության խնդիրը Արիստոտելի "Նիկոմաքյան բարոյագիտության" մեջ



Երջանկությունը կախված է մեզանից...
                                                                    Արիստոտել

    "Նիկոմաքյան բարոյագիտություն"-ը, որի պատկանելիությունը Արիստոտելի գրչին չի վիճարկվում ի տարբերություն բարոյագիտական մյուս երկու երկերի՝ "Եվդեմյան բարոյագիտության" եւ "Ընդհանուր բարոյագիտության", Արիստոտելի փիլիսոփայական դպրոցում ներկայացված դասախոսությունների շարք է ներկայացնում, որն ամենայն հավանականությամբ ձոնվել է փիլիսոփայի որդուն՝ Նիկոմաքոսին: Հիշյալ երկի տաս գլուխներում Արիստոտելի առաջ քաշած խնդիրները բազմազան են, սակայն մենք կցանկանայինք առանձնացնել մարդկային երջանկության խնդրի շուրջ փիլիսոփայի դատողությունները:
     Ըստ Արիստոտելի՝ մարդը բնությամբ սոցիալական կենդանի էակ է, հետեւաբար մարդ արարածին ուսումնասիրելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա քաղաքականությանն ու բարոյականությանը: Այս ամենի ետեւում թաքնված շարժող ուժը որոշ "բարիքի" հասնելու մարդկային ձգտումն է: Այսինքն այն բարիքի, որը մեր կյանքը կարող է դարձնել երջանիկ, հաջողակ եւ ուրախ: Այստեղ մի բարդություն է առաջանում, որն ընդգծում է Արիստոտելը՝ երջանկության ընկալումը: Որո՞նք են այն չափորոշիչները, որոնք թույլ են տալիս մարդուն երջանիկ համարել. վայե՞լքը, հարստությո՞ւնը, փա՞ռքը, առողջությո՞ւնը, գիտելի՞քը, թե այլ մի բան: Սրանցից յուրաքանչյուրը խոսում է մարդկանց կողմից երջանկության տարբեր ընկալումների գոյության մասին, սակայն հստակ է, որ "գերագույն բարիքը" չի կարող ձեռք բերվել մարդու կողմից այս պարագաներից եւ ոչ մեկի միջոցով, որովհետեւ մարդու հարստությունը կամ փառքը կախված են ուրիշներից, իսկ այդ դեպքում նա չի կարող ինքնաբավ ու իսպառ երջանիկ լինել: Արիստոտելի կարծիքով գերագույն բարիքը մարդու գիտակից եւ հայեցողական կեցությունն է, որը դրսեւորվում է բոլոր պարագաներում եւ իրավիճակներում. օրինակ՝ ժամանակի նկատմամբ այդ գերագույն բարիքը կիրառելիս ստանում ենք բարեպատեհ առիթ մեր գործերի համար, ունեցվածքի եւ կարիքների դեպքում՝ չափավորություն եւ այլն:

Thursday, May 31, 2012

Համաճարակային ախտեր. ՄԻԱՎ/ՁԻԱՀ


  Համաճարակային ախտերի հետևանքները միշտ անկանխատեսելի են: Պատմականորեն համաճարակներն ավելի մեծ չափով հիվանդացություն եւ մահացություն են առաջ բերել, քան մնացյալ բոլոր աշխարհիկ գործոնները, այդ թվում` պատերազմները: Բերենք օրինակներ. XIV դարի կեսերին ժանտախտը մի քանի տարվա ընթացքում սպանեց Եվրոպայի բնակչության մեկ երրորդին, 1918թ.-ի գրիպի համաճարակը խլեց մինչեւ 100 մլն մարդու կյանք, միայն XX դարում ծաղկից աշխարհում մահացել է 300-ից 500 մլն մարդ` երեք անգամ գերազանցելով վերջին հարյուրամյակում տեղի ունեցած բոլոր պատերազմների մարդկային կորուստները:
 Համաճարակային իրադրություններում հանրային բարիքի եւ անվտանգության նկատառումներից ելնելով սահմանափակվում են մարդկային ազատությունները` վարակակիր անձանց կարանտինային մեկուսացում է հայտարարվում, ճանապարհորդությունները վերահսկվում են, մարդիկ հաճախ զրկվում են ազատ տեղաշարժվելու իրավունքից, պարտադիր կերպով անցկացվող բուժումներն ու պատվաստումները հակասում են ազատ ընտրության եւ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքներին: Համաճարակների առաջացման հանգամանքների վերլուծությունը ուղղակիորեն հանգեցնում է բնակչության աղքատի խավի էթիկական խնդիրների բարձրացմանը` մաքուր ջրի հիմնախնդիր, թերսնուցում, բնակության անտանելի պայմաններ, գործազրկություն, սանիտարա-հիգիենիկ պայմանների եւ առաջին անհրաժեշտության դեղորայքի բացակայություն:

Saturday, May 26, 2012

Աշխարհի գերբնակեցման գլոբալ հիմնախնդիր



   Աշխարհի բնակչության աճի գլոբալ հիմնախնդիրը ժամանակակից քննարկման առանցքային ուղղություններից մեկն է: Աշխարհի բնակեցման խնդիրներն ուսումնասիրող տեսաբանների մի խումբ կարծում է, որ եթե խափանվի բնակչության աճի արհեստական սահմանափակման գլոբալ ծրագիրը, ապա մարդկությունը կկանգնի շրջակա միջավայրի հետ կապված մի շարք խնդիրների ծագման վտանգի առջեւ, ինչը կարող է աղետալի հետեւանքներով հղի լինել: Քննադատների մեկ այլ խումբ հերքում է երկրագնդի գերբնակեցմանն առնչվող այս տարակույսները եւ չի պահանջում բնակչության վերահսկման կտրուկ միջոցներ: Մինչ բնակչության թվաքանակի տատանումները իրենց ազդեցությունն են թողնում առողջապահության գրեթե բոլոր ոլորտների վրա, բիոէթիկայի ոլորտի ուսումնասիրողները առայժմ սեւեռուն ուշադրության չեն արժանացրել այս հիմնախնդիրները:
   Երկրագնդի գերբնակեցման հիմնախնդրին առնչված քննարկման նախակարապետ կարելի է համարել Թոմաս Մալթուսին: 1798թ.-ին Մալթուսը հայտնեց իր վարանումը այն խնդրի շուրջ, որ եթե մարդ արարածը կենդանական այլ տեսակների պես բազմանալով հագեցնի իր բնակեցրած աշխարհի մակերեսը, ապա կարող է կործանման առջեւ կանգնել: Տեսությունը պարզ է. երբ մարդիկ ունենան ավելի շատ երեխաներ, ովքեր իրենց մահվանից հետո պետք է լրացնեին մարդկության շարքերը, ապա մի քանի սերունդ անց աճի ցուցիչը թվաբանականից կդառնա երկրաչափական: Մինչ այդ, մարդկությանը երկրագնդի պարգեւած սննդային, էներգետիկ եւ հանքային ռեսուրսները սահմանափակ են եւ իրենց հերթին մշակման եւ արդյունահանման ծավալների պարբերական ավելացման կարիք են զգում: Մալթուսյան տեսության համաձայն` նման գերհագեցումը կարող է մարդկությանն ամբողջական վերացման կամ ետընթացի տանել: Այժմ մեր շրջակա աշխարհում տարածված սովի եւ համաճարակների խթանիչ կարեւոր գործոններից են բնակչության ցածր կենսամակարդակը, գաղթային տեղաշարժերը, որոնք անուղղակիորեն եւ չափազանց դրամատիկ կերպով հանգեցնում են բնակչության մեծածավալ կորուստների:

Sunday, May 20, 2012

Արարչագործություն "ոչնչից" (ex nihilo)


     Մարդկության գոյության ողջ ընթացքում արարչագործության թեման միշտ արդիական է եղել եւ հուզել է յուրաքանչյուրի միտքը: Արդյունքում առաջ են քաշվել տիեզերքի ստեղծման բազմաթիվ ուսմունքային եւ առասպելաբանական վարկածներ: Ուսմունքային դասակարգմամբ այս խնդրի շուրջ երեք հիմնարար տեսակետեր գոյություն ունեն. Թեիստական, որը պնդում է արարչության ex nihilo (ոչնչից) առաջացումը, Պանթեիստական, որի համաձայն` նյութական աշխարհն առաջացել է ex Deo (Աստծուց), անանձնավոր աստծուց, ով արտաքնապես արարում է իր էությունից, Մատերիալիստական` արարչագործությունը կարծվում է ex materia (նյութից), այսինքն` նախագո նյութից:
     Մասնավորապես մատերիալիստական տեսությունը, իր մեջ ներառելով դուալիզմն, ագնոստիցիզմն ու աթեիզմը, բնորոշում է արարչագործությունը որպես օբյեկտիվորեն իրական գոյության ավարտուն աշխատանք, ըստ որում` սա ենթադրում է արարչագործություն նախագո նյութին աստվածային ձեւակազմական միջամտությամբ եւ կամ սոսկ իբրեւ հավիտենական մատերիայի ինքնակարգավորում: Պանթեիստական տեսությունը, իր հերթին, ճյուղավորվում է մոնիստական եւ հինդուիստական ուղղությունների: Մոնիստական ուղղության ներկայացուցիչ Պարմենիդեսը անհեթեթ էր համարում հոգնակի գոյությունների գաղափարը, իրականում ամեն բան մեկ է եւ մեկն ամեն ինչ է: Այլ կերպ ասած սա նշանակում է, որ կա Արարիչ, բայց արարչությունն առկա չէ եւ աշխարհն անիրական է: Անտիկ հինդուիստական մտածողությունն առաջնորդվում էր իրականության պատրանքայնությամբ. հատկանշական է օձի թվացյալ պատկերը, որը սերտ քննության արդյունքում պարան է պարզվում (Շանկարա): Արդի շրջանում հասունացավ նաեւ ոչ բացարձակ պանթեիզմը. Սպինոզան զարգացնելով Պլոտինոսի գաղափարները` նույնացրեց աշխարհը աստվածային էության հետ:

Friday, May 11, 2012

Սիմեոն Երեւանցի. Արիստոտելի ստորոգությունների մեկնություն


   Սիմեոն Ա Երեւանցի ամենայն հայոց Կաթողիկոսը (1763-1780թթ.) անցել է պատմության մեջ ոչ միայն որպես շնորհալի հովվապետ, այլեւ որպես ժամանակի ականավոր գիտնական եւ հասարակական գործիչ: Մատենադարանում այժմ պահվում են Սիմեոն Երեւանցու փիլիսոփայական, պատմական եւ տոմարագիտական երկերը պարունակող մոտ երկու տասնյակ ձեռագրեր: Սիմեոն Երեւանցին հեղինակել է "Ջամբռ" պատմական կոթողային աշխատությունը, բարեկարգել եւ վերջնական տեսքի է բերել Հայ Եկեղեցու Տոնացույցը, գրելով նաեւ "Մեկնություն Տոմարի" երկը: Փիլիսոփայական երկերի շարքում են "Պորփյուրի մեկնությունը", "Արիստոտելի ստորոգությունների մեկնությունը", "Արիստոտելի Պերիարմենիաս երկերի մեկնությունը", այլեւ Դավիթ Անհաղթի, Հովհան Որոտնեցու եւ Գրիգոր Տաթեւացու փիլիսոփայական ժառանգության բազում վերլուծություններ: Ստորեւ ներկայացվող "Արիստոտելի ստորոգությունների մեկնության" առաջաբանը մեր կողմից վերծանվել եւ աշխարհաբարի է փոխադրվել Մատենադարանի թիվ 1818 ձեռագրից, որը համարվում է Սիմեոն Երեւանցու ինքնագիրը:


Սբ. Հոգի Աստուած հա'ս ի թիկունս
Համառոտ լուծմունք գրոցն Արիստոտէլի տասանց ստորոգութեանց ծաղկաքաղ արարեալ ի բանից գերիմաստիցն սրբոյ Դաւթի Անյաղթ փիլիսոփայի եւ երիցս երանեալ սրբոյ հորն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն...
Ի Սիմեոն գերիմաստ հայրապետէ ամենայն հայոց. 
ի յօգուտ ուսումնասիրողաց եւ ի փառս Աստուծոյ...

Tuesday, May 8, 2012

Ցիցերոն. Ծերության մասին (De Senectute)



   Հռոմեացի նշանավոր հռետոր եւ փիլիսոփա Մարկոս Տուլլիոս Ցիցերոնի (Ք.ա. 106-43թթ.) "Ծերության մասին" փիլիսոփայական տրակտատը հեղինակի ուշ շրջանի ստեղծագործություններից է (գրված Ք.ա. 44թ.-ին): Այն ուղղված է Ատտիկոս Ավագին: Ցիցերոնը այս տրամախոսության մեջ խոսում է Կատոն Ավագի շուրթերով, ով երկու երիտասարդների` Լելիոսի եւ Սցիպիոնի հետ ուսուցողական զրույց է վարում ծերության տարիքում ճիշտ կենսակերպի մասին: Կարծում եմ մենք` երիտասարդներս բաց չենք թողնի Ցիցերոնի խրատները լսելու առիթը, իսկ ծերությունն իբրեւ բեռ նկատող տարեց մարդիկ կվերարժեւորեն իրենց կյանքը եւ կյանքը նորից գրավիչ կդառնա նրանց համար: Վերջին խնդիրը ինձ շատ է մտահոգում, որովհետեւ մեր հասարակության մեջ տարեց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հայտնվում անուշադրության մատնված վիճակում, կյանքից ակնհայտորեն հիասթափվելով ու դառնանալով: Գրեթե միշտ զբոսայգիներում կարելի է հանդիպել ծեր պապիկների, ովքեր ապրում են դեռեւս անցած դարի 70-ականներում եւ նրանց հայացքները մատնում են, որ ներկա կյանքի թելադրանքով խաղից դուրս վիճակում են հայտնվել:

Thursday, May 3, 2012

Լայբնից. Երկխոսություն մարդու ազատության եւ չարի բնության մասին



   Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցը (1646-1716թթ.) գերմանացի նշանավոր փիլիսոփա եւ մաթեմատիկոս է: Լայբնիցը ակտիվ գրագրության եւ գաղափարական փոխանակման մեջ է եղել ժամանակի նշանավոր փիլիսոփաների եւ մաթեմատիկոսների` Բոյլի, Նյուտոնի, Բարրոուի, Սպինոզայի, Մալբրանշի եւ Առնոյի հետ:
   Լայբնիցի պահպանված փիլիսոփայական երկերից այս երկխոսությունը տեղի է ունեցել 1695թ.-ի հունվարի 25-ին` Լայբնիցի եւ Բրանդենբուրգի վարչական եւ պատերազմական հարցերով խորհրդական բարոն Դոբրզենսկու միջեւ: Հաջորդ օրվա թվակիր նամակում Լայբնիցի խոսքերից վստահանում ենք, որ արձանագրվածը բառացիորեն իրականում տեղի ունեցած երկխոսությունն է:
   Եվ այսպես, երկխոսությունը ծագում է մի մտքից, որը մշտապես անհանգստացնում էր բարոն Դոբրզենսկուն, այն է` արդյո՞ք մարդկանց մեղանչումը տեղի է ունենում անհրաժեշտաբար եւ անխուսափելի կերպով:
   Լայբնիցի զրուցակիցը պատմում է, որ մի օր իր տարակույսները այս հարցի առնչությամբ հայտնել է Մյունխենի վանականներից հայր Սպերանդիոյին, ով սպառիչ եւ սիրալիր պատասխանել է նրա հարցերին` խորհուրդ տալով մտքի խաղաղության համար այլեւս չհուզել դրանք: Սակայն փաստորեն բարոնին չի հաջողվել հետեւել այս խորհրդին:
   Լայբնիցին առաջադրված հարցը հետեւյալն է` եթե Տերը գիտե ամեն բան եւ ապագան ու անցյալը հավասարապես ներկա են Նրա համար, հետեւաբար մեր ամեն հանցանքը կանխապես հայտնի է Նրան, ուստի կարելի՞ է կարծել, որ մեր մեղանչումը անհրաժեշտաբար պետք է տեղի ունենար եւ մենք չէինք կարող խուսափել այն գործելուց` արդյունքում կարելի է եզրակացնել, որ մենք ազատ չենք:

Friday, April 27, 2012

Մոնտեսքյո - "Օրենքների ոգին"


Vox populi, vox Dei.

Ժողովրդի ձայնը` Աստծո ձայնն է

   Խնդիրն արդիական համարելով, կարծում եմ արժե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկ հոդված նվիրել հայրենի օրենսդրության զարգացման գործին: Հասարակ քաղաքացու համար հայաստանյան քաղաքականության մեջ խորանալն ըստ իս գարշելի զբաղմունք է, որովհետեւ մեր երկրում քաղաքականությունը իր մեջ ամփոփում է աբսուրդային, հակաօրինական եւ հակաբարոյական բոլոր հատկանիշերը, էլ չխոսենք անձերի մասին: Այդ իսկ պատճառով, մաքուր օդի առջեւ պատուհան բացելու համար դիմեցի օրենսդրության ոլորտում դասական հեղինակ համարվող Մոնտեսքյոյին, ում "Օրենքների ոգին" տրակտատից վերցված "Օրենսդրության կերպի մասին" գլուխը կփորձեմ վերլուծել:
   Բարեկամներս, ինչպես գիտենք, ժողովրդի ձայնը մեր երկրի պետական կառավարման համակարգում հնչեցնողը եւ օրենսդիրը պառլամենտն է (կամ Ազգային ժողովը): Այնպիսի վսեմ նպատակների իրագործումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, բարեկեցությունը, լուսավորությունը` կախված է առավելապես Ազգային ժողովի առողջ գործունեությունից: Իսկ այդ առողջ գործունեության դրությունը ստեղծելու համար անհրաժեշտ է`
ա) իրապես ժողովրդական ողջ մասսաները ներկայացնող լեգիտիմ խորհրդարան,
բ) խորհրդարանականների` օրենքների մշակման ոլորտում աշխատելու կարողություն,
գ) օրենսդրական գործընթացի մեկուսացում բոլոր արտաքին ճնշումներից ու ազդեցություններից:
   Այժմ հիշելով մեր դառը իրականությունը` կուլ տամ կոկորդիս դեմ առած հեղձուկը եւ վերադառնամ Մոնտեսքյոյին, ում օրենսդրության գիտությունը գրեթե կատարյալ է:...