Monday, June 10, 2013

Փիլիսոփաների սրտակերը. Լու Սալոմե


Այս ռուս կինը խորաթափանց է ինչպես արծիվ, զորեղ՝ առյուծի պես
և միևնույն ժամանակ չափազանց կանացի է...
Ֆրիդրիխ Նիցշե

  Այս հոդվածը նվիրված է մի կնոջ, ով իր մտավոր և անձնային որակներով, անկոտրում կամքով կարողացել է սևեռել իր վրա ժամանակի խոշոր մտածողների ուշադրությունը: Դժվար թե գտնվեր մի տղամարդ, ով ծնկի չգար նրա ուժի առջև: 20-րդ դարասկզբի գերմանացի գրող Կուրտ Վոլֆի բնորոշմամբ. "Վերջին 150 տարիների ընթացքում ոչ մի ուրիշ կին այնքան մեզ ազդեցություն չի ունեցել գերմանախոս շրջանակների վրա, որքան Լու ֆոն Սալոմեն": Վերջինս մեծ ազդեցություն է գործել հատկապես Ֆրիդրիխ Նիցշեի վրա, ինչին դեռ մենք կանդրադառնանք:

  Լու Անդրեաս-Սալոմեն (1861-1937թթ.) ծնվել է Պետերբուրգում, գերմանական արմատներով ազնվականի ընտանիքում: 1880թ.-ին ուղևորվելով Շվեյցարիա և Իտալիա՝ Սալոմեն հայտնվում է ժամանակի ուսյալ կանանցից Մալվիդա ֆոն Մայզենբուրգի սալոնում, ով սերտ հարաբերությունների մեջ էր Գարիբալդիի, Նիցշեի և Վագների հետ: Երիտասարդ աղջիկը շշմեցնող տպավորություն է թողնում ամենքի վրա: Իրար ետևից ամուսնության առաջարկներ էին տեղում նրա վրա, բայց Սալոմեն սառնասրտորեն մերժում էր դրանք: 1882թ.-ին Նիցշեն ծանոթանում է նրա հետ ընդհանուր բարեկամի՝ Պոլ Ռեյոյի շնորհիվ: Սալոմեն իր հիշատակարանում նշում է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ Նիցշեն ասել է. "Ո՞ր աստղերն արդյոք հանդիպեցրին մեզ": Այս բարեկամությունը վերաճում է այսպես կոչված "մտավորականների եռյակի", ինչպես տեսնում եք լուսանկարում (1882թ.): Արդեն հասկանալի է, թե ինչպիսի իշխող դիրք ուներ այս հարաբերության մեջ 21-ամյա Սալոմեն, ով հաջողեցրել էր այսպես լծել երկու փիլիսոփաներին և մտրակով կառավարել նրանց:


  Թեև Ռեյոյի և Նիցշեի կողմից ամուսնության առաջարկները Սալոմեն մերժել էր, բայց համատեղ ճամփորդությունների և գիտական զրույցների ընթացքում մտերմությունն աստիճանաբար սերտանում էր և Նիցշեի համար Սալոմեն երկար ժամանակ մուսա է հանդիսացել: Նիցշեն անդադար կրկնում էր, որ Սալոմեն իրեն հանդիպած մարդկանցից ամենախելացին է և համարում էր նրան իր փիլիսոփայության մարմնավորում, անգամ նրա բանաստեղծությունների համար երաժշտական կոմպոզիցիա է մշակում, որն անվանում է "Ձոն կյանքին": Նիցշեագետները հակված են կարծելու, որ Նիցշեի "Այսպես խոսեց Զրադաշտը" գաղափարապես և գրական հորինվածքի առումով մեծապես ազդված է Սալոմեից: Երեք մտավորականների համակեցությունը թեև ծառայեց նրանց ստեղծագործական վերելքին, բայց Նիցշեն աստիճանաբար հիվանդագին լարվածության մթնոլորտ էր ստեղծում: Նա խանդի մոլեգին պոռթկումներ էր ունենում, չէր ցանկանում կիսել Լուին ո՛չ Ռեյոյի, ո՛չ մեկ ուրիշի հետ: Վերջիվերջո այս ընկերական դաշինքը կազմալուծվեց:
  Նիցշեի և Սալոմեի հարաբերությունների խզման պատճառ է դառնում նաև Նիցշեի քրոջ՝ Եղիսաբեթի, Սալոմեի հանդեպ ագրեսիվ և թշնամական կեցվածքը: Նա անվանում էր Սալոմեին "արնախում գիշատիչ" և փորձում էր դուրս քաշել եղբորը նրա ցանցից: Փաստորեն, քրոջ մտահոգությունն անտեղի չէր. մի քանի տարի անց Ռեյոն իրեն զառիթափից ցած նետեց Շվեյցարիայում, իսկ Սալոմեի անհույս փեսացուներից մի քանիսն ինքնասպանության փորձեր կատարեցին:
  Վերջիվերջո Նիցշեի աչքերից շղարշը վայր է ընկնում և նա անասելի դառնությամբ է լցվում Սալոմեի հանդեպ, սկսելով անվանել նրան "բացարձակ չարիք": Ահա թե ինչ է գրել նա Սալոմեին իր վերջին նամակներից մեկում. "Ես լքում եմ քեզ բացառապես քո սարսափելի բնավորության պատճառով: Ես չեմ ստեղծել աշխարհը, ես չեմ ստեղծել Լուին, բայց եթե ես ստեղծելու լինեի քեզ՝ մի քիչ սեր կտայի քեզ իմ հանդեպ...": Բաժանումից հետո սրտնեղած և աշխարհում իր տեղը չգտնող փիլիսոփան դառնության պահին ասել է իր հայտնի մտքերից մեկը, որը վստահաբար հասցեագրված է Սալոմեին. "Գնում ես կնոջ մոտ՝ մտրակը չմոռանաս վերցնել":
  Սալոմեի հաջորդ զոհը մոդեռնիստ գրող և փիլիսոփա Ռայներ Ռիլկեն էր, ով անդադար սիրային բանաստեղծություններ էր ձոնում նրան, հրաժարվում էր ամեն ինչից նրա կողքին լինելու համար, անգամ փոխեց իր անունը (Ռենե) հետևելով նրա հորդորին՝ բայց զուր: Սալոմեն հեռացավ նրանից, այս անգամ հարաբերություններ սկսելով Զիգմունդ Ֆրեյդի հետ, ով երկար տարիներ նրան մասնակից էր դարձնում իր հոգեվերլուծության պարապմունքներին և նույնպես հիացած էր նրանով:
  Ամուսնանալու որոշումն անգամ Սալոմեն կայացրեց իմիջիայլոց. կապելով իր կյանքն արևելագետ Ֆրիդրիխ Կարլ Անդրեասի հետ: 40 տարվա համատեղ կյանքի ընթացքում նա այդպես էլ ամբողջովին չտրվեց նրան, ինչի պատճառով Անդրեասը ինքնասպանության փորձ կատարեց՝ իր կուրծքը դանակ խրելով: Զարմանալի է, բայց ամուսնական պայմանագրում հատուկ կետ էր մտցված, որ նրանց ամուսնական հարաբերությունները զուտ պլատոնական բնույթ են կրելու: Այս կնոջ կյանքը փաստորեն անցավ կղզիացած վիճակում, նա չունեցավ լիարժեք ընտանիք, զավակներ:
  Այս ամենին հետևյալ բացատրությունն է տալիս շվեյցարացի հոգեվերլուծաբան Պոլ Բյերը. "Նա կարող էր հափշտակվել իր կողքին ներկա անձով միայն ինտելեկտուալ առումով, բայց երբեք իր հոգին չէր դնում այդ հարաբերության մեջ: Չի կարելի ասել, որ նա սառցասիրտ էր, բայց ունակ չէր հուզականորեն տրվելու դիմացինին: Հավանաբար, սրանում էր պարունակված նրա կյանքի ողբերգությունը: Նա ուղիներ էր փնտրում ազատվելու իր իսկ ուժեղ անձնավորությունից, բայց ապարդյուն: Բառիս բուն իմաստով՝ Լուն չկարողացավ կայանալ որպես կին...":

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.