Saturday, May 16, 2015

Ժիլ Դելյուզի սիրո և ցանկության փիլիսոփայությունը



  Ժիլ Դելյուզը հայտնի է իբրև "ցանկության փիլիսոփա": Ցանկության և աստիճանաբար սիրո վերաճող ցանկության իր գաղափարները նա շարադրել է "Պրուստը և նշանները" (1964), "Զանազանություն և կրկնություն" (1968) և "Անտի-Էդիպուս" (1972) երկերում: Պրուստի գաղափարների վերլուծության ժամանակ Դելյուզը սիրո փիլիսոփայության կոնտեքստում խոսում էր ցանկության "սիրային" ապագայի մասին: Հակառակ Պրուստի, նա ցանկությունը թերություն կամ խանգարիչ հանգամանք չէր նկատում, սակայն ուշագրավ էր համարում Պրուստի ցանկության օբյեկտի տրանսֆորմացիայի գաղափարը, որը ստիպում էր վերանայել գոյություն ունեցող ընկալումներն այն մասին, թե կոնկրետ ինչ ենք ցանկանում ցանկանալու պրոցեսում: Դելյուզը միանգամայն համամիտ էր Պրուստի այն սահմանման հետ, թե. "Կնոջը ցանկանալը ոչ այնքան ցանկությունն է հենց կնոջ, այլ նրան պարուրող կերպարի ու միջավայրի հանդեպ": Ըստ Դելյուզի` ցանկությունը "օբյեկտին տենչալը" չէ, այլ "այդ օբյեկտի ստեղծած այլ աշխարհում նոր կերպարանք ստանալը" ("Ցանկություն", 1997): Օբյեկտը ցանկալի չէ ինքնին, այլ որովհետև եկել է փոխարինելու նախկինում կորսված պատկերները կամ լցնում է մեր մեջ եղած դատարկությունը (ինչպես ընդունված է համարել նաև ֆրեյդյան և լականյան հոգեվերլուծության մեջ): Ցանկալիության պատճառները պետք է որոնել ոչ թե օբյեկտի այլ նրա արտահայտիչ որակների մեջ, իսկ ցանկության դրդիչ պատճառը տվյալ օբյեկտի միջոցով այլ աշխարհ մուտք գործելն է: Դելյուզի վաղ և ուշ շրջանների մտածողության մեջ ցանկությունն անբաժանելի է պատկերացումից և երևակայությունից, որը պատասխանատու է ցանկության արթուն մնալու համար: Մեկ այլ աշխարհ ցանկալի էակի միջոցով մուտք գործելու ձգտումը, ըստ Դելյուզի, հատուկ է նախևառաջ երեխաներին և շիզոֆրենիայով տառապողներին: