Հայաստանյան իրականության մեջ գիտության, գրահրատարակչության,
արվեստի ոլորտներում կամ համացանցում մենք ամեն օր հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների
ենք ականատես լինում: Հայերիս մոտ ուրիշի մտավոր սեփականության հանդեպ անփույթ վերաբերմունքը
տարիների ընթացքում բնավորության է վերածվել: Երբ ուսանողները գումար չունենալու պատճառով
գիրքը գնելու փոխարեն պատճենում են այն՝ սա ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի է, բայց
ի՞նչ ասես այն մարդկանց, ովքեր համացանցում տարբեր բլոգերից ամբողջական նյութեր են
պատճենում և առանց սկզբնաղբյուրին հղման, իրենց անվան տակ հրապարակում: Մի կողմ թողնելով
նյութականը, ես ուզում եմ շեշտել բարոյական վնասը, որը հասցվում է հեղինակին: Քանիցս
այս բլոգի նյութերը հայտնվել են այլ կայքերում, առանց իմ թույլտվության, առանց բլոգին
հղման և երբեմն նաև ուրիշի անվան տակ: Երբ պատահականորեն համացանցում աչքիս է զարնում
կեղծամ հագած իմ հոդվածը՝ ես պարզապես շանթահար եմ լինում, ժամեր են պահանջվում, որպեսզի
կայքի ադմինիստրատորի աչքը մտցնես քո օրիգինալ հոդվածը, պահանջես, որպեսզի հեռացնի
այն կայքից և դեռ այդ մարդիկ էլ նեղսրտում են, թե՝ ի՞նչ մի վատ բան ենք արել... Ուրեմն,
այս հոդվածը թող զգուշացում լինի այն արկածախնդիր բլոգերներին, ովքեր հանուն դիտումներ
և լայքեր շորթելու պատրաստ են դիմել ամեն քայլի:
Թեև հեղինակային իրավունքի օրենսդրական դաշտը Հայաստանում
կատարելապես կարգավորված չէ, բայց 2006 թվականից գործում է "Հեղինակային իրավունքի
և հարակից իրավունքների մասին" ՀՀ օրենքը, որի գործադրման դեպքում հնարավոր կլիներ
խուսափել բազում օրինախախտումներից և կոպիտ սխալներից: Ստորև բերում եմ Օրենքից կատարված
քաղվածքները, իմ մեկնաբանությունների հետ միասին.