Tuesday, July 29, 2014

Ի պաշտպանություն հեղինակային իրավունքի


  Հայաստանյան իրականության մեջ գիտության, գրահրատարակչության, արվեստի ոլորտներում կամ համացանցում մենք ամեն օր հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների ենք ականատես լինում: Հայերիս մոտ ուրիշի մտավոր սեփականության հանդեպ անփույթ վերաբերմունքը տարիների ընթացքում բնավորության է վերածվել: Երբ ուսանողները գումար չունենալու պատճառով գիրքը գնելու փոխարեն պատճենում են այն՝ սա ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի է, բայց ի՞նչ ասես այն մարդկանց, ովքեր համացանցում տարբեր բլոգերից ամբողջական նյութեր են պատճենում և առանց սկզբնաղբյուրին հղման, իրենց անվան տակ հրապարակում: Մի կողմ թողնելով նյութականը, ես ուզում եմ շեշտել բարոյական վնասը, որը հասցվում է հեղինակին: Քանիցս այս բլոգի նյութերը հայտնվել են այլ կայքերում, առանց իմ թույլտվության, առանց բլոգին հղման և երբեմն նաև ուրիշի անվան տակ: Երբ պատահականորեն համացանցում աչքիս է զարնում կեղծամ հագած իմ հոդվածը՝ ես պարզապես շանթահար եմ լինում, ժամեր են պահանջվում, որպեսզի կայքի ադմինիստրատորի աչքը մտցնես քո օրիգինալ հոդվածը, պահանջես, որպեսզի հեռացնի այն կայքից և դեռ այդ մարդիկ էլ նեղսրտում են, թե՝ ի՞նչ մի վատ բան ենք արել... Ուրեմն, այս հոդվածը թող զգուշացում լինի այն արկածախնդիր բլոգերներին, ովքեր հանուն դիտումներ և լայքեր շորթելու պատրաստ են դիմել ամեն քայլի:
 Թեև հեղինակային իրավունքի օրենսդրական դաշտը Հայաստանում կատարելապես կարգավորված չէ, բայց 2006 թվականից գործում է "Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին" ՀՀ օրենքը, որի գործադրման դեպքում հնարավոր կլիներ խուսափել բազում օրինախախտումներից և կոպիտ սխալներից: Ստորև բերում եմ Օրենքից կատարված քաղվածքները, իմ մեկնաբանությունների հետ միասին.

Tuesday, July 22, 2014

Ալեքսեյ Լոսև . Երաժշտության փիլիսոփայության հիմնական հարցը


  Հարց է ծագում. ի՞նչը մենք պետք է համարենք երաժշտական պատկերավորման նյութ: Ի՞նչ ենք մենք իրականում լսում, երբ ընկալում ենք երաժշտական ստեղծագործությունը:
  Դեռևս աշակերտական սեղանից գիտենք, որ ձայնը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ օդային միջավայրի որոշակի տատանում: Մեզ անգամ տարբեր թվային հարաբերակցություններ են սովորեցնում, որոնք բնութագրում են այս կամ այն ձայնը: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ երաժշտություն լսելիս մենք ընկալում ենք օդային միջավայրի տատանումները և մեր մտքում պատկերացնում ձայնային ալիքների մեծությունը կամ ծավալը: Իհարկե՝ ոչ, նման բաներ մենք երաժշտությունից չենք ընկալում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեինք կարծել, որ երաժշտությունը կարող են ընկալել միայն ֆիզիկոսները: Կարող եք հիանալի երաժիշտ լինել և ոչինչ չհասկանալ ձայնային ալիքների տատանումից, և կարող եք հանճարեղ ֆիզիկոս լինել, բայց ընդհանրապես չընկալել երաժշտությունը:
  Հայտնի է, որ ձայնային զգայություն ստանալու համար ձայնային ալիքները պետք է ականջի խոռոչ թափանցեն և դիպչեն ձայնաթաղանթին: Մի՞թե երաժշտության մեջ պատկերվում է մեր ականջը, կամ ձայնաթաղանթը, կամ թե ինչպես են ձայնային ալիքները բախվում ձայնաթաղանթին: Այս ֆիզիոլոգիան կրկին ոչ մի առնչություն չունի երաժշտության հետ, թեև փաստացի՝ երաժշտությունն ինքնին չի կարող գոյություն ունենալ ո՛չ առանց ֆիզիկայի, ո՛չ էլ առանց ֆիզիոլոգիայի: Սակայն, հարկ եմ համարում կրկնել, որ սիմֆոնիա լսելու ընթացքում մենք բնավ էլ չենք մտածում ականջի, ձայնաթաղանթի կամ դրան բախվող ձայնային ալիքների մասին: Հակառակ դեպքում ինչպե՞ս կերգվեին ժողովրդական եղանակները հասարակ մարդկանց կողմից, ովքեր երբևէ  ֆիզիկայի կամ ֆիզիոլոգիայի գրքեր չեն կարդացել: