Friday, November 1, 2013

Աշունը ճապոնական պոեզիայում



  Եթե երբևէ դիտել եք ֆիլմեր կամ նկարներ Ճապոնիայի մասին, ապա կարող եք պատկերացնել աշնան գեղեցկությունը Ճապոնիայում: Թվում է՝ խոսքերով անկարելի է փոխանցել գետերի ու լճերի, դեղինի ու կարմիրի բազում երանգներով շողացող անտառների ու բլուրների կուսական գեղեցկությունը, բայց ճապոնացի բանաստեղծներին այնուամենայնիվ հաջողվել է դրոշմել աշնան այս չքնաղ պատկերները համառոտ տողերում:
  Ճապոնական պոեզիայում առանց ավելորդ պաճուճանքների ներկա են և՛ բնությունը, և՛ երաժշտությունը, և՛ ճապոնական ավանդական կրոնից՝ սինտոիզմից բխող բնապաշտական պատկերացումները: Քանի որ անհնարին է մեկ հոդվածով սպառել այս ընդգրկուն թեման, խոսենք միայն "հայկու" եռատողերի մասին: Այո, սրանք այն համեստ եռատողերն են, որոնք կարող են ծիծաղ հարուցել ընթերցողի մոտ՝ առաջին հայացքից անկապակից ու ոչինչ չասող բովանդակության պատճառով, բայց մտքում ստեղծված պատկերների վերլուծումը և հեղինակին ապրումակցումը օգնում է բացահայտել քիչ թվով բառերի ետևում թաքնված փիլիսոփայական իմաստը:

  "Հայկու"-ն կամ "հոկկու"-ն ճապոնական պոեզիայում XIV դարում սկզբնավորված բանաստեղծական ժանր է (այս ժանրում ստեղծագործող բանաստեղծը "հայդզին"-ն է): Ինքնին հասկանալի է, որ հայկու եռատողը ենթարկվում է տաղաչափության որոշակի կանոնների, թեև երբեմն շեղումներ թույլ տրվել են տարբեր հեղինակների կողմից: Դասական հայկուն բաղկացած է 17 վանկից, որոնք կենտրոնական (հատող) բառով կիսվում են 5:12 կամ 12:5 հարաբերակցությամբ: Հայկուն եռատողի է վերածվել միայն արևմտյան աշխարհի լեզուներով թարգմանության մեջ, իսկ բնագրում այն հիերոգլիֆների սյունակ է:


  Հետաքրքրական է, որ ավանդաբար հայկու բանաստեղծության մեջ պետք է պարտադիր նշված լինի տարվա եղանակը, այսինքն այն կարելի է բանաստեղծության "եղանակային" ժանր համարել: Հայկուի նյութ կարող է դառնալ բնության ցանկացած պատկեր, որն այս կամ այն կերպ առնչվում է մարդու կյանքի հետ, ըստ որում այդ ամենը շարադրվում է ներկա ժամանակում: Թեև հայկուն զուրկ է արևմտյան պոեզիային բնորոշ արտահայտչամիջոցներից և այս բանաստեղծություններն անգամ անվանումներ չունեն, բայց կարծում եմ ժանրի հանճարեղությունը հենց սեղմ ծավալում մեծ բովանդակություն փոխանցելու մեջ է: Համաձայնեք, որ ընդամենը մի քանի բառով հոգեվիճակ փոխանցելը հեշտ գործ չէ: Հատկանշական է, որ ճապոներենով լույս տեսնող հայկու ժողովածուներում ամեն բանաստեղծական տողը տպվում է առանձին էջի վրա, որպեսզի ընթերցողը կարողանա, մի պահ կտրվելով ամեն ինչից, խորհել գրվածի մասին:
  Ստորև ձեզ եմ ներկայացնում հայկու ժանրի ամենանշանավոր բանաստեղծ Մացուո Բասյոի և այլ հեղինակների աշնան հայկուներից կատարած իմ ծաղկաքաղ թարգմանությունը.

Ա՜խ, եթե աշնան քամին
Այնքան թափված տերևներ բերեր,
Որպեսզի տաքացներ բուխարին...

*  *  *
Փոթորկում է աշնան քամին...
Ուր-որ է կսրբի երկնքից
Նոր ծնված լուսնին...

*  *  *
Աշնանային լուսինը
Կապույտ երկնքում
Սոճի է նկարում տուշով...

*  *  *
Օ՜ թխկենու տերևներ...
Դուք չվող թռչունների
Թևերն եք այրում...

*  *  *
Աշնան լուսին...
Ա՜խ, եթե ես վերստին կարենայի ծնվել
Իբրև բլրի գագաթին աճող սոճի...

*  *  *
Ինչպե՜ս է սուլում աշնան քամին...
Այն ժամանակ միայն կհասկանաք իմ տողերը,
Երբ գիշերեք բաց դաշտում...

*  *  *
Աշնանն էլ է ցանկանում ապրել այս թիթեռնիկը...
Տե՛ս, խմում է անհագ
Խրիզանթեմի վրա հայտնված ցողը...

*  *  *
Թառամեցին աշնանը ծաղիկները...
Թափվում ու ցրվում են սերմերը,
Ասես արցունքներ լինեն...

*  *  *
Ծանրումեծ քայլերն է փոխում կռունկը
Նոր հնձված հասկերի վրայով...
Աշուն է գյուղում...

*  *  *
Ամայի հեռվում կարմիր-կարմիր արև...
Բայց աշնան քամին
Սառնություն է շնչում անխնա...

*  *  *
Այլևս երբեք նա թիթեռ չի դառնա...
Զուր դողում է թրթուրը
Աշնան քամուց...

*  *  *
Տերևները թափվել են արդեն...
Ողջ աշխարհը միագույն է,
Միայն քամին է գվվում...

*  *  *
Այգում ծառեր են տնկել...
Նրանց ոգեշնչելու համար
Կամացուկ շշնջում է աշնան քամին...

*  *  *
Սառնաշունչ փոթորկին հագեցնելու համար բույրով
Ուշ աշնանը կրկին
Բացվել են ծաղիկները...

*  *  *
Ամպը կախվել է արևի վրա...
Շեղակի թռչում են ահա
Չվող հավքերը...

*  *  *
Ընկերների զրույցը
Հեռու է վանել և ջախջախել է
Աշնան մառախուղը...

*  *  *
Ինչո՞ւ ես այս աշնանը
Այսպես ուժգին զգացի ծերությունը...
Ամպեր և թռչուններ...

*  *  *
Տերևն ընկնում է տերևի վրա...
Թափվել է ամեն բան
Եվ անձրևն ապտակում է անձրևին...

*  *  *
Աշնանային փոթորկի պոռթկում...
Ինչպե՜ս է դողում ու թրթռում
Բաղեղի յուրաքանչյուր տերևը...

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.