Showing posts with label ընդդիմություն. Show all posts
Showing posts with label ընդդիմություն. Show all posts

Friday, April 12, 2013

Հենրի Դեյվիդ Թորո - Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը



   Ամերիկացի գրող, հասարակական գործիչ և նատուրալիստ Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) 1849թ.-ին հրապարակված "Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը" ("Resistance to Civil Government" կամ "Civil Disobedience") էսսեում հայտնում է իր այն համոզմունքը, որ մարդիկ չպետք է թույլ տան իշխանություններին տիրել իրենց գիտակցությանը և չպետք է զիջումների գնան, որպեսզի զոհ չգնան քաղաքացիական անարդարությանը: Էսսեի հրապարակումից հետո Թորոն բացահայտ կերպով հրաժարվում է հարկերի վճարումից, ինչի համար և կարճ ժամանակով ազատազրկման է դատապարտվում: Ստորև բերում ենք հիշյալ երկի նախաբանի թարգմանությունը, ոչ թե ներկայիս ընդդիմադիր տրամադրություններին տուրք տալու, այլ պարզապես ամենքիդ օգտակար խորհրդածության հրավիրելու համար:

   - Ինձ չափազանց հոգեհարազատ է հետևյալ կարգախոսը. "Այն իշխանությունն է լավը, որն ամենակարճն է իշխում": Ես կցանկանայի, որ այս կարգախոսն իրագործվեր ավելի հաճախ ու սիստեմավորված կերպով: Եթե ավելի խորը դիտելու լինենք, այս միտքը, հավատացած եմ, մեզ կառաջնորդի հետևյալին. "Այն իշխանությունն է լավը, որն ընդհանրապես չի իշխում": Եվ երբ մարդիկ գիտակցեն նման իշխանություն ունենալու անհրաժեշտությունը, այն ժամանակ էլ կգա այսպիսի իշխանության ժամանակը: Իշխանություններն իրենց կատարյալ մոդելում լավագույն դեպքում՝ նպատակահարմար են, ինչը սակայն չի կարելի ասել գոյություն ունեցող գրեթե բոլոր (եթե ոչ բոլոր) իշխանական վարչակարգերի մասին: Մշտական բանակի պահպանման դեմ ցույցերը կարծում եմ պետք է ուղղել նաև իշխանական պաշտոնյաների մշտական բանակի դեմ: Մշտական բանակը մշտական իշխանության սոսկ մի ձեռքն է: Իշխանությունն ինքնին, լոկ մարդկանց կողմից իրենց կամքը կատարելու համար ընտրված միջոց է, որը հավասարապես հակված է խաբելու իր հրամանով գործող մարդկանց և խաբվելու նրանց կողմից: