Ալֆրեդ Նոբելը
(1833-1895թթ.) մասնագիտությամբ քիմիկոս և ճարտարագետ էր: Նա հսկայական կարողություն
է դիզում մետաղարդյունաբերության, ինչպես նաև իր կատարած 355 գյուտերի շնորհիվ, որոնցից
ամենահայտնին թերևս դինամիտն է: 1888թ.-ին ֆրանսիացի լրագրողները թյուրիմացաբար, սխալ
տեղեկությունների վրա հիմնվելով հայտարարում են Նոբելի մահվան մասին: Նոբելը թերթում
կարդում է իր մահախոսականը, հետևյալ վերնագրով՝ "Մահ վաճառողը մահացել է":
Սա ստիպում է Ալֆրեդ Նոբելին մտածել, թե աշխարհից հեռանալուց հետո ի՞նչ հետք է թողնելու
մարդկանց հիշողության մեջ և նա փոփոխում է իր կտակը (տե՛ս նկարը): Կտակում մասնավոր
թելադրություն էր արվում, որպեսզի իր մահվանից հետո ողջ շարժական և անշարժ գույքը փոխարկվի
գումարային արժեքի, զետեղվի հուսալի բանկում և տարեցտարի հաշվի տոկոսները բաշխվեն մարդկությանը
տվյալ տարում մեծ օգտակարություն բերած գիտնականների կամ գործիչների միջև: Հատուկ ցանկություն
է նշվել նաև, որպեսզի մրցանակը հանձնելիս ազգային խտրություն չդրվի հավակնորդների միջև:
Նոբելի կտակը հրապարակվեց և հաստատվեց դատարանի
կողմից 1897թ.-ին: Նույն տարում ստեղծվեց Նոբելյան
կոմիտեն, 1900թ.-ին՝ Նոբելյան հիմնադրամը, որի կանոնակարգը (statutum) հաստատվեց Շվեդիայի
արքա Օսկար II-ի կողմից: Ներկայացնենք հիմնական դրույթներից մի քանիսը... Բոլոր մրցանակները
նախատեսված են անհատների համար, բացի խաղաղության մրցանակից, որը կարող է շնորհվել
նաև կազմակերպություններին: Մի գիտության բնագավառում մրցանակը կարող է կիսվել նաև
երկու աշխատությունների միջև, պայմանով, որ պարգևատրվողների թիվը չի գերազանցում երեքը:
Մրցանակը չի շնորհվում հետմահու, բացառություն կատարվում է այն դեպքում, երբ հանձնաժողովի
կողմից ընտրված հաղթողը մահացել է մրցանակաբաշխությունից կարճ ժամանակ առաջ: Եթե տվյալ
տարում գիտության բնագավառներից որևէ մեկում հանձնաժողովն արժանավոր թեկնածու չի գտնում՝
այդ տարի պարգև կարող է և չհանձնվել. գումարը փոխանցվում է հաջորդ տարվա ֆոնդին: