Thursday, January 24, 2013

Մարտին Բուբեր - "Ես և Դու"


   Մարտին Բուբերը (1878-1965) գերմանաբնակ նշանավոր հրեա գոյափիլիսոփա է: Իր "Ես և Դու" երկում մտածողը խոսում է Մարդ-Աստված անմիջական հարաբերության մասին: Այն չի կարող լինել "ես-նա" անորոշ և վերացական հարաբերություն, այլ պետք է վերածվի կենդանի և անձնավորված ԵՍ-ԴՈՒ շփման: Ստորև թարգմանաբար բերված է գրքի առաջաբանի մի հատված.

   Աշխարհը երկվությամբ է ներկայանում մարդուն, քանի որ երկակի է մարդ-աշխարհ հարաբերությունը: Պատճառը մարդու կողմից արտաբերվող հիմնական բառերի երկվությունն է: Դրանք առանձին բառեր չեն, այլ՝ բառազույգեր: Հիմնական բառերից մեկը ԵՍ-ԴՈՒ-ն է, իսկ մյուսը՝ ԵՍ-ՆԱ-ն (անկախ "Նա"-ի սեռից): Ուստի երկվություն է պարունակում իր մեջ նաև մարդու ԵՍ-ը, որովհետև ԵՍ-ԴՈՒ հիմնական բառի Ես-ը տարբերվում է ԵՍ-ՆԱ-ի մեջ ներկայացող Ես-ից:
   Այս հիմնական բառերը բխում են մարդու էությունից, սակայն ԵՍ-ԴՈՒ հիմնական բառն է միայն արտաբերվում ողջ հոգով: ԵՍ-ն առանձնաբար գոյություն չունի: Երբ մարդն ասում է ԵՍ՝ հասկանում է ԵՍ-ԴՈՒ կամ ԵՍ-ՆԱ հարաբերություններից մեկի ԵՍ-ը և հիշատակվող երկրորդ կողմը միշտ ներկա է ԵՍ-ի մեջ: ԵՍ լինելը և ԵՍ ասելը տարբեր են իրարից, ինչպես պարզապես ԵՍ ասելը տարբերվում է հիմնական բառերից մեկը արտասանելուց: Նա, ով արտաբերում է հիմնական բառը՝ մտնում է հարաբերության մեջ:
   ՆԱ-ի թագավորության մեջ ամեն բան անորոշ է: Երբ ես ասում եմ. "Ես զգում եմ ինչ-որ բան", "Ես պատկերացնում եմ ինչ-որ բան", "Ես ցանկանում եմ ինչ-որ բան" գործ եմ ունենում անորոշ և հեռավոր առարկայի հետ: Այլ է սակայն ԴՈՒ-ի ոլորտը: Երբ մեկն ասում է ԴՈՒ՝ չկա այլևս անորոշություն և նա մտնում է հարաբերության մեջ:

Monday, January 21, 2013

Ջ.Սպենսեր - Ո՞վ գողացավ իմ պանիրը


   Ամերիկացի հոգեբան Ջոնսոն Սպենսերի "Ո՞վ գողացավ իմ Պանիրը" ("Who Moved My Cheese?"-1998) գիրքը մեծ ճանաչում ձեռք բերեց մարդկանց վրա մոտիվացիոն մեծ ներգործություն ունենալու պատճառով: Գրքում ներկայացված այլաբանական պատմվածքի մեջ խոսվում է մարդկային անվերջ որոնումների մասին, երբ մենք գտնում կամ կորցնում ենք մեզ համար կյանքում ամենացանկալին (հեղինակը կոչում է այն "ՊԱՆԻՐ"): Այս գրքույկում խորհուրդներ են տրվում, թե ինչպե՞ս խուսափել մեր անփութության պատճառած կորուստներից և ինչպե՞ս արագ վերակառուցվել կյանքից ստացած հարվածներից հետո: Խորհուրդ կտամ ընթերցել այս ստեղծագործությունը, դա ձեզանից շատ ժամանակ չի խլի: Իսկ նրանց համար, ովքեր ծուլանում են գիրք կարդալ և վարժվել են fast food-ին՝ հերթականությամբ բերում եմ Սպենսերի ուղենիշերը...

Եվ այսպես՝

ü  Երջանկության գրավականը Պանրի սեփական բաժին ունենալն է:
ü  Որքան կարևոր է մարդու համար իր Պանիրը, այնքան մեծ է կապվածությունը:
ü  Պանիրը պետք է հաճախակի հոտոտել, որպեսզի ժամանակին նկատեք, որ այն փոխում է իր որակները:
ü  Հաղթահարե'ք ձեր վախը, ով փոխվելու ունակ չէ՝ չի գոյատևի:
ü  Նոր Պանիր գտնելու հույս կա միայն նոր ուղղությամբ շարժվելու դեպքում:
ü  Որքան ավելի հստակ եք պատկերացնում նոր Պանիր ձեռք բերելու քաղցրությունը, այնքան ավելի վաղ կգտնեք այն:
ü  Ձեր նախկինում ունեցած հայացքները ձեզ չեն մոտեցնում նոր Պանրին:
ü  Որքան շուտ մոռանաք հին Պանրի մասին, այնքան ավելի վաղ կգտնեք նորը:
ü  Առավել խելամիտ է լաբիրինթոսում նոր Պանիր փնտրել, քան առանց Պանրի անգործության մատնվել:
ü  Գնացե՛ք Պանրի ետևից և հաճույք ստացեք ձեր կյանքում կատարվող փոփոխություններից...

Կարդացե՛ք գիրքը ՌուսերենԱնգլերեն 

Thursday, January 17, 2013

Հենրի Դեյվիդ Թորո - Ուոլդեն կամ կյանքն անտառում


   Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) ամերիկացի գրող է, մտածող, հասարակական գործիչ և նատուրալիստ: 1845-1847թթ.-ին Թորոն առանձնության մեջ ապրում էր Ուոլդենյան անտառում իր ձեռքով կառուցած խրճիթում, սեփական ուժերով հայթայթելով կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ: Հասարակությունից առանձնանալու իր այս փորձի մասին Թորոն գրել է 1854թ.-ին՝ "Ուոլդեն կամ կյանքն անտառում" գրքում: Վախճանվել է 45 տարեկան հասակում, տուբերկուլյոզից: Ստորև բերում եմ հիշյալ գրքի արժեքավոր մի դրվագի թարգմանությունը.


  Ես հեռացա անտառ, որովհետև ցանկանում էի ապրել գիտակից կյանքով, գործ ունենալ միայն կյանքի էական իրողությունների հետ, փորձել ինչ-որ բան սովորել դրանից, որպեսզի երբ մահվան պահը գար, չպարզվեր, որ բնավ չեմ ապրել: Ես չէի ցանկանում ապրել նրանով, ինչն իրականում կյանքը չէ, որովհետև այն չափազանց թանկ է, ոչ էլ դիմել ինքնահրաժարման, քանի դեռ չկար դրա սուր անհրաժեշտությունը: Ես տենչում էի խորամուխ լինել կյանքի մեջ և ծծել կյանքի ողջ ոսկրածուծը, վճռականորեն ապրել սպարտայական պարզությամբ, որպեսզի արմատախիլ անեմ այն ամենն, ինչ կյանքը չէ, խորը հնձելու և առավելագույնը խուզելու համար, որպեսզի կյանքն անկյուն մղեմ և այն հանգեցնեմ պարզագույն տեսքի, եթե պարզվեր, որ այն չնչին է, ինչ արած, հասու լինեմ նրա իրական ողջ ոչնչությանը ու դրա մասին հայտարարեմ ամբողջ աշխարհին, իսկ եթե այն լեցուն է վեհ իմաստով՝ ճանաչեմ փորձառությամբ և այն ճշմարտապես ներկայացնեմ իմ հաջորդ ստեղծագործության մեջ: Քանզի, ինչպես ինձ է թվում, մարդկանց մեծամասնությունը տարօրինակ կերպով անորոշ կարծիք ունի կյանքի մասին՝ չիմանալով Աստծո՞ պարգևն է այն, թե՞ սատանայի, և որոշ հապճեպությամբ եզրակացնում են, որ մարդու գերագույն նպատակը երկրի վրա "Աստծուն փառաբանելն ու հավետ նրանով ցնծալն է":

Monday, January 14, 2013

Նիցշե - Հրի՛ր ընկնողին


Օ՜ եղբայրներ իմ, միթե՞ ես դաժան եմ: Բայց ասում եմ ձեզ.
այն՝ ինչ ընկնում է, պետք է ավելի ուժգին հրել...:
Եթե չեք կարողանում մեկին սովորեցնել ճախրել՝
սովորեցրեք նրան շուտափույթ ցած գլորվել...
Այսպես խոսեց Զրադաշտը

   Իրոք, այս խոսքերը դաժան կարող են թվալ: Չե՞ք ասի, թե. ինչպե՞ս կարելի է հրել ընկնողին, հակառակը՝ պետք է ձեռք մեկնել նրան, հնարավորություն տալ ոտքի կանգնելու: Բայց իրականում Նիցշեն այս խոսքերով կյանքի դաս է տվել համայն մարդկությանը, տասնամյակներ առաջ կանխատեսելով համաշխարհային բազմապիսի ճգնաժամները:
   Նիցշեի մեկնաբանները կարծում են, որ մտածողն այս դրվագում առաջին հերթին կրոնն է նկատի ունեցել: Դե ի՞նչ, դեմ չեմ, թող այդպես լինի: Եթե կրոնը սոսկ խարխուլ կմախք է հիշեցնում և ծանր զնդանի պես կախ է ընկած մարդկանց ոտքերից, ապա այն անտարակույս պետք է հրել դեպի անդունդը և ես կլինեմ այդ աշխատանքը կատարողների առաջին շարքում: Սակայն մի կարևոր "բայց" կա այստեղ, որը նշում են նաև Նիցշեին հաջորդող փիլիսոփաները՝ դեպի անդունդը ընկածին հրելը նրա վրա վերջնական խաչ քաշելու նպատակ չունի, դա իրականում ամենամեծ օգնությունն է, որ կարող ենք տրամադրել անհուսալի վիճակում հայտնվածին. հնարավորություն տալ հասնել ծայրահեղության, որից արդեն իր ներքին ուժերի վրա հենվելով ընկածը կկարողանա վերապրել ու վերածնվել կամ էլ վերջնականապես կկործանվի ու կանհայտանա:

Thursday, January 10, 2013

Սապֆո - Կանանց սերը գովերգողը


Միայն ինը մուսաներ թվելով մենք վիրավորում ենք Սապֆոյին:
Նրա մեջ պետք է տեսնել տասներորդ մուսային...
Պլատոն

   Այս հոդվածը ցանկացա նվիրել անտիկ մեծանուն բանաստեղծուհի Սապֆոյին (Ք.ա. 630-570թթ.) հետևյալ պատճառներով՝ նախ, այս բանաստեղծուհու երկերը բացառիկ արժեք ունեն իրենց հորինվածքով, երկրորդ՝ Սապֆոն մեծ ազդեցություն է գործել հետսոկրատյան շրջանի մտածողների վրա և վերջապես, կարիք կա քննելու, թե արդյոք իրակա՞ն է նրա անձի շուրջ հյուսված լեսբուհու կերպարը:
   Սապֆոն գրում էր իր բանաստեղծությունները և հիմները էոլական բարբառով, ժամանակի տաղաչափության մեջ ներմուծելով հանգավորման նոր կանոններ (տաղաչափության մեջ այս ոճը հայտնի է "Սապֆոյական բանաստեղծություն" անվամբ): Սապֆոյի երկերը անմիջապես մեծ ճանաչում ձեռք բերեցին և արժանացան ժամանակակիցների հիացմունքին: Պատմում են, որ երբ Աթենքի օրենսդիր Սոլոնը իր զարմիկից լսում է Սապֆոյի խնջույքի երգերից մեկը, ցանկանում է անմիջապես սովորել այն, ասելով. "Չէի ցանկանա մահանալ, առանց սովորելու այս երգը": Սոկրատեսն համարում էր Սապֆոյին "սիրո գիտության" մեջ իր ուսուցիչը, Ստրաբոնը նրան "հրաշք" է անվանում և պնդում, որ պատմության մեջ անիմաստ է փնտրել մեկ այլ կնոջ, ով կկարողանար գեթ հեռավոր համեմատության մեջ դրվել նրա հետ, իսկ անտիկ շրջանի հունական պոեզիայի գիտակներ Դիոնիսիոս Հալիկառնացին, Կատուլլոսը և Հորացիոսը Սապֆոյին համարում են բանաստեղծական նոր դարաշրջանի հիմնադիր: Այնուամենայնիվ, Սապֆոյի ժառանգությունը դարեր անց մոռացվեց... էոլական բարբառը խրթին էր, հռոմեական իշխանության տարիներին երկերն գնալով ավելի քիչ էին կրկնօրինակվում, միջնադարում Սապֆոյի ժառանգության ուսումնասիրումը դուրս մնաց ակադեմիական ծրագրից և արդեն XII դարում նրա երկերը կորսված էին համարվում: Ողջ բանաստեղծական ժառանգությունից մեզ պատառիկներ են հասել անտիկ հեղինակների մեջբերումների տեսքով, ինչպես նաև եգիպտական պապիրուսների շնորհիվ:

Monday, January 7, 2013

Փիլիսոփայություն - Խոկում մահվան մասին


   Դարերի ընթացքում տարբեր փիլիսոփաների կողմից փիլիսոփայության զանազան սահմանումներ են տրվել և որքան էլ որ զարմանալի է, բայց վերնագրում բերված տարօրինակ համակցությունը փիլիսոփայության սահմանումներից մեկն է, որ տրվել է Պլատոնի կողմից: Սահմանումն, ըստ իս, չափազանց տարողունակ է և խոր իմաստ է պարունակում: Մենք անհոգ և երջանիկ կյանք ենք համարում մահվան մտքից հեռու կեցությունը և միշտ հետաձգում ենք մահվան մասին խորհելու պահը, անգամ մեր շուրջը տեղի ունեցող մահերը չեն սթափեցնում մեզ և արդյունքում անպատրաստ ենք հայտնվում մահվան շեմին: Այս մոտեցմանը հակառակ Պլատոնը ցույց է տալիս, որ իմաստուն մարդը իր ողջ գիտակից կյանքում խոկում է մահվան մասին և երբ հասնում է մահվան ժամը՝ ահից չի դողում և դիմավորում է այն ինչպես իր վաղեմի բարեկամին:
   Պլատոնը իր նշանավոր ՙՖեդոն՚ տրամախոսության մեջ այն համոզումն է հայտնում, որ. ՙՆրանք, ովքեր ճշմարտապես նվիրված են փիլիսոփայությանը, միայն մի բանով են տարված` մահվամբ եւ մահանալով՚, ինչին զրուցակիցները տարակուսանքով են արձագանքում, քանի որ այս գաղափարը կարող է սխալ ընկալման տեղիք տալ եւ փիլիսոփաներին կարելի կլիներ մեղադրել մահ ցանկանալու մեջ: Սակայն Պլատոնը շարունակության մեջ պարզաբանում է, որ ճշմարիտ փիլիսոփան ցանկանում է կրքերի մահացում, դրանով սրբելով իր հոգին` հեռավոր նպատակ ունենալով Աստծո մասին խորհելու համար պատրաստ գտնվելը, քանի որ ՙանմաքուրին թույլատրված չէ դիպչել մաքուրին՚ եւ ՙաստվածների կարգը թույլատրված չէ անցնել նրանց, ովքեր փիլիսոփա չեն եղել եւ իմացության ձգտելով վերջնականապես չեն մաքրվել՚: Կարող ենք բերել Պլատոնի մահվան մասին գաղափարների թյուր ընկալման օրինակ. դասական հեղինակ Կալլիմաքոսի 24-րդ էպիգրամում երիտասարդ Կլեոմբռոտոսի մահվան պատասխանատվությունը բարդվում է Պլատոնի վրա.