Tuesday, July 22, 2014

Ալեքսեյ Լոսև . Երաժշտության փիլիսոփայության հիմնական հարցը


  Հարց է ծագում. ի՞նչը մենք պետք է համարենք երաժշտական պատկերավորման նյութ: Ի՞նչ ենք մենք իրականում լսում, երբ ընկալում ենք երաժշտական ստեղծագործությունը:
  Դեռևս աշակերտական սեղանից գիտենք, որ ձայնը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ օդային միջավայրի որոշակի տատանում: Մեզ անգամ տարբեր թվային հարաբերակցություններ են սովորեցնում, որոնք բնութագրում են այս կամ այն ձայնը: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ երաժշտություն լսելիս մենք ընկալում ենք օդային միջավայրի տատանումները և մեր մտքում պատկերացնում ձայնային ալիքների մեծությունը կամ ծավալը: Իհարկե՝ ոչ, նման բաներ մենք երաժշտությունից չենք ընկալում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեինք կարծել, որ երաժշտությունը կարող են ընկալել միայն ֆիզիկոսները: Կարող եք հիանալի երաժիշտ լինել և ոչինչ չհասկանալ ձայնային ալիքների տատանումից, և կարող եք հանճարեղ ֆիզիկոս լինել, բայց ընդհանրապես չընկալել երաժշտությունը:
  Հայտնի է, որ ձայնային զգայություն ստանալու համար ձայնային ալիքները պետք է ականջի խոռոչ թափանցեն և դիպչեն ձայնաթաղանթին: Մի՞թե երաժշտության մեջ պատկերվում է մեր ականջը, կամ ձայնաթաղանթը, կամ թե ինչպես են ձայնային ալիքները բախվում ձայնաթաղանթին: Այս ֆիզիոլոգիան կրկին ոչ մի առնչություն չունի երաժշտության հետ, թեև փաստացի՝ երաժշտությունն ինքնին չի կարող գոյություն ունենալ ո՛չ առանց ֆիզիկայի, ո՛չ էլ առանց ֆիզիոլոգիայի: Սակայն, հարկ եմ համարում կրկնել, որ սիմֆոնիա լսելու ընթացքում մենք բնավ էլ չենք մտածում ականջի, ձայնաթաղանթի կամ դրան բախվող ձայնային ալիքների մասին: Հակառակ դեպքում ինչպե՞ս կերգվեին ժողովրդական եղանակները հասարակ մարդկանց կողմից, ովքեր երբևէ  ֆիզիկայի կամ ֆիզիոլոգիայի գրքեր չեն կարդացել:

  Այստեղ արդեն կարող են խոսք առնել հոգեբանները և ասել, որ, համենայն դեպս, առանց հոգեբանության անհնար է ընկալել երաժշտությունը: Եվ սա լիովին ճշմարիտ պնդում է, միայն թե այն բավարար պայման չէ երաժշտությունը ընկալելու, ստեղծելու և կատարելու համար: Այս փաստարկին ոմանք պատասխանում են. ինչ ուզում եք ասեք, բայց առանց ուղեղի չեք կարող ընկալել երաժշտությունը: Դե ի՞նչ՝ ճշմարիտ է ասված: Փաստացի՝ ուղեղն անհրաժեշտ պայման է երաժշտության և առհասարակ ամեն ընկալման համար, բայց հարցն այն է, թե ես իմ ուղեղի՞ն եմ լսում, երբ ընկալում եմ երաժշտությունը: Ակնհայտ է, որ՝ ոչ: Ուղեղը երաժշտության ընկալման անհրաժեշտ պայման է, բայց ոչ այն երաժշտական նյութը, որն ընկալվում է ուղեղի օգնությամբ: Բացի այդ, երբեմն հոգեբանություն ասելով, բացի գիտությունից հասկանում են նաև հոգեկան ապրումները: Իհարկե, առանց հոգեկան ապրումների նույնպես անկարելի է ընկալել երաժշտությունը: Արդեն հասկանալի է ամենքիդ, որ երաժշտության առաջացրած ապրումները սոսկ երաժշտական նյութի ընկալման պայման են, բայց ոչ բուն նյութը: Տարբեր ապրումներ ու զգացողություններ կարող եք ունենալ երաժշտություն լսելիս, գուցե այդ ժամանակ ձեր փորը կամ ատամն է ցավում, ուրեմն՝ ի՞նչ է ստացվում, այս ապրումները նո՞ւյնպես երաժշտական նյութի մաս են կազմում: Եթե խոսում ենք հոգեբանության և հոգեկան ապրումների մասին, եկեք հիշենք, որ երաժշտություն ուսանած կամ երաժշտությանն անտեղյակ, առողջ կամ զգայապատրանքներ ունեցող մարդը տարբեր կերպ են ընկալում երաժշտությունը: Եվ ընդհանրապես, սրանցից ո՞րն է նախորդում մյուսին՝ երաժշտական նյո՞ւթը, թե՞ երաժշտական ապրումը:
  Եթե ես գիտեմ, թե ինչ է ֆուգան*, ապա կարող եմ վստահ դատել այն մասին, թե ինչպես կընկալեն ֆուգայի իմ կատարումը ունկնդիրները և թե ինչպես պետք է գրեն այն իմ աշակերտները: Թե ի՞նչ է ֆուգան, ես պետք է գիտենամ նախքան դաշնամուրին իմ աշակերտների մոտենալը և նրանք պետք է գրեն ու կատարեն ֆուգան իմ բացատրությունները ստանալուց հետո միայն:


  Հաճախ ենք լսում, որ երաժշտությունը սոցիոլոգիական երևույթ է, այսինքն՝ հասարակական, պատմա-հասարակական կամ տեսական-հասարակական: Անկարելի է հերքել այս փաստը: Չէ՞ որ ցանկացած արվեստ իրագործվում է հասարակության մեջ: Տարբեր պատմական դարաշրջաններում ընկալումները տարբեր են եղել ոչ միայն երաժշտության, այլև գույների, մարդու արտաքին տեսքի, սնունդի պատրաստման և շատ այլ հարցերում և անվիճելի է, որ երաժշտությունը նույնպես սոցիալական բնույթ ունի: Բայց կրկին ու կրկին պետք է ասենք, որ հասարակությունը երաժշտարվեստի գոյության պայմանն է, բայց ոչ նյութը: Իհարկե, կարելի է "Ռոբեսպիեր" անվանմամբ ուվերտյուր (նախանվագ) գրել, Չայկովսկին հիանալի երաժշտական ստեղծագործություն է թողել մեզ՝ "1812", Բորոդինը՝ "Իշխան Իգորը", Մուսորգսկին՝ "Բորիս Գոդունովը", որոնք բոլորն էլ առնչություն ունեն հայտնի պատմական անցքերի հետ, բայց վերջիններիս անտեղյակ մարդը լսելով այս երաժշտական ստեղծագործությունները, դժվար թե պատկերացնի, որ դրանք պատմական կամ առասպելական կերպարների ու իրադարձությունների ներկայացում են: Օրինակ, հայտնի է, որ Բեթհովենն իր 3-րդ սիմֆոնիան գրելիս ոգեշնչվել է Նապոլեոնի կերպարով, իսկ իր հայտնի տրիոն Չայկովսկին ձոնել է Ռուբինշտեյնի հիշատակին: Մարդիկ լսում են այս երաժշտությունը, այն նրանց շատ է դուր գալիս, իսկ Նապոլեոնն ու Ռուբինշտեյնը նրանց մտքով էլ չեն անցնում:
  Այսպիսով, ֆիզիկան, ֆիզիոլոգիան, կենսաբանությունը, հոգեբանությունը, սոցիոլոգիական կամ պատմությունը ուսումնասիրում են միայն երաժշտական նյութի ստեղծման կամ ընկալման պայմանները, բայց չնչին չափով անգամ չեն բացահայտում բուն երաժշտական նյութը:

  Ուրեմն՝ ի՞նչն են մարդիկ երաժշտություն անվանում և ի՞նչպես է այն ներգործում մարդկանց վրա: Թեև երաժշտությունը զուրկ է վերը նշված գիտությունների հստակ կառուցվածքայնությունից և բաժանումներից, սակայն իրական հրաշքներ է գործում: Երաժշտական ֆենոմենը ապրվում է բոլոր մարդկանց կողմից: Երաժշտություն լսելիս մարդիկ սկսում են վերհիշել հին իրադարձություններն ու տեսարանները, նրանց մեջ տիեզերական գեղեցկության շող է ծագում և նրանք մերթ ժպտում են երանության մեջ, մերթ լաց լինում: Բայց ինչո՞ւ և հանուն ինչի՞: Պատճառն այն է, որ նույնիսկ երբեք հավերժության մասին չխորհած մարդը, ով չի կարողանում հասկանալ հավիտենականը վերջավորի լույսի ներքո կամ վերջավորը՝ հավիտենականի, երաժշտություն լսելիս հանկարծ սկսում է զգալ դրանց միությունն ու անբաժանությունը և սկսում է խորհել դրա մասին...

* ֆուգա (լատ.՝ fuga - վազք, փախուստ) - բարդ իմիտացիոն պոլիֆոնիկ երաժշտական ձև, որը հիմնված է բոլոր ձայներում մեկ կամ մի քանի թեմաների բազմակի անցկացումների և զարգացման վրա:

Հատվածական թարգմանություն (Վ.Ա.)
Աղբյուր՝ А.Ф. Лосев "Философия, Мифология, Культура", Москва, 1991

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.