Նյութը,
որն ընտրել եմ այս հոդվածում անդրադառնալու համար անշուշտ կհետաքրքրի ամենքիդ, թեև
դևին կամ չարքին ուրույն տեսանկյունից նկարագրելու իմ այս մոտեցումը գուցե տարօրինակ
թվա և անգամ երկիմաստ ընկալվի շատերիդ կողմից: Փիլիսոփայական ընկալման մեջ և կերպարվեստում
հանդիպող կերպարներում դևը յուրատեսակ գրավչություն է ձեռք բերել և հաճախ չի համապատասխանում
նրա մասին ունեցած մեր սարսափազդու պատկերացումներին:
Նախ ճշտեմ,
որ "դևը" կամ "դեմոնը" չի նույնացվում սատանայի հետ, ստուգաբանորեն
բառը նշանակում է "ոգի", բարի կամ չար՝ դա այլ հարց է: Անտիկ շրջանում առաջին հիշատակումը դեմոնի մասին պատկանում է Սոկրատեսին: Փիլիսոփան տարակուսանք էր
առաջացնում իր շրջապատում, երբ խոսում էր դեմոնի մասին, ով միշտ ներշնչում և ուղղորդում
էր իրեն: Իսպառ պարզ չէ, թե ինչպիսի էության հետ գործ ուներ Սոկրատեսը, բայց պետք է
որ անչափ զորավոր և իմաստուն արարած լիներ նա: Ձեր կյանքում հաճախ զգացած կլինեք, թե
ինչպես են չար կամ բարի ուժերն աներևույթ կերպով ուղղորդում ձեզ և բնավ պարտադիր
չէ, որպեսզի նրանք տեսանելի կերպով հայտնվեն ձեր առջև, որպեսզի համոզված լինեք դրանում:
Գրական բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնցում մարդուն իբրև ուղեկից կյանքում
հայտնվում է դեմոնը: Բավական է հիշել Գյոթեի "Ֆաուստը", Ջոն Միլթոնի "Կորուսյալ դրախտը", Բայրոնի "Կայենը" և Լերմոնտովի "Դեմոնը":