Wednesday, June 6, 2012

Երջանկության խնդիրը Արիստոտելի "Նիկոմաքյան բարոյագիտության" մեջ



Երջանկությունը կախված է մեզանից...
                                                                    Արիստոտել

    "Նիկոմաքյան բարոյագիտություն"-ը, որի պատկանելիությունը Արիստոտելի գրչին չի վիճարկվում ի տարբերություն բարոյագիտական մյուս երկու երկերի՝ "Եվդեմյան բարոյագիտության" եւ "Ընդհանուր բարոյագիտության", Արիստոտելի փիլիսոփայական դպրոցում ներկայացված դասախոսությունների շարք է ներկայացնում, որն ամենայն հավանականությամբ ձոնվել է փիլիսոփայի որդուն՝ Նիկոմաքոսին: Հիշյալ երկի տաս գլուխներում Արիստոտելի առաջ քաշած խնդիրները բազմազան են, սակայն մենք կցանկանայինք առանձնացնել մարդկային երջանկության խնդրի շուրջ փիլիսոփայի դատողությունները:
     Ըստ Արիստոտելի՝ մարդը բնությամբ սոցիալական կենդանի էակ է, հետեւաբար մարդ արարածին ուսումնասիրելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա քաղաքականությանն ու բարոյականությանը: Այս ամենի ետեւում թաքնված շարժող ուժը որոշ "բարիքի" հասնելու մարդկային ձգտումն է: Այսինքն այն բարիքի, որը մեր կյանքը կարող է դարձնել երջանիկ, հաջողակ եւ ուրախ: Այստեղ մի բարդություն է առաջանում, որն ընդգծում է Արիստոտելը՝ երջանկության ընկալումը: Որո՞նք են այն չափորոշիչները, որոնք թույլ են տալիս մարդուն երջանիկ համարել. վայե՞լքը, հարստությո՞ւնը, փա՞ռքը, առողջությո՞ւնը, գիտելի՞քը, թե այլ մի բան: Սրանցից յուրաքանչյուրը խոսում է մարդկանց կողմից երջանկության տարբեր ընկալումների գոյության մասին, սակայն հստակ է, որ "գերագույն բարիքը" չի կարող ձեռք բերվել մարդու կողմից այս պարագաներից եւ ոչ մեկի միջոցով, որովհետեւ մարդու հարստությունը կամ փառքը կախված են ուրիշներից, իսկ այդ դեպքում նա չի կարող ինքնաբավ ու իսպառ երջանիկ լինել: Արիստոտելի կարծիքով գերագույն բարիքը մարդու գիտակից եւ հայեցողական կեցությունն է, որը դրսեւորվում է բոլոր պարագաներում եւ իրավիճակներում. օրինակ՝ ժամանակի նկատմամբ այդ գերագույն բարիքը կիրառելիս ստանում ենք բարեպատեհ առիթ մեր գործերի համար, ունեցվածքի եւ կարիքների դեպքում՝ չափավորություն եւ այլն:
   Այնուամենայնիվ բոլոր բարիքների նկատմամբ մարդկային ձգտումները միավորվում են մի ընդհանուր վերջնական "բարիքի" որոնման նպատակի մեջ: Բոլորն են ձգտում այս գերագույն բարիքին, որը եւ երջանկությունն է, բայց հաճախ կանգ են առնում ճանապարհին եւ կյանքում մասնավոր մի բան ձեռք բերելով կարծում են, թե արդեն հասել են երջանկությանը, բայց իրականում այն հեռու է նրանցից: Միեւնույն ժամանակ հանդիպող ժամանակավոր թերությունները երբեք չպետք է մեզ բերեն այն համոզմանը, թե մեր կյանքը երջանիկ չէ: Արիստոտելը բերում է հետեւյալ օրինակը` Պրիամոսին չի կարելի դժբախտ համարել պարզապես որովհետեւ նրա կյանքի վերջին տարիներն անցել են պատերազմների մեջ, որոնց ավարտին եւ սպանվել է Աքիլլեսի որդու՝ Նեոպտղոմեոսի կողմից (տե՛ս նկարը):


    Մարդիկ կարող են իրենց համար երջանկությունը սահմանել հետեւյալ կերպ. ա) անդադար վազք հաճույքների ետեւից, որը կարելի է նմանեցնել կենդանական կեցությանը, բ) մարդկանց կողմից սպասվող պատիվներն ու հաջողակությանը նույնպես չեն կարող ներկայացնել երջանկությունը, որովհետեւ ամբողջովին կախված են շրջակա աշխարհից, գ) հարստությունը բազմապատկելու ջանքերը կրկին երջանկության չեն տանում, որովհետեւ երբեք ինքնաբավության չեն հանգեցնում: Արիստոտելի սահմանմամբ՝ երջանկությունը էներգիա է, շարժում, ընթացք, գործող ուժ, բանականությամբ առաջնորդվող հոգու առաքինության դրսեւորում մինչեւ կյանքի վերջին պահը: Առաքինությունը՝ մեր հոգու ազատ ընտրությամբ սովորության վերածված բարոյական կատարելությունը, մեզ թույլ է տալիս դրսեւորել կյանքի հանդեպ բոլոր ցանկությունները, բայց բանականության կողմից վերահսկվող կերպով: Առաքինության ճանապարհով կյանքի ընթացքը մեզ առաջին հերթին չափավորություն է պարգեւում, այն "ոսկե միջինը" (aurea mediocritas), որն այնքան անհրաժեշտ է հոգեկան հավասարակշռության եւ երջանկության հասնելու համար: Կյանքում որդեգրված ոսկե միջինին հետեւելու սկզբունքն է, որ մարդուն ետ է պահում ծայրահեղություններից ու կործանումից. օրինակ՝ առատաձեռնությունը շռայլության եւ ժլատության միջեւ գտնվող որակն է, խիզախությունը՝ անխոհեմության եւ վախկոտության եւ այլն: Մյուս կողմից, առաքինությանը հակառակ որակները՝ դաժանությունը, անխոհեմությունը, անկառավարելիությունը, ցանկասիրությունը եւ մյուսները աստիճանաբար ավելի ու ավելի հեռու են վանում մարդուն գերագույն բարիքի ձեռքբերումից: "Ոսկե միջինի" այս հայեցակարգը լայնորեն կիրառվել է միջնադարյան եւ արդի շրջանի փիլիսոփաների երկերում, ինչպիսիք են Թովմա Աքվինացին, Նիկոլո Մաքիավելին, Ֆրենսիս Բեկոնը, Թոմաս Հոբսը, Հանս-Գեորգ Գադամարը եւ ուրիշներ:


   Երջանկության խնդրում եւս մի կարեւոր տարբերակում է կատարում Արիստոտելը՝ զանազանելով հաճոյապաշտ կենսակերպը հաճույքով ապրվող կյանքից: Արիստոտելը չի մերժում հաճույքը, որովհետեւ մեր գործողությունների ու արարքների շարժող ուժը հենց հաճույքն է: Այն ինքնին ոչ բարի է եւ ոչ էլ չար, անգամ վիճակ էլ չէ, այլ պարզապես գործողություն, էներգիա եւ նպատակ: Հետեւաբար գերագույն բարիքի ձգտումը հեշտությամբ կարող է հաճույքով ուղեկցվել: Հաճույք մենք զգում ենք մեր շատ ձեռնարկների հաջող ավարտից հետո, սակայն երջանկությունը կենսական կատարելության հասնելու հաճույքն է:  Սրան հասնելու համար ցանկությունն ու բանականությունը պետք է համադրված գործեն, ինչին օգնում են մտավոր առաքինությունները՝ գիտությունների, արվեստների ուսումնասիրությունը եւ ներհայեցողությունը:
    Ցանկացած բան մեր կողմից գործվում է երեք պատճառով՝ կամ հաճույքի, կամ օգուտի եւ կամ էլ ինքնին բարիք համար: Եվ միայն երրորդ տարբերակն է, որ մարդուն հարմոնիա է պարգեւում աշխարհի, շրջակա մարդկանց եւ իր անձի հետ: Այս իրողությունը հասկանալու ամենադիպուկ օրինակը մարդկային բարեկամությունն է, որ միայն զուտ բարիքի վրա հիմնված լինելու դեպքում կարող է կատարելության հասցնել եւ մեզ եւ հասարակությանը:
Երջանկությունը կամ գերագույն բարիքը երբեք վերացական չեն, որպեսզի ձգտեինք ու ձեռք չբերեինք այն, այլ միշտ կոնկրետ ու իրական են: Եվ մարդը պետք է ձեռք բերի այդ բարիքը առավելագույն չափով, ստանալով երջանկություն կատարելությանը անսահման ձգտելու ճանապարհին: Ահա այսպես է պատկերացնում Արիստոտելը մարդուն տրվող երջանկությունը՝ ամփոփելով իր գաղափարները հետեւյալ մտքում.

Մենք այն ենք, ինչ անում ենք եւ ինչին ձգտում ենք մշտապես... հետեւաբար կատարելությունը գործողություն չէ, այլ կենսակերպը բնորոշող մղում եւ որակ... 



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.