Քրիստոնեությունը
լինելով համաշխարհային կրոն, վիճակագրական տվյալներով իրականում գտնվում է փոքրամասնության
մեջ և՛ գլոբալ ներկայացման մեջ, և՛ առանձին երկրների կտրվածքով: Սա թուլություն չէ,
այլ բխում է հենց քրիստոնեության բնույթից: Ճշմարիտ քրիստոնեությունը կամ Եկեղեցին
միշտ էլ փոքրամասնության մեջ են եղել և՛ առաքելական շրջանում, և՛ միջնադարում քրիստոնեության
հաղթարշավի ժամանակ, և՛ մեր օրերում: Ավետարանում տեսնում ենք, որ քրիստոնեական Եկեղեցին
ներկայացված է իբրև մարդկային հասարակության մեջ գտնվող մի փոքրիկ կղզյակ: Անգամ Իսրայելում
Հիսուս Քրիստոսի քարոզչության շրջանում չնչին մասը ընդունեց նոր խոսքը: Առաքյալները
և հետագա հարյուրամյակների քարոզիչները ջանք չխնայեցին աշխարհի ամենահեռավոր անկյուններում
քրիստոնեությունը տարածելու համար, սակայն ինչպես Ավետարանում է ասված. "Սակավ
են ընտրյալները" (Մատթ. 22:14): Ես մեջբերում եմ այս խոսքերը ոչ թե այն գոռոզամտությամբ,
թե քրիստոնյաներն ընտրյալ վերնախավ են կազմում և բնավ չեմ արհամարհում մյուս կրոնների
և հավատալիքների հետևորդներին, պարզապես ցանկացա ցույց տալ, որ քրիստոնեության հիմնման
օրից ի վեր ավետարանիչների կողմից հստակ գիտակցված էր այն իրողությունը, որ այդ հավատի
կրողը լինելու է մարդկության փոքրամասնությունը: